Խոշոր ավտովթար Նոր Հաճնի կամրջի վրա. կա 10 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ
Հուլիսի 18-ին, ժամը 21:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։
Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 2000 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:
Ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ՝ Լ․ Մ․-ն, Մ․ Ա․-ն, Լ․ Ծ․-ն (ծնված 2015 թ.), Ն․ Ծ․-ն (ծնված 2017 թ.) և Հ․ Ծ․-ն (ծնված 2020 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղից «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Ա․-ն և ուղևոր Հ․ Ծ․-ն տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները Հ․ Ծ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Ա․-ինը՝ ծանր։