
Ռուս խաղաղապահները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում ծովակալ Իսակովի հիշատակին նվիրված հանրահավաքին

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է հիշատակի հանրահավաքին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ստեփանակերտ քաղաքում ի պատիվ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմավորման 325-ամյակի՝ խաղաղապահ զորախմբի զինծառայողները, հոգևորականության ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին:
Հայրենական մեծ պատերազմի հերոս, ծովակալ Իսակովի կիսանդրին պատրաստված է պղնձից և տեղադրված է Ստեփանակերտ քաղաքի նրա անունը կրող փողոցում։
«Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հիշատակը, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել հուշակոթողին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ծովակալ Իսակովը խորհրդային ամենահայտնի զորահրամանատարներից մեկն է, որն անգնահատելի ներդրում է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի և խորհրդային նավատորմի զարգացման մեջ։
Ծովակալ Իսակով անունով է կոչվել ռազմածովային նավատորմի նավերից և Խաղաղ օվկիանոսում գտնվող ստորջրյա լեռներից մեկը, որը հայտնաբերել են են խորհրդային օվկիանոսագետները։
Ծովակալ Իսակովի անունով կոչվել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող փողոցներից մեկը, տնտեսություններ Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում: