«Եթե Ադրբեջանի կողմից նայենք, ապա Թուրքիան շատ դրական ազդակներ է տալիս, իսկ Հայաստանի համար որևէ դրական ազդակ չեմ տեսել». Թուրքագետ

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձելէ տարածաշրջանային խաղաղության թեմային, հետո էլ շեշտել, որ Թուրքիայից որոշակի դրական ազդակներ կան․ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։

Թուրքական «դրական» ազդակների մասին այլ մանրամասներ Փաշինյանը չի հրապարակել։

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն անդրադառնալով այսօր Կառավարության նիստում հնչեցրած վերը նշված այս հայտարարությանը, նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը, եթե խոսում է  Թուրքիայից եկող դրական ազդակներից, պետք է մանրամասնի, ինչի  մասին է խոսքը, որ Փաշինյանը  տեսել ու լսել է, բայց իրենք ո՛չ տեսել, ո՛չ լսել են։

«Թուրքիայի կողմից որևէ դրական ազդակ չկա, իհարկե, նայած, որ կողմից ենք դիտարկում, եթե Ադրբեջանի կողմից նայենք, ապա Թուրքիան շատ դրական ազդակներ է տալիս, իսկ Հայաստանի համար որևէ դրական ազդակ չեմ տեսել, հակառակը՝ եղել են հակահայկական ազդակներ։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հայկական գյուղերն անգամ իրենց անվանումներով չի կոչում, այլ ադրբեջանական, ապա հայտնի է դառնում, թե նա ում համար է աշխատում և որ երկրի վարչապետն է։ Այստեղից արդեն պարզ է դառնում, թե Փաշինյանի ասած դրական ազդակներն ում համար են դրական»,- նշեց Տիրան Լոքմագյոզյանը։

Ըստ նրա, եթե Փաշինյանն ուզում է Թուրքիային պատասխանել դրական ազդակներով, ուրեմն՝ պետք է արձագանքի ադրբեջանամետ ազդակներով, և այդպես էլ լինում է, Հայաստանը շարունակաբար իր տարածքները զիջում է Ադրբեջանին։

«Պատկերացնո՞ւմ եք, թշնամին եկել ու մեր տարածքը փակել է, որը մի փոքր հատված չէ, որը նորմալ երկրի համար պետք է թիվ մեկ խնդիրը լիներ, որովհետև այդ ճանապարհը փակելով՝ կտրում են հյուսիսը հարավից։ Այսինքն՝ սա լուրջ խնդիր է, որն ունենալու է լուրջ հետևանքներ, այս ամենին Փաշինյանն ինչպե՞ս է պատասխանում, ասում է, թե մենք ուրիշ ճանապարհ էլ ունենք, ի՞նչ է նշանակում՝ ուրիշ ճանապարհ, մենք ուրիշ քաղաքներ էլ ունենք։ Դե եկեք մի քանի քաղաք տանք ու հայտարարենք, թե ուրիշ քաղաքներ էլ ունենք, սա նորմալ մարդու կամ նորմալ քաղաքական գործչի հայտարարությո՞ւն է, սա հակահայկական կեցվածք է։ Ստացվում է, որ նա ասում է՝ եկեք վերցրեք, մենք այդ ճանապարհներից լիքը ունենք, բա որ մյուս ճանապարհն էլ փակեն, ի՞նչ է ասելու, ասելու է՝ ոչինչ մենք էլ օդային ճանապարհով կգնա՞նք»,- հավելեց նա։

Նա նաև շեշտեց՝ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները չպետք է դիտարկել մեկ ճանապարհի փակում, քանի որ Հայաստանն արդեն կանգնած է  Սյունիքը կորցնելու խնդրի առջև։ Այսինքն՝ երբ Ալիևն ասում էր, որ զենքի ուժով է Սյունիքը վերցնելու, տեսանելի է  դառնում, որի դեմ Նիկոլ Փաշինյանը չի բողոքում, բանակն էլ որևէ օտար զինվորականի չի կանգնեցնում։

«Մեր Պաշտպանության նախարարը հայտարարում էր, եթե օտարը մեկ սանտիմետր առաջ գա՝ կխփեք, բա ի՞նչ եղավ, ինչո՞ւ չեն խփում։ Այսօր վարչապետ էլ չունենք, որ թշնամու զորքերի ոտնձգության դեմ երկու բառ ասի, «կծու» խոսք ասի։ Մինչդեռ մենք Սյունիքն ենք կորցնում, ավելի ճիշտ, Սյունիքից խզված ենք, տեսեք, իրանական բեռնատարները կանգնած են, չեն կարողանում գալ։ Սա ցույց է տալիս, որ Ալիևի ասած «միջանցքի» երազանքը մասամբ կատարված է։ Արդեն վաղուց եմ ասում, որ մեր իշխանությունը կկատարի Թուրքիայի պահանջները։ Իմ ամենամեծ վախն այն է, որ նրանք կկատարեն Թուրքիայի երեք պահանջներից երկուսը՝ կընդունեն Կարսի պայմանագիրը և կհրաժարվեն Հակոց ցեղասպանության պահանջատիրությունից։ Ալիևի և Փաշինյանի քայլերը համաձայնեցվում են, նրանք ասում են՝ դու այս քայլը կանես, ես էլ՝ այս մի քայլը։ Կասեն՝ ի՞նչ է եղել որ, դժգույն Վան է եղել, թող թուրքերին մնա»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս