«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը նույն կերպ են վերաբերվում հայ ռազմագերիներին, նրանց դիտարկում են՝ որպես առևտրի առարկա, այլապես Արմեն Գրիգորյանը չէր բացահայտի մեկ փաստ». Մարինա Գրիգորյան

Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների դեմ հարուցված շինծու քրեական գործերով դատական նիստերը։ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Շիրակի մարզից գերեվարված 13 ռազմագերիների վերաբերյալ հունիսի 29-ին դատախազի կողմից մեղադրական եզրակացությունն ընթերցելուց հետո, այսօր վերսկսվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով հերթական դատական նիստը։

Եվ մինչ Բաքվում՝ 14-20 տարվա, երբեմն էլ՝ ցմահ ազատազրկման են դատապարտվում հայ ռազմագերիները, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներն իրենց կներեն 1-2 ամիս Բաքվի բանտերում ավելի մնալու համար։

168.amի հետ զրույցում «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, փորձագետ Մարինա Գրիգորյանն անդրադառնալով գերիների խնդիրներին և հարցին՝ ինչո՞ւ իշխանություններին չհաջողվեց որևէ քայլ ձեռնարկել, որպեսզի ռազմագերիներին չդատապարտեին, պատասխանեց, որ երբ ասում ենք՝ չհաջողվեց, նշանակում է՝ իշխանությունները փորձել են որևէ քայլ ձեռնարկել, այնինչ նոյեմբերից հետո ՀՀ իշխանություններից կողմից չի նկատել որևէ լուրջ փորձ՝ լուծելու հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցը։

«Սրա մասին առաջին ահազանգն այն հայտնի փաստն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի մտածել որևէ ժամկետ պահանջի հայ ռազմագերիներին վերադարձնելու համար։ Բոլոր այն ժամկետները, որոնք նախատեսված են եղել տարածքային ու այլ հարցեր լուծելու համար, դրանք նշված են, և դրանք ՀՀ կառավարությունը մեծ պատրաստակամությամբ կատարել է նշված ժամկետներում։ Ես սա համարում եմ առաջին ցուցիչն այն մասին, որ Հայաստանի ղեկավարության համար, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի քաղաքացիների կյանքը, ճակատագիրն առանձնապես արժեք չունի»,- նշեց Մարինա Գրիգորյանը։

Նրա բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ գերիներին իրենց կներեն 1-2 ամիս Բաքվի բանտերում ավելի մնալու համար՝ բացարձակ  ցինիկություն է, քանի որ, եթե նա գոնե մի քիչ պատկերացում ունենար, թե ինչ կտտանքների են ենթարկվում գերիները Բաքվում, ապա նման բան չէր ասի։ Որպես օրինակ՝ նա հշեցրեց, որ 1997 թվականին անգլիական «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հետազոտել էր Ադրբեջանից վերադարձած մոտավորապես 50 գերիների, և այդ ուսումնասիրության վերաբերյալ զեկույցն այժմ կա։

«Եթե Նիկոլ Փաշինյանը բարեհաճեր գոնե մեկ էջ կարդալ այդ զեկույցից, նա կհասկանար, որ այդպիսի բան չի կարելի ասել, ամեն մի ժամը, որը մեր հայրենակիցներն անց են կացնում Բաքվում, դա նրանց համար ուղղակի դժոխք է, բոլորը դրա մասին գիտեն։

Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը նույն կերպ են վերաբերվում հայ ռազմագերիների խնդրին, որքան էլ որ ցավալի է սա փաստել։ Նրանք հայ ռազմագերիներին դիտարկում են՝ որպես առևտրի առարկա, այլապես  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չէր բացահայտի մեկ փաստ։ Նա իր հարցազրույցներից մեկում ասաց, որ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականից հետո բառացիորեն մի քանի օրվա ընթացքում հաջողվեց լուծել ռազմագերիների հարցը։

Հիշեցնեմ՝ Ալիևն անընդհատ հայտարարում էր, որ հայ ռազմագերիների հարցը լուծված է, իսկ մնացածներն ահաբեկիչներ են։ Հիմա ինչ, Արմեն Գրիգորյանը համաձա՞յն է Ալիևի հետ, որ հարցը լուծված է, ի՞նչ է նշանակում նրա այդ պնդումը․ ես կարող եմ ենթադրել, որ Արա Այվազյանն ուզում էր լուծել այդ հարցը և Ադրբեջանից պահանջում էր այն լուծել եռակողմ հայտարարության 9-րդ կետի հիման վրա։ Հիմա ՀՀ ղեկավարությունը, ի դեմս Արմեն Գրիգորյանի, փաստորեն, փաստում են, որ նրանք ի վիճակի չեն դիվանագիտական, քաղաքական համառ ու հետևողական աշխատանքով լուծել այդ հարցը և պահանջել Ադրբեջանից կատարել այդ կետը»,- շեշտեց Մ. Գրիգորյանը։

Միաժամանակ նա նկատեց՝ հայկական կողմը որևէ պահանջ Ադրբեջանի առջև չի դնում, նրա հետ աշխատանքներ չի տանում, փոխարենը՝ առևտուր են անում, թշնամուն փոխանցելով ռազմավարական նշանակություն ունեցող ականապատ տարածքների քարտեզները։ Մինչդեռ Ալիևը բացեիբաց Թուրքիայի նախագահին և նրա կնոջն ասում էր, որ Բաքվում կան հայ ռազմագերիներ, և նրանց կվերադարձնեն խումբ առ խումբ՝ ստանալու համար քարտեզներ։

«Այսինքն՝ կատարվում է ոչ թե քաղաքական, այլ ցինիկ առևտուր, որտեղ առարկաներից մեկը մեր հայրենակիցների կյանքն է։ Մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործել են ահաբեկիչների, դրա մասին խոսել են մեծ երկրների ղեկավարները՝ Մակրոնը, ՌԴ ներկայացուցիչ Սերգեյ Նարիշկինը, այսինքն՝ սա հաստատված փաստ է։ Մինչդեռ ՀՀ ղեկավարությունը գեթ մեկ անգամ չի խոսել ահաբեկիչների մասին, իսկ երկու ամիս առաջ հայկական կողմից գերեվարված սիրիացի ահաբեկիչների վերաբերյալ դատավարությունն այնքան աննկատ անցկացրեցին, այն էլ՝ Սյունիքում, այլ ոչ թե Երևանում, որպեսզի մամուլի աչքից հեռու մնա։ Մեկ օրում ավարտեցին դատավարությունը և մի քանի տող տեղեկատվություն տվեցին, ամեն ինչ արեցին, որ քողարկեն այդ հարցը»,- ասաց նա։

Այս ամենի համատեքստում Ադրբեջանը հակառակն է անում՝ ՀՀ այն քաղաքացիներին, որոնց գերեվարել է պատերազմի ժամանակ և պատերազմից հետո, հայտարարում է ահաբկիչներ, հայրենադարձված ՀՀ քաղաքացուն որակում վարձու ահաբեկիչ  և դատապարտում 20 տարվա ազատազրկման, որից հետո ամբողջ աշխարհում դա տարածում են ու դարձնում քարոզչական թեզ։

«Ուղղակի խոսքեր չեմ գտնում, որպեսզի բնորոշեմ ՀՀ իշխանությունների վարքագիծը և նրանց պահվածքն ու մոտեցումներն այս հարցում»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է 15 ռազմագերիներ վերադարձի օրը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ալիևը կառուցողական է, Մարինա Գրիգորյանը հիշեցրեց՝ Փաշինյանը Ալիևին առաջին անգամ չէ, որ նման բնորոշում է տալիս, դեռևս 2018 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն Ալիևին բնորոշեց՝ որպես կիրթ ու կառուցողական անձնավորություն։

«Նա այդ աշխատանքը սկսել է երեք տարի առաջ և այդպես շարունակում է՝ շեշտելով, որ Ալիևը կառուցողական է՝ մոռանալով, որ Ալիևի ձեռքերը թաթախված է հայի արյամբ։ Հիշեցնենք միայն մեկ փաստ՝ Ալիևն իշխանության է եկել 2003 թվականի հոկտեմբերին, իշխանության գալուց երեք ամիս հետո՝ փետրվարին, Բուդապեշտում սպանցվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը, սա արվել էր Ալիևի ուղիղ հրահանգով։ Այստեղից  սկսվեց Ալիևի արյունալի ճանապարհը։ Այն մարդուն, որի հրամանով բառացիորեն 7 ամիս առաջ հայերի գլուխներն էին կտրում, ռմբակոծում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, Արցախն ավերվեց, համարել կառուցողական, կարծում եմ՝ շատ մտածված քաղաքականություն է Նիկոլ Փաշինյանի կողմից, նա ցանկանում է  մաքրել Ալիևի արյունալի կերպարը և ներկայացնել՝ որպես քաղաքակիրթ առաջնորդ։ Փոխարենը՝ նա պետք է լայն քարոզչական, դիվանագիտական քաղաքականություն վարեր աշխարհում՝ ցույց տալու, թե  Ալիևն ու Էրդողանն ինչ քաղաքականություն են տանում հայության դեմ։ Աշխատում է միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, որի համար նրան այս իշխանությունը փորձում է սպառնալ, նրա նկատմամբ հակաքարոզչություն իրականացնել և այլն»,- եզրափակեց Մարինա Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս