Անկարայի դեսպանատուն՝ Երևանո՞ւմ․ Ինչի՞ է նախապատրաստվում Փաշինյանը
«Բեկում է հասունանում հայ-թուրքական հարաբերություններում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող վերջին ամիսների և հատկապես օրերի իրադարձություններին, Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան, կամ ավելի լայն՝ Իրան-Հայաստան ճանապարհի արգելափակմանն ու Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարություններին, որոնցից հետո ճանապարհն արգելափակվեց։
Հիշեցնենք, որ նախօրեի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մի շարք ադրբեջանահաճո հայտարարություններ արեց, օգտագործելով սահմանային հատվածում գտնվող գյուղերի ադրբեջանական տեղանուններ:
Նա մասնավորապես ասաց․ «Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել: Սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից:
«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասաց նա։
Նշենք նաև, որ օրվա ավարտին հայտնի դարձավ, որ ճանապարհը բացվել է։
Նիկոլ Փաշինյանը, թերևս, ազդակ է համարում թուրքական կողմի ակնկալիքը Հայաստանից ու Հայաստանի ադրբեջանահաճո քայլերից։
Թուրքիան ինքնին որևէ քայլ, առավել ևս՝ դրական, 44-օրյա պատերազմից հետո չի արել։
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։
«Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նաև հավելել էր․ «Մենք արդեն հայտարարել ենք` եթե Հայաստանը դրականորեն կարձագանքի այդ հնարավորություններին, ապա մենք էլ կանենք անհրաժեշտ քայլեր»։
Տարասովի խոսքով՝ տարածաշրջանային վերջին բոլոր իրադարձությունների ֆոնին ամենակարևորը հայ-թուրքական օրակարգն է ու դրանում կանխատեսվող փոփոխությունները։
Ըստ նրա, կարծես, ամեն ինչ գնում է նրան, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Թուրքիայի հետ։ Այս եռանկյունում՝ Երևան-Բաքու-Անկարա, ամենաբարենպաստ իրավիճակում Անկարան է, քանի որ նրանք կարծում են, որ Ադրբեջանն իր գլխավոր խնդիրը լուծել է, իսկ ինչ վերաբերում է, նրա խոսքով, «Ղարաբաղյան անկլավին», ապա այն ռուս-ադրբեջանական հարաբերությունների գոտի է, նրանք հասկանում են, որ առանց Երևանի հետ հարաբերությունների կարգավորման՝ որևէ միջանցքի հասնել հնարավոր չէ։
Տարասովի դիտարկմամբ՝ նրանք իրենց հերթին լուծում են իրենց խնդիրները։ «Փաշինյանը խաղում է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրագործման պարտիան՝ դա հրադադարն է, ապաարգելափակումը՝ կոմունիկացիոն, իսկ մնացած բոլոր հարցերը, կարծես, հավելվածներ են։ Նկատվում է գործողությունների սինխրոնության բացակայություն Անկարայի և Բաքվի միջև, Անկարան իրեն մի փոքր այլ կերպ է դրսևորում, թե ինչ կա դրա ետևում՝ դեռ լիովին պարզ ու հասկանալի չէ, սակայն բեկում է հասունանում հայ-թուրքական հարաբերություններում»,- ասաց Տարասովը։
Վերջինս գտնում է, որ Բաքվի և Երևանի խնդիրները լոկալ են, ավելին, ըստ Տարասովի, տպավորությունը, թե Բաքվի և Երևանի գործողություններում սինխրոնիզացիա կա՝ սխալ է, քանի որ իր մոտ տպավորություն է, որ Բաքուն խանգարում է Երևանին ինչ-որ որոշում կայացնել։
«Դեռ ամեն ինչ չէ, որ պարզ է, օբյեկտիվ տեղեկատվության պակաս կա դա վերլուծելու համար»,- ասաց նա։
Փաշինյանը, ըստ նրա, գնում է նոյեմբերի 9-ի հայտարարության սցենարով, իսկ դա երեք ուղղություն է, բացի դրանից՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում, Թուրքիայի դեսպանատան բացում։
Տարասովի կարծիքով՝ պատկերն ընդհանուր պարզ է, չի բացառվում, որ Թուրքիայի հետ Հայաստանին հաջողվի ճնշել Ադրբեջանին լոկալ խնդիրների կարգավորման հարցում։
Իսկ Ռուսաստանը, նրա խոսքով, դրական է այդ հարցում դիրքավորված, քանի որ երբևէ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը դեմ չի եղել։
«Ինչպես նախկինում ևս ասել եմ, ՌԴ արտաքին քաղաքականությունն իր առանձնահատկություններն ունի այս փուլում, ունի ավելի թեժ կետեր, քան Ղարաբաղն է, իսկ Ղարաբաղում իր ներկայությունը դեռ հաստատուն է, երկարատև, և դա վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին»,- ասաց նա։