Ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը
Տարածաշրջանային փորձագետներն ուշադրությամբ հետևում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան կատարած աշխատանքային այցին: Բելառուս զինվորական Զասի այցը ՀՀ տեղի է ունենում Հայաստանի և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում բավականին բարդ աշխարհաքաղաքական, անվտանգային վերադասավորումների շրջափուլում. մայիսի 12-ից ադրբեջանական կողմը խախտել է հայ-ադրբեջանական սահմանը Սև լճի հատվածում, ինչպես նաև չի դադարեցնում ռազմական միջադեպերը սահմանի այլ հատվածներում, որի ֆոնին ՀՀ իշխանությունները դիմում են ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին՝ ՀՀ անվտանգության երաշխավորին, սահմաններին անվտանգության ապահովման, մոնիտորինգային առաքելության իրականացման նպատակով, և ըստ էության մերժում են ստանում:
Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանում շարունակում են խորանալ հակառուսական տրամադրությունները, և ՀԱՊԿ-ը՝ որպես անվտանգային կառույց, էլ ավելի է հեղինակազրկվում:
«Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ»,- այս խոսքերով «դիմավորեց» ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը Երևան ժամանած ՀԱՊԿ պաշտոնյային: Արշակ Կարապետյանը նաև ասաց, որ հայկական կողմը որևէ պարագայում չի ցանկանում իրադրության լարում իր սահմաններին, միևնույն ժամանակ պատրաստ չէ համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: «Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»,- նշեց Կարապետյանը, ով ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հրավերով այսօր արդեն Ռուսաստանի Դաշնությունում է:
Կարապետյան-Զաս հանդիպումը, հանդիպման տոնայնությունը, որը բավականին կոշտ էր հայկական կողմից, հանդիպման ընթացքում Զասի անհամարձակ պահվածքը չի վրիպել նաև ռուսական լրատվամիջոցների, փորձագիտական հանրության ուշադրությունից, որակվելով՝ որպես ամոթ ՀԱՊԿ-ի համար, որի քարտուղարն ունակ չէ պատասխանատու կերպով քննարկել ՀԱՊԿ գոտում առկա խնդիրները:
Այնուամենայնիվ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որ օրեր առաջ սահմանափակվում էր չափազանց չեզոք որակումներով, անընդունելի համարելով ուժի կիրառումն ու համոզմունք հայտնելով, որ հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ, այսօր արդեն փորձեց որոշ հայտարարություններ անել՝ գոնե ընդունելով, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծիք հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով: Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի տեսողության դաշտում:
«Իհարկե, մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող այն միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի և, իհարկե, նաև կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար: Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, ապա մենք կարծում ենք, որ այս իրավիճակի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և իրականում դա ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կարևորելով աշխատանքային այն ձևաչափը, որն ուրվագծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ:
Այդ իսկ պատճառով, նրա խոսքով, ՀԱՊԿ-ի բոլոր գործողությունները բխում են իրավիճակի այդպիսի ընկալումից: Զասը նաև արձանագրեց, որ վերջերս բախումները սահմանին շատացել են, և նկատվում է ինտենսիվություն, ինչը չի նպաստում նշված աշխատանքները սկսելուն և, բացի այդ, դա դժվարացնում է անկյունաքարային այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման և այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիներ փնտրելու վերաբերյալ:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է կառույցը, ու դա հիմնավոր է:
Նրա խոսքով, մի շարք հարցերով գործում է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հանձնաժողով, և եթե Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ի տոնը թելադրող երկիր է, մասնակցում է երկրների միջև կարգավորման գործընթացին, ապա ինչո՞ւ այդ հարթությունում ևս չի շարունակվում գործընթացը, և բարձրացվում է ՀԱՊԿ-ի հարցը այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ի առանձնահատկությունները հայտնի են բոլորին:
Ըստ Սկակովի, գլխավոր հարցը տարաձայնություններն են, որոնք դրսևորվում են նաև այն հարցերում, որոնք հետաքրքիր են Ռուսաստանին, ինչպես սիրիական առաքելությունն էր:
«Բացի այդ, որքան հասկանում ենք, Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է իրավիճակում, ՌԴ-ն ամենաբարձր մակարդակով քննարկում է, անհանգստանում այս հարցով, աշխատում ՊՆ-ի հետ, նորանշանակ նախարարը Մոսկվայում է, բանակցություններ պետք է տեղի ունենում և շատ հարցեր քննարկվում են երկկողմ մակարդակում: Տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ը փորձում է արձագանքել և սպասում է քաղաքական գործընթացի մեկնարկին, եթե այն երկարաձգվի, կարծում եմ՝ կա՛մ ՌԴ-ն կակտիվացնի կողմերին, կա՛մ մոնիտորինգային մեխանիզմներ գործի կդրվեն: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Հայաստանը փորձում է իր անվտանգության ամրապնդման գործում ներգրավել թե՛ Ռուսաստանին, թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ հնարավոր միջազգային այլ կառույցի»,- ասաց վերլուծաբանը:
Ըստ նրա, ՀԱՊԿ-ի ղեկավարության համար կարևոր է նաև հասկանալ, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ Հայաստանի նախագահությունն այս փուլում, քանի որ ՀԱՊԿ-ի համար կան խնդիրներ ոչ միայն կովկասյան, այլև միջինասիական թատերաբեմում:
«Նախագահության աշխատանքը կարևոր է հատկապես ՀԱՊԿ-ի նման բարդ կառույցի դեպքում դիմագիծը պահպանելու և առաջնահերթությունները հասցեագրելու հարցում: Հայաստանն ակտիվ հայտարարություններ է անում ՀԱՊԿ-ի ուղղությամբ, հույսեր կապում ՀԱՊԿ-ում սեփական նախագահության ընձեռած հնարավորությունների հետ, ուստի ակնհայտորեն այս մասով ևս քննարկումներ են ընթանում, ինչը կարելի է որակել՝ որպես ժամերի համաձայնեցում Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև: Թե որքանով կհաջողվի՝ չեմ կարող ասել: Բայց կարող եմ ասել, որ այս հարցում ևս էական է լինելու Ռուսաստանի դիրքորոշումը և այն, թե ինչպես է ՌԴ-ն աշխատում, լուծում այս խնդիրները: ՌԴ շահերից է բխում եռակողմ բանակցություններն օր առաջ սկսելը, և կարծես ՌԴ-ն այդ ուղղությամբ է աշխատում»,- ասաց նա: