«Ադրբեջանին հանձնված տարածքների գործարքի հետևանքով ջրային ռեսուրսների լուրջ խնդիր ունենք». Նաիրի Հոխիկյան
Անցյալ շաբաթ արմավիրցիները փակել էին ճանապարհներն ու իշխանությունից ոռոգման ջուր էին պահանջում՝ իրենց այգիները ջրելու համար. այսօր նույն պահանջով Շիրակի մարզի մի շարք համայնքների բնակիչներ էին փակել համայնքային ճանապարհները։
Կեսօրին Նիկոլ Փաշինյանը հրավիրված խորհրդակցություն էր հրավիրել և անդրադառնալով բողոքի ակցիայի կազմակերպիչների ու մասնակիցների պահանջին ու ոռոգման ջրի խնդրին՝ հայտարարեց, թե ջրի պակասը պայմանավորված է աննախադեպ շոգ եղանակով։
«Սա այլևս ոչ թե առանձին վերցրած մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող երևույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն, ինչը նշանակում է, որ այն խնդիրները, որ մենք ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն, մենք ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու, և գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձևակերպում»,- ասաց Փաշինյանը՝ որպես այս մարտահրավերից դուրս գալու ելք դիտարկելով բացառապես կաթիլային համակարգին անցումը։
168 TV-ի եթերում մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը նշեց, որ Արմավիրի և Շիրակի մարզերում ոռոգման ջրի ծագած խնդիրը կապված է այս իշխանության ջրային ռեսուրսները կառավարելու անընդունակության հետ, սակայն դա չի նշանակում, որ այլ մարզերում խնդիրներ չի առաջացնելու Ադրբեջանին հանձնված ջրային ռեսուսներից մեզ զրկելը։
«Նախ Արցախի մասով՝ Ադրբեջանը հիմա շատ լուրջ աշխատանք է կատարում Քարվաճառում, որպեսզի Արցախին զրկի ջրային ռեսուրսներից. մասնավորապես՝ Ստեփանակերտի խմելու ջուրը գոյանում է Քարվաճառի աղբյուրներից, և հիմա Ադրբեջանը խցանում է այդ խողովակները, որպեսզի ջուրը չհասնի Ստեփանակերտ։ Հաճախ 3-4 օր թույլ չի տալիս մաքրել այդ խողովակներն ու Ստեփանակերտը մնում է առանց ջրի»,- ասաց Հոխիկյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանում առկա խնդրին, ապա, ըստ Հոխիկյանի, գյուղացին այսօր կանգնել է ոռոգման ջուր չունենալու խնդրի առաջ, որովհետև այս իշխանությունը ջրային ռեսուրսները շատ փնթի է կառավարում։
«Արմավիրի մարզում, օրինակ, ՋՕ-երի ղեկավարներին փոխեցին։ Տարիների փորձով մասնագետներին փոխարինելով 20-25 տարեկան տղաներով և աղջիկներով, որոնք, սակայն, փորձ չունեն։ Անփորձներին նշանակեցին, որովհետև մեկը Սուրեն Պապիկյանին մտերիմն է, մյուսը՝ մարզպետինը։ Իսկ այս անփոձությունը բերում է ջրամբարների թերլցվածության. չէ՞ որ ջրամբարներն իրենք իրենց չեն լցվում»,- ասաց Հոխիկյանը։
Ջրամբարների թերլցվածության մյուս պատճառը Հոխիկյանը համարեց Արցախյան պատերազմի հետևանքով մեր ջրային ռեսուրների հանձնումը թշնամուն։
«Արցախում կար մեծ ու փոքր 24 ջրամբար։ Միայն Վարանդայի ջրամբարները ապահովում էին հսկայական տարածություններ՝ ջրով։ 24 ջրամբարից մեզ է մնացել 2-ը՝ Սարսանգինն ու Աղավնոյի ջրամբարը. վերջինս էլ հարցական է՝ մեզ կմնա՞, թե՞ ոչ։ Մյուս ջրամբարները՝ տարածքի էլեկտրակայանները հանձնվել են թշնամուն։ Քարվաճառի տարածքը, Քաշաթաղը, Կովսականը և այլ տարածքներ ուղղակի նվիրվել են թշնամուն։ Գործարքի հետևանքով է, որ մենք այսօր ունենք ջրային ռեսուրսների մեծ խնդիր։ Քարվաճառի շրջանը նվեր ստանալով՝ Ադրբեջանը 70 տոկոսով լուծեց իր համար ջրի խնդիրը։ Այսօր Արմավիրն է, վաղը՝ Գեղարքունիքը, որ ջրի խնդիր է ունենալու, ու հետաքրքիր է, որ Վարդենիսը, որը ջուր էր ստանում Ալ լճերից, որոնք այս իշխանությունը նվիրել է թշնամուն, ինչ է անելու։ Հարց է առաջանում, երբ Վարդենիսը ջուր ուզի՝ Փաշինյանն ի՞նչ է պատասխանելու»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 2020թ.-ի համեմատ քիչ է Հայաստանի ջրամբարների լցվածությունը: 525 միլիոն խմ տարողություն ունեցող Ախուրյանի ջրամբարը հունիսի 21-ի դրությամբ լցված է 152 միլիոն խմ ջրով, երբ 2020թ.-ին նույն օրը 390 միլիոն խմ ջուր ուներ:
91 միլիոն խմ տարողություն ունեցող Ապարանի ջրամբարը լցված է 33.9 միլիոն խմ ջրով, երբ 2020թ.-ի նույն օրը 42 միլիոն խմ ջուր կար ջրամբարում:
70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարը լցված է 44.9 միլիոն խմ ջրով, երբ 2020թ.-ի նույն օրը այս ջրամբարի լցվածությունը 64.8 միլիոն խմ էր:
24 միլիոն խմ տարողություն ունեցող Մարմարիկի ջրամբարը 9.44 միլիոն խմ ջուր ունի այն դեպքում, երբ 2020թ.-ին նույն օրը 15.2 միլիոն խմ ջուր ուներ:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում