Խորհրդարանական փոքրամասնությունը մեկ տարի հետո կարող է անվստահության հարց դնել․ Սահմանադրագետ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր։
Մանդատները բաշխվել են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 71, որոնցից 3-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, «Հայաստան» դաշինք՝ 29, որոնցից 1-ը՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 7 մանդատ։
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ընտրություններից հետո մի քանի անգամ նշել է՝ ՔՊ-ի ստացած 71 մանդատները չեն կազմում ԱԺ-ի 2/3-ը, ինչից էլ բխում է, որ այս կուսակցությունը խորհրդարանում հնարավորություն չի ունենալու, օրինակ, Սահմանադրություն փոխել:
168.am–ի հետ զրույցում սահմանադրագետը նկատեց՝ դա պարզ մաթեմատիկա է, ապա մանրամասնեց․ «Ընտրական օրենսգիրքը չի էլ պահանջում, որ մեծամասնությունը 2/3-րդ ունենա․ մեծամասնությունը կարող է 2/3-րդ ունենալ, եթե պառլամենտի մանդատների թիվն այնպիսին է, որ կարող է հավասար բաժանվել՝ մի կողմից՝ երկու երրորդի, մյուս կողմից՝ մեկ երրորդի։
Ընտրական օրենսգրքի պահանջն է, որ ընդդիմությունն առնվազն 1/3-րդ ունենա․ առնվազն մեկ երրորդը նշանակում է՝ առնվազն հավասար, առնվազն հավասարը նշանակում է՝ հավասար կամ մի փոքր ավելին։ Այդ առումով 107 մանդատների մեջ փոքրամասնությունն ունի մեկ երրորդից ավել մանդատ»։
Նա նաև հիշեցրեց, որ դեռևս գործող խորհրդարանում ընտրությունից հետո այնպիսի մանդատների թիվ էր, որը հնարավորություն էր տվել, որ մեծամասնությունն ունենա ուղիղ 2/3, իսկ փոքրամասնությունը՝ ուղիղ 1/3։
«Եվ երբ սահմանադրական փոփոխությունը տեղի ունեցավ, և ԲՀԿ-ն դիմում էր Սահմանադրական դատարան, իրենք դիմեցին 26 հոգով, որը 0.3 տոկոսով պակաս էր մեկ հինգերորդից (մեկ հինգերորդով միայն կարող էին այդ հարցով դիմել ՍԴ), ՍԴ-ն պարզապես չվերցրեց քննության՝ ասելով, որ իրավասու սուբյեկտ չի դիմել»,- հավելեց Վ․ Պողոսյանը։
Սահմանադրագետը վերահաստատեց՝ այս խորհրդարանում մեծամասնությունն այս մանդատների թվով իրավունք չի ունենա Սահմանադրությունն Ազգային ժողովով միայնակ փոփոխել, սակայն կարող են երեք հինգերորդի մեծամասնությունն ունենալու պարագայում՝ հարցերը դնել հանրաքվեի․
«ԱԺ-ում առանց ընդդիմության մասնակցության և հավանության՝ չեն կարողանա ո՛չ փոփոխություն կատարել հանրաքվեով նախատեսվող հոդվածներում (այսինքն՝ դնել հանրաքվեի), ո՛չ էլ երկրորդ մասով նախատեսված այն հոդվածներով, որոնք Ազգային ժողովը ինքը կարող է փոփոխել։ Մեծամասնությունը չի կարող նախագահին իմպիչմենտի ենթարկել, եթե փոքրամասնությունը չմասնակցի, որովհետև, կրկին, երկու երրորդ չունի»։
Ի պատասխան հարցին, թե ինչ հնարավորություններ ունի խորհրդարանական փոքրամասնությունը՝ ընդդիմությունը, մեր զրուցակիցը մի քանի օրինակներ ներկայացրեց․
«Ասենք՝ մեկ տարի հետո (այդպես է նախատեսված), եթե մեկ երրորդը պահպանում է, կարող է, օրինակ, անվստահության հարց դնել, կարող է անվտանգության, պաշտպանության հարցերով քննիչ հանձնաժողովներ ստեղծել տալ (պահանջում է և Պաշտպանության հանձնաժողովում նման քննիչ հանձնաժողով պետք է ստեղծվի): Իրենք քանի որ կուռ ընդդիմություն են, բնականաբար, միշտ ունենալով մեկ հինգերորդը, կարող են ցանկացած օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմել և այլն»։