«Եթե այսօր Տիգրանաշենը հանձնեն Ադրբեջանին, ապա Հայաստանի և Իրանի ճանապարհները կընդհատվեն». Ռուբեն Գալիչյան
Մայիսի 12-ին թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները մինչև այսօր ապօրինի գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Սկզբում նրանք Սյունիքի մարզի Սև լճի տարածքում էին առաջ եկել՝ մոտավորապես 3-3,5 կմ, այնուհետև՝ Գեղարքունիքի մարզում։ Այս ընթացքում տարբեր սադրանքների են դիմել, որի ժամանակ հայկական կողմն ունեցել է զոհեր և վիրավորներ։ Ի դեպ, թշնամին կրակում է նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ինչպես նաև հարակից դաշտերից գողանում է բնակիչների անասունները։
Այս ընթացքում, մասնավորապես, իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարություններ են հնչեցնում, որ Սև լճի 25-30 տոկոսն ադրբեջանական է եղել, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չեն սկսելու։
168.am-ի ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանն անդրադառնալով Սև լճի և առհասարակ հայկական գյուղերը սեփականաշնորհելու Ադրբեջանի նկրտումներին, նշեց՝ ըստ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցող քարտեզների, որոնք 1929 թվականին գծվել են, վավերացվել և երկրորդ անգամ էլ վավերացվել են 1969 թվականին, Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ սահմանն ուղղակի անցնում էր Սև լճի վերին փոքր մասով։
«Այսինքն՝ լճի մոտ 10 տոկոսն ընկնում էր Ադրբեջանի տարածքի մեջ, իսկ 90 տոկոսը կամ ավելին՝ Հայաստանի տարածքի։ Այսօր իրենք քարտեզ են գծել, կեղծելով այդ սահմանը և ամբողջ Սև լիճն ու նրանից հարավ գտնվող նույն չափ տարածության եղած լեռները բոլորը գցել են իրենց տարածքի մեջ՝ այդ քարտեզները տվել են իրենց զինվորներին՝ ասելով՝ սա է մեր սահմանը։ Մինչդեռ իրական սահմանը, որը Խորհրդային Միության ժամանակ եղել է, Սև լճի հյուսիսային մի փոքր շերտ իրենցն է եղել, մնացածը Հայաստանինն է եղել։ Այդ քարտեզները կան, գոյություն ունեն և վավերացված են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Եթե մեր զինվորներն ունենային, գուցե ունեն, այն պաշտոնական, վավերացված քարտեզը, որտեղ կա Հայաստանի ու Ադրբեջանի կնիքները, ապա դրանք ցույց կտան, թե սահմանները որտեղով են անցնում՝ Սև լճի վերևի հատվածի մի փոքր շերտով»,- նշեց Ռուբեն Գալիչյանը։
Քարտեզագրի խոսքով՝ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է տեղի ունենան այդ քարտեզներով, հենց դրանցով պետք է սկսվեն բանակցությունները, քանի որ կան տարբեր խնդիրներ, օրինակ, եղել են լճեր, որոնք ժամանակին ապօրինաբար հանձնվել են Ադրբեջանին, ինչը կարող է դառնալ միջազգային դատարանի խնդիր, քանի որ առանց տեղի ժողովրդին տեղեկացնելու՝ հանձնել են Ադրբեջանին։
Ըստ նրա, Ալիևը որևէ հիմք չունի, երբ հայտարարում է, թե «Զանգեզուրը ադրբեջանական պատմական հող է, Սևանն Ադրբեջանինն է», և այլն։
«Եկեք հիմնական խնդրին նայեք՝ Ադրբեջան անունով երկիր գոյություն չի ունեցել այս տարածաշրջանում մինչև 1918 թվականը, հետևաբար՝ ինչպե՞ս այդ երկիրը կարող էր պատմական հողեր ունենալ, երբ գոյություն չուներ։ Նրանք ասում են, թե աղվանների շառավիղն են, որոնք ժամանակին քրիստոնյա էին, իսկ իրենք մուսուլման են, իրենք տարբեր ցեղերի խառնուրդ են։ Այս տարածքը, որ ասում են, թե իրենցն է, այս մասին սկսել են խոսել դեռևս 1960-70-ականներից։ Ես չգիտեմ, թե այս ամենի դեմ մեր պատմաբանները լուրջ աշխատանքներ չեն տարել, բոլոր հոդվածները գրվել են Ադրբեջանի կողմից ու կեղծիքներով։ Ադրբեջանն իր ասածները տարբեր լեզուներով գրում ու աշխարհով մեկ տարածում է, իսկ մերոնք ժամանակին գրել են միայն հայերենով, երբեմն էլ՝ մի քանի հոդված ռուսերենով։ Սա աշխարհին այն ժամանակ հասանելի չէր, հենց այդ նպատակով էր, որ այս թեմայով գրված իմ գրքերն առաջինը գրում եմ անգլերենով, որ օտարին էլ հասանելի լինի։ 2004 թվականից գրքեր եմ հրապարակում այն մասին, որ Ադրբեջան չի եղել որևէ քարտեզում մինչև 1918 թվականը»,- հավելեց քարտեզագետը։
Շարունակելով՝ Ռուբեն Գալիչյանը նշեց, որ Ադրբեջանը Պարսկաստանի Ատրպատական նահանգն է, 1918 թվականին նրանք այդ անունը յուրացրեցին, որպեսզի ապագայում անեն այն, ինչ այժմ անում են։
«Գորիսից Շուռնուխ և Կապան գնացող ճանապարհը 1929 թվականից հետո մաս առ մաս տրվել է Ադրբեջանին, այսինքն՝ Հայաստանի ճանապարհի մի մասը՝ Ադրբեջանի, մի մասը՝ Հայաստանի միջով է անցնում, և 8-10 տեղով ճանապարհը հատվում է այս ու այն կողմ։ Այս ամենը եղել է սովետական տարիներից սկսած, որի դեմ մեր իշխանությունները չեն բողոքել, եթե նայեք Խորհրդային Միության 1929, 1969, 1984 թվականի տպած քարտեզները, ապա կտեսնեք, որ այն ժամանակվանից այդ սահմանը տրվել էր Ադրբեջանին։ Խորհրդային Միության ղեկավարն ինչպե՞ս կարող է իր երկրի հանրապետությունների հողերի այսպիսի բաժանումներ անել, սա անհասկանալի է ամբողջովին։ Այս ամենը մեկ նպատակ է հետապնդել՝ ամեն ինչի հսկողությունը տալ Ադրբեջանին, ինչպես անկլավներն են, որոնք հիմնված են մեր մայրուղիների վրա, որպեսզի Ադրբեջանը կարողանար ցանկացած ժամանակ դրանք փակել։
Եթե այսօր Տիգրանաշենը հանձնեն Ադրբեջանին, ապա Հայաստանի և Իրանի ճանապարհները կընդհատվեն, քանի որ այդ ճանապարհը միակն է, որով բեռնատարները գնում են, հենց այս նպատակով էլ Խորհրդային Միության կողմից այն տրվել էր Ադրբեջանին՝ ասելով, որ այստեղ պետք է ապրի ադրբեջանաբնակ ժողովուրդ։ Շատ լավ, եթե այդպես էր, ուրեմն Արցախում ապրում էին հարյուր հազար հայություն, ուրեմն՝ Արցախը պետք է պատկաներ Հայաստանին՝ հայկական անկլավ պետք է լիներ, այլ ոչ թե ինքնավար մարզ։ Խորհրդային Միության ասածների ու արածների մեջ շատ հակասություններ կան»,- ընդգծեց Ռուբեն Գալիչյանին։
Անդրադառնալով «Մեղրիի միջանցքի» վերաբերյալ, հատկապես՝ Ադրբեջանի նախագահի պարբերաբար հնչեցվող հայտարարություններին՝ Ռուբեն Գալիչյանն ասաց, որ եթե Հայաստանն իր մեքենաներով Նախիջևանով պետք է կարողանա անցնել ու հասնել Իրան, հետևաբար՝ այն չի կարող միջանցք լինել։
«Սրանով իրավունք է տրվում օգտագործել Նախիջևանի ճանապարհը, այսինքն՝ ադրբեջանական բեռնատարները կարող են Հայաստանի տարածքը հատել ու գնալ Նախիջևան, բայց սա միջանցք չէ, սա իրենց չի պատկանում, այսինքն՝ այդ ճանապարհը պատկանում է մեզ։ Հայաստանն իրավունք է տալիս, որ այդ մեքենաներն իր ճանապարհով անցնեն։ Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում «միջանցքի» մասին որևէ բան չկա։ Ադրբեջանը պետք է կարողանա ապահովել մեր մեքենաների անվտանգությունը, եթե ի վիճակի չեղավ ապահովելու, ուրեմն՝ իր մեքենաները չեն կարող օգտվել մեր ճանապարհից՝ անցնել մեր տարածքով։ Երբ Ադրբեջանն ապօրինի քայլ է անում, մենք աշխատում ենք օրենքով առաջնորդվել, սա ճիշտ չեմ համարում։
Անցնող օրը Սոթքում կրակոցներ եղան, կրակոցների ընթացքում Ադրբեջանի կողմից մեքենան եկել էր, որ վիրավորին տաներ, մերոնք կրակը դադարեցրել էին, ինչո՞ւ, այն դեպքում, երբ Ադրբեջանը ռմբակոծում էր Ստեփանակերտի հիվանդանոցը՝ չդադարեցրեց։ Իրականությունն այն է, որ Ադրբեջանը պատերազմի հենց առաջին օրվանից իրականացնում էր ապօրինի քայլեր, մենք չպետք է չզիջենք, շատ ենք զիջում, ապօրինի մարդու հետ չես կարող օրենքով շարժվել։ Մեր գործողությունները միշտ զիջողական են, մենք՝ հայերս, ամեն ինչին ուշացած ենք անդրադառնում, ուշ ենք քայլեր անում»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։