Հայկ Մարության vs Նիկոլ Փաշինյան․ ինչու է իշխանությունը դուրս եկել Հայկ Մարության դեմ

«Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն էդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ, և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ՝ նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին» (ՔՊ): Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել է քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն»,- երեկ «Ազատության» եթերում ասել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով քաղաքապետ Հայկ Մարությանի պասիվության ու ՔՊ-ին չաջակցելու վերաբերյալ հարցին:

Նա նաև նշել է, որ հստակ կարող է ասել, որ ներկայում իրենց ուժը քաղաքապետի հետ կապված հարց չի քննարկում:

«Կուսակցականների շրջանում էլ ձևավորված վերաբերմունք կա, և մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից չտուժի նաև քաղաքը և քաղաքային իշխանությունը»,- եզրափակել է նա:

Սա, թերևս, առաջին ակնհայտ ու բաց հայտարարությունն է Նիկոլ Փաշինյան (իշխող) ուժ-Հայկ Մարության՝ ամիսներ շարունակ ձգվող սառը հարաբերությունների մասին, սակայն այս հայտարարության նախադրյալներն արդեն իսկ նախորդ շաբաթվա ընթացքում կային:

Նախ քաղաքապետ Հայկ Մարությանը անզիջում կերպով սկսեց քանդել, ըստ իր հայտարարության, բոլոր ապօրինի կառույցները, մասնավորապես՝ Աջափնյակ համայնքում՝ Երևանի ավագանու նիստում ասելով, որ դրանց հետևում հաճախ բանդաներ են գործում, և իրենք ոստիկանության հետ միասին պայքարում են նաև այդ բանդաների դեմ:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան armtimes.com կայքը գրեց.

«Երևանի քաղաքապետը ավագանու վերջին նիստում բացատրեց, որ մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանում բանդա է գործում, որը կազմված է պետական տարբեր մարմիններում աշխատող մարդկանցից ու թաղային հեղինակություններից ու խոչընդոտում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը: Բայց եթե վաղուց ապօրինի շինության աղմկոտ քանդում ու ապամոնտաժում տեղի չէր ունեցել, հենց ավագանու այդ նիստից հետո երեկոյան քաղաքապետարանը տեսանյութ հրապարակեց ապամոնտաժումների մասին: Շինությունները, որոնց կառուցման ընթացքը չէր կասեցվել, մեկ էլ հանկարծ բուլդոզերի տակ հայտնվեցին: Անհասկանալի մնաց, թե ուր էր խանգարող «բանդան»»:

Անշուշտ, միանշանակ չէ, որ բոլոր շինություններն ապօրինի են եղել, որովհետև կառուցապատողներն ասում էին, որ կան դատարանի որոշմանը սպասող կառույցներ, որոնց ճակատագիրը պետք է որոշվեր դրանից հետո, սակայն քաղաքապետարանն առանց սպասելու դատարանի որոշմանը՝ քանդել է իրենց կառույցները: Քաղաքապետի գործողությունների օրինականության հարցն իրավապահների տիրույթում է, և մենք այս պահին չենք կարող դրանց գնահատական տալ:

Ի դեպ, ավագանու հիշյալ նիստում էլ պարզ էր, որ քաղաքապետի ու իշխող ուժի միջև լարվածություն կա, և ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը դիրքավորվել էր քաղաքապետին ընդդիմադիր դաշտում: Բայց սա այդ հոդվածի միակ ակնարկը չէր Հայկ Մարությանին:

Ուշագրավ է, որ այդ օրվա նաև միակ հրապարակումը չէր: Քաղաքապետի դեմ առաջին հրապարակմանը հաջորդեց երկրորդը կրկին նույն կայքում, նույն օրը: Խոսքն այս անգամ վերաբերում էր Կենտրոն վարչական շրջանում սկսված փողոցային առևտրի դեմ պայքարին:

Առանձնապես քննախույզ վերլուծական հայացք կամ միտք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ Հայկ Մարությանի դեմ պրոցեսներն անխուսափելի են: Իշխող ուժը չի վստահում քաղաքապետին, իսկ մամուլում էլ շրջանառվում են «Քաղպայմանագրի ցուցակով» պատգամավոր դարձած երբեմնի օլիգարխ, ներկայումս, ըստ Նիկոլ Փաշինյանի, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունները, ում ՔՊ-ն տեսնում է՝ որպես Հայկ Մարությանին փոխարինողների հավանական տարբերակներ: Իշխանական նեղ շրջանակներում չեն բացառում նաև, որ Փաշինյանի և նրա թիմի՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Խաչատուր Սուքիասյանի եղբայր,  «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն է:

«Քաղաքացիական պայմանագրին» պետք է քաղաքապետ, ով անվերապահ կկատարի Նիկոլ Փաշինյանի հրահանգները, իսկ Հայկ Մարությանն ակնհայտորեն հիմա այդ մարդը չէ, իսկ քաղաքային վարչական ռեսուրսի մոբիլիզացիան անհրաժեշտ պահին կարող է որոշիչ դեր խաղալ Նիկոլ Փաշինյանի համար:

Հայկ Մարությանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները սրվեցին անցած տարի՝ պատերազմի ավարտից հետո: Թերևս, պատերազմի ավարտն ու դրա խայտառակ արդյունքները թիմում իրերի իրական դրվածքն իմացող Հայկ Մարությանի համար ընդունելի չեղան, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պատերազմի ավարտից առաջ քաղաքապետը «Երևան» ջոկատով Արցախում էր, ու թեպետ չէր մասնակցել մարտական գործողություններին, սակայն տեղում ըստ երևույթին առավել հստակ էր հասկացել՝ ինչ է կատարվել և ինչու:

Ինչևէ, պատերազմից հետո Հայկ Մարությանը քաշեց գիծն իր ու Նիկոլ Փաշինյանի միջև, ու հենց այդ ժամանակվանից սկսեցին տեղեկություններ տարածվել այն մասին, որ Հայկ Մարությանը չի շփվում կառավարող թիմի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ասում էին նաև, որ նրան հրաժարականի պահանջ կամ առաջարկ է ներկայացվել, ինչը վերջինս մերժել է:

Անկասկած, Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո Հայկ Մարությանը, եթե քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալու առաջարկ չի էլ ստացել, հիմա անպայման կստանա:

Կընդունի՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց միանշանակ է, որ եթե Հայկ Մարությանն ինքնակամ չհեռանա, Նիկոլ Փաշինյանի համար խնդիրներ կստեղծվեն:

Չնայած իր ստացած 54 տոկոս քվեներին, պարզ է, որ Հայկ Մարությանի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելը մարդկային ռեսուրսի տեսակետից խնդրահարույց է լինելու:

Բացի դրանից, լուրջ խնդիր է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը, և մեծ է հավանականությունը, որ դրանից հետո Երևանն ընդդիմադիր քաղաքապետ կունենա:

Ու նաև սա հաշվի առնելով է, որ Նիկոլ Փաշինյանը հապաղում է ու կտրուկ գործողությունների չի դիմում: Կարող է, իհարկե, ինչպես արդեն մամուլում նշվում է, օրենքում փոփոխություններ կատարելով, Երևանի վարչատարածքային սահմանները փոխել ու դրանցում ներառել, ասենք, Փարաքարն ու Արգավանդը, բայց միևնույն է, դրանից հետո կարծես թե նույնպես հարցն ընտրությունների միջոցով պիտի լուծվի, իսկ Նիկոլ Փաշինյանի համար Երևանում ընտրություններում հաղթելը ցանկացած պարագայում լուրջ խնդիր է և գրեթե անհաղթահարելի նպատակ:

Ամեն դեպքում սպասենք իրադարձությունների զարգացմանը, թեև չի բացառվում, որ Հայկ Մարությանի հրաժարականի մասին կտեղեկանանք, երբ վերջինս արդեն Չեխիա արտագաղթած կլինի, ուր մինչ քաղաքապետ դառնալը և դրանից հետո պատկառելի քանակությամբ անշարժ գույք է ձեռք բերել:

Բայց ինչ էլ լինի, Հայկ Մարությանի կենսագրությունից երբեք չի ջնջվելու ազգին «սև-սպիտակի» բաժանելու կործանարար թեզի հեղինակ լինելը, թեև հավանաբար հիմա արդեն վերջինս հասկանում է՝ չարժեր Նիկոլ Փաշինյանի համար սիրված դերասանից վերածվել անհաջող քաղաքական գործչի:

Տեսանյութեր

Լրահոս