Բաժիններ՝

«Մեզ պողպատե չագուչը հետաքրքիր չի, 1 տարի է՝ դուրսն ենք մնացել»․ Պտղունք համայնքի այրված շենքի բնակիչ

Արմավիրի մարզի Պտղունք համայնքի բնակիչները դեռ  2020 թվականի սեպտեմբերի 24-ին բռնկված հրդեհի հետևանքով զրկվել էին բնակարաններից, մինչ օրս, սակայն, ոչ մի աջակցություն չեն ստացել կառավարությունից։

Բնակիչների խոսքով՝ այս դեպքից 3 օր անց պատերազմը սկսվեց, և չէին կարող իրենց թույլ տալ խնդրի մասին բարձրաձայնել, փորձել են նամակների միջոցով իրենց խնդրի մասին տեղեկացնել իշխանություններին, բայց ապարդյուն․

«Հես ա մի տարին կլրանա, բայց մենք ապրելու տեղ չունենք, դրսում ենք հայտնվել, ու ոչ մի բան չեն անում։ Բնակիչները 2-3 ամիս առաջ նամակ էին գրել Նիկոլ Փաշինյանին, բայց ի՞նչ։ Վարչապետի աշխատակազմից ուղարկել էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, այնտեղից ուղարկել էին մարզպետարան, մարզպետարանից էլ ուղարկել էին ոչ թե բնակիչներին, այլ գյուղապետին, բայց անիմաստ պատասխան էր, այսինքն՝ պատասխան էլ չկար, ընդամենը նշված էր դեպքը, թե ինչ է եղել և այսքան բնակիչ դուրս է մնացել, վսյո, վնասի չափի մասին, խնդրին լուծումներ տալու մասին խոսք չկար նշված»։

Քաղաքացին նաև դժգոհեց, որ  իշխանություններից ոչ միայն աջակցություն չեն ստացել, այլև իրենց չեն այցելել խնդիրներին ծանոթանալու համար, միայն հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ եկել են  Պտղունք՝ այն էլ քարոզարշավ անցկացնելու նպատակով․

«Այս հարցի վերաբերյալ ասեցին՝ մոտ 2 տարի պետք է սպասեք, որ պետք է ծրագրեր կազմեն, ներկայացնեն, չգիտեմ՝ ինչ-ինչ, 2 տարի հույս չունենաք։ Մեզ այդ պողպատե չագուչը հետաքրքիր չի, 1 տարի է՝ դուրսն ենք մնացել, անորոշ վիճակ է, մինչև ե՞րբ կարող ենք այսպես շարունակենք մնալ՝ մի օր՝ վարձով, մի օր՝ բարեկամի տանը․․․ Ընտրությունից մի քանի օր առաջ մարզպետի ու մի քանի պատգամավորների գալուց հետո, մինչ օրս ընդհանրապես պաշտոնավոր մարդ չի եկել, չի հետաքրքրվել»։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք գնալ Արմավիրի մարզպետարան և տեղում խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ, քանի որ ամիսներ առաջ բնակիչներն ասել էին, որ նման մտադրություն ունեին, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Հույս չկա, ուղղակի պետք է ստիպված դա էլ անենք, կարծում եմ՝ անիմաստ է, որովհետև մարզպետարանից դրական պատասխան չեմ ակնկալում»։

Պտղունքի բնակիչը նաև տեղեկացրեց, որ առ այսօր  գույքի վնասի փոխհատուցման պատասխաններն էլ չեն ստացել․

«Արդեն տարին լրանում է, փորձաքննությունը չեն ավարտել․․․»։

168.am-ը փորձեց կապ հաստատել Պտղունքի համայնքապետի հետ  լրացուցիչ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին հրդեհ էր բռնկվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, ինչի հետևանքով 10-ից ավելի բնակարաններ այրվել էին, և բնակիչները հայտնվել էին դրսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս