Ադրբեջանի նպատակը խաղաղության համաձայնագիրն է, որով փորձելու է լուծել բոլոր հարցերը՝ փակելով թեման. Սկակով
«Բարդ աշխարհաքաղաքական իրադրություն է Հայաստանի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով օրերս Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին կայացավ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններից հետո առաջին արտասահմանյան այցը Մոսկվա, որտեղ հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՌԴ նախագահը շնորհավորեց Փաշինյանին՝ ընտրություններում հաղթելու և վստահության քվե ստանալու կապակցությամբ՝ կարևորելով այդ հանգամանքն առաջիկա դժվար, սուր հարցերը կարգավորելու հարցում:
Սկակովի խոսքով՝ հանդիպման ժամանակ փակագծեր չբացվեցին, քանի որ դժվար հարցերը շատ են, և որևէ մեկի ուղղությամբ առաջընթաց չկա, միայն անորոշություն է։
Ըստ նրա՝ նման հանդիպումից ավելին ակնկալելն անիմաստ է, քանի որ մեկ նախադասությամբ ասվեց այն, ինչ ամենակարևորն էր։
«Կարծում եմ, որ այդ ձևակերպման նպատակն էր՝ արտացոլել խնդիրների մի ողջ համակարգ։ Դրանք սահմանային հարցեր են, նոր ճանապարհները, ԼՂ ապագան կարգավորման կոնտեքստում և հումանիտար հարցեր։ Ադրբեջանը փորձում է հնարավորինս շատ օգտվել իր հաղթանակից՝ ստանալով հավելյալ բոնուսներ։
Ադրբեջանի ներկայիս նպատակը խաղաղության համաձայնագիրն է, որով փորձելու է լուծել բոլոր հարցերը՝ փակելով թեման, այդ թվում՝ թուրքական ուղղությամբ։ Պատահական չէր վերջերս Շուշիում ստորագրված հռչակագիրը, որը, ասես, ուղենշային էր։ Հայաստանի խնդիրները շատ են, բայց ապաշրջափակման հարցերը քննարկելիս ամենակարևորն անվտանգության հարցն է։ Կարծում եմ՝ ամբողջական ապաշրջափակում հնարավոր չի լինելու, դա հասկանում են բոլորը, գուցե բեռնափոխադրումներ հնարավոր լինեն, բայց այս փուլում այլ տարբերակներ հնարավոր չեն։ Հայաստանը շտապում է ՄԽ վերականգնման հարցում, սակայն միջազգային համայնքից չի ստանում անհրաժեշտ աջակցությունը։ Բարդ աշխարհաքաղաքական իրադրություն է Հայաստանի շուրջ»,- ասաց Սկակովը։