Ռուսները սկսել են Արմեն Գրիգորյանին վստահե՞լ, թե՞ հերթական սիրաշահման փորձն է

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, վստահություն  է հայտնել, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները 4.5 տարի հետո չեն հեռանալու:

«4.5 տարի հետո ռուսները չեն գնա»,- ընդգծել է նա:

Հակադարձմանը՝ Պուտի՞նն է անձամբ ասել, Գրիգորյանը բացասական պատասխան է տվել:

«Մեր գործընկերների հետ այս քննարկումը երկար ժամանակ է ունենում ենք, և մեր գործընկերներն ասում են, որ իրենք չեն պլանավորում 4.5 տարի հետո լքել տարածաշրջանը»,- շարունակել է ԱԽ քարտուղարը:

Նշենք, որ եռակողմ համաձայնագրի 4–րդ կետում նշվում է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:

Ի դեպ, նախընտրական շրջանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային, RT-ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը պետք է անժամկետ լիներ, այդ մանդատի ներկայիս սահմանափակվածությունը՝ հնգամյա ժամկետը, խնդիր է:

«Ավելի լավ կլիներ, եթե այդ մանդատն անժամկետ լիներ, առանց ժամկետ նշելու։ 4,5 տարի անց Ադրբեջանն իրավունք ունի Ռուսաստանին տեղեկացնելու, որ իրենք դեմ են խաղաղապահների մանդատի շարունակմանը։ Եվ Ռուսաստանը, այդ հայտարարության համաձայն, ստիպված կլինի հեռանալ այնտեղից»,- նշել էր նա:

Այսինքն, ռուսական կողմից հայ գործընկերների անգամ «ականջին շշնջալու համար» պետք է ունենալ Բաքվի համաձայնությունը, իհարկե, նաև սեփական երկրի ղեկավարության: Մինչդեռ ՌԴ բարձրաստիճան ղեկավարությունից նման հայտարարություն-ակնարկ չենք լսել, և ոչ էլ Բաքվից:

Սկզբնական շրջանում նույնիսկ ռուսական շրջանակներում դժգոհություններ կային մանդատից բխող գործողությունների մասով, թե կան անորոշություններ, դժգոհություններ կային նաև Բաքվում՝ ընդհուպ ռուս խաղաղապահների հեռացման ակնարկներ ինչ-ինչ հատվածներից:

Երկրորդ՝ այդ ե՞րբ ռուսները սկսեցին այնքան վստահել Արմեն Գրիգորյանին, որ նման կարևոր մտադրության մասին նախ իրեն են հայտնել, այն էլ՝ Արցախի հետագա ճակատագրի հետ կապված:

Չմոռանանք, որ երբ նոր էր հակառուսականությամբ աչքի ընկած Արմեն Գրիգորյանը նշանակվել ԱԽ քարտուղարի պաշտոնում, ռուսական շրջանակներում լրջորեն դժգոհել էին և երկար ժամանակ նրան չէին վստահում՝ պահանջելով Երևանից՝ այն փաստաթղթերը, որոնք պարունակում են գաղտնի համարվող տվյալներ իրենց հայաստանյան ռազմական կայանի մասին, հասանելի չդարձնել արևմտամետ կամ սորոսական Արմեն Գրիգորյանին: Ռուսներն անգամ նրա հրաժարականի պահանջն էին դրել Փաշինյանի առաջ:

Արմեն Գրիգորյանը, իհարկե, ժամանակ առ ժամանակ փորձել է սիրաշահել ռուսներին և պնդել, որ իր հասցեին արվող սորոսական «պիտակավորումը» բացարձակապես չի ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա, ավելին՝ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա:

Հիմա հարց՝ Արմեն Գրիգորյանի հարցազրույցն ինչպե՞ս հասկանալ՝ հերթական սիրաշահման փորձը ռուսների՞ն, ներքին լսարանի՞ն ցույց տալ, որ իրեն վստահում են, հատկապես երբ մամուլում լուրեր են իր պաշտոնանկության և իրեն ռուսամետ Վաղարշակ Հարությունյանով փոխարինելու մասին, գուցե, ամեն դեպքում, սովորական բերանբացությո՞ւն, թե՞ չմտածված հայտարարություն, ինչպես Նիկոլ Փաշինյանի դեպքում, որը նախ հայտարարեց, որ Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ են տեղակայվելու, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, սակայն, որոշ ժամանակ անց, երբ երևի թե Փաշինյանին բացատրեցին, որ, օրինակ, եթե Ֆրանսիան նման ցանկություն ունի, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի այն լիազորի ՄԽ համանախագահներին՝ ստեղծելու խաղաղ վիճակ այդ շրջանում: Եվ, որ Ֆրանսիան միայնակ չի կարող որոշել, պետք է համաձայնեցնել դա նաև ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ, առհասարակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների միաձայնությամբ են կայացվում որոշումները:

Սրանից հետո Փաշինյանը հայտարարեց, և սկսվեց գործընթաց Սոթք-Խոզնավար  հատվածում ռուս խաղաղապահների տեղակայման ուղղությամբ՝ արցախյան խաղաղապահ գործընթացի և ՌԴ-ում ռազմական բազայի ընդլայնման  տրամաբանության շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս