ՀԱՊԿ-ում նախագահությունը քաղաքական որոշումներ կայացնելու հարցում մեծ արտոնություններ չի տալիս. փորձագետ

«Բավականին ծավալուն աշխատանք է, արդյո՞ք հնարավոր է ողջ սահմանին նման առաքելություն իրականացնել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու առաջարկին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ իմաստ ունի դա դիտարկել սահմանազատման աշխատանքներն առանց բախումների անելու համար, և այդ հարցը պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիս ամսին, հայ-ադրբեջանական սահմանի խախտումից հետո Փաշինյանն առաջարկել էր միայն Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել։ Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով։ Ըստ նրա, առկա իրավիճակը հաշվի առնելով՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։

Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ չգիտի՝ արդյոք այս հարցը քննարկվա՞ծ է, թե՞ քննարկումներ են սպասվում այս ամենի շուրջ: Ըստ նրա, փաստորեն առաջարկվում է և՛ մոնիտորինգ ՀԱՊԿ-ից, և՛ ռուս սահմանապահներ:

«Դա բավականին ծավալուն աշխատանք է, ռուսական հենակետեր, հայտնի է, որ ստեղծվում են, բայց արդյո՞ք հնարավոր է ողջ սահմանին նման առաքելություն իրականացնել: Ես կդժվարանամ ասել, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա այս ամենին: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց…  անորոշ մնաց նաև նախորդ առաջարկը, որը վերաբերում էր միջազգային դիտորդներին, դա չհաջողվեց, ներկայումս այլ առաջարկ է հնչում:

Իսկ ՀԱՊԿ-ի համար բարդ ժամանակներ են Միջին Ասիայում, որտեղ աջակցության կարիք ունի Տաջիկստանը, այս պայմաններում մոնիտորինգը՝ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներից բաղկացած, բարդ է թվում, հաշվի առնելով նաև անդամ երկրների տարաձայնություններն այս հարցի շուրջ: Եթե ՌԴ-ն համաձայնի նման ծավալուն առաքելություն իրականացնել ՀՀ սահմաններին, ապա ՀԱՊԿ-ի մոնիտորինգային առաքելությունը կարծես ավելորդ է դառնում: Այսինքն՝ քննարկումների կարիք կա, թե ինչն ինչի համար է հարկավոր»,- ասաց Խրամչիխինը: Նա նաև պարզաբանեց, որ ՀԱՊԿ նախագահությունը քաղաքական որոշումներ կայացնելու հարցում մեծ արտոնություններ չի տալիս, որոշումները՝ հատկապես քաղաքական կարևոր նշանակություն ունեցող, ընդունվում են կոնսենսուսով, և այստեղ մի փոքր ավելի կարևոր կարելի է համարել ՌԴ դիրքորոշումը՝ որպես առաջատար երկրի և որպես ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ լավ հարաբերություններ ունեցող երկրի:

Տեսանյութեր

Լրահոս