«Փաշինյանի ձեռքի ժամացույցը ձեր տան 4 գինն ունի. ձեզ խաբելով՝ սեփական շահն է առաջ տանում». Դավիթ Ափոյան

Սահմանադրական դատարանը հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։

Կառավարությունը վիճարկվող որոշմամբ երեք բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների թվակազմը փորձում է փոխել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ գործող իշխանությունն ամեն գնով փորձում է իր վերահսկողությունը հաստատել, մասնավորապես, Երևանի պետական համալսարանում՝ այնտեղ կարգելով իր համար նախընտրելի մարդկանց։

Ափոյանի փոխանցմամբ՝  իշխանությունը փորձեց դա անել օրենքի նախագծով, որը, սակայն, հիմա վիճարկվում է Սահմանադրական դատարանում, սակայն, քանի որ շտապում է, չսպասեց բարձր դատարանի որոշմանը, փորձեց Կառավարության որոշմամբ՝ ենթաօրենսդրական ինչ-որ ակտով իշխանության կամակատարներին կարգել  ԵՊՀ-ում: Եվ հիմա ՍԴ-ն Կառավարության հենց այդ որոշումն է կասեցրել, իսկ օրենքի նախագծի քննությունը դեռ շարունակվում է  ՍԴ-ում։

«Ես խիստ կասկածում եմ, սակայն, որ գործող իշխանությունը կսպասի ՍԴ-ի որոշմանը։ Նրանք, օգտվելով այն իրավական ձևակերպումներից, ըստ որի, եթե Հիմնադրամը  երկու ամիս չունի ղեկավար մարմին, իսկ ԵՊՀ-ն Հիմնադրամ է, ապա Արդարադատության նախարարությունը կարող է ձևավորել այդ խորհուրդը, կգնան նման լուծման։ Կարծում եմ՝ առաջիկայում հենց այս լուծումը կտեսնենք։ Ստացվում է՝ 3 տարի այս իշխանությունն իր վրա վերցնելով կրթության կառավարումը, ոչ միայն չի կարողացել այդ կառավարումն իրականացնել, հիմա պետք է գնա նման լուծման»,- ասաց Դավիթ Ափոյանը։

Ըստ նրա՝ գործող իշխանությունը Փաշինյանի ղեկավարությամբ շարունակում է կառավարել երկիրը մանիպուլյացիաներով, նա շարունակում է խոստումներ տալ նաև բուհական ինքնավարության վերաբերյալ: Սակայն գործնական քայլերով անում է այն, ինչի համար քննադատում էր նախկին իշխանություններին։

«Ժողովո՛ւրդ, մի հատ նայեք այդ մարդուն՝ մինչև իշխանության գալն ու հիմա. նա այլևս նույն Նիկոլ Փաշինյանը չէ։ Փաշինյանի ձեռքի ժամացույցը ձեր տան 4 գինն ունի, ժողովուրդ, նա խաբելով ձեզ՝ իր սեփական շահն է առաջ տանում, այդ թվում՝ ԵՊՀ-ում։ Նախկինում ասում էր, որ սխալ էր, որ Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատի կառավարությունը, բայց հիմա բուհի կառավարման վրա իշխանական լծակներն ավելացրել է, հոգաբարձուների խորհուրդն էլ հաստատում է ոչ թե կառավարությունը, այլ հենց ինքը, ուստի, եթե հիմա համեմատում ենք Փաշինյանի տված խոստումներն ու նախկինում հնչեցրած քննադատությունները, ապա տեսնում ենք, որ նա շատ ավելի խիստ է սահմանափակում բուհական ինքնավարությունը, քան նախկինները»,- ասաց Ափոյանը։

ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահի փոխանցմամբ՝ վերջին երեք տարիների ընթացքում բարձրագույն կրթության վերաբերյալ ընդունված բոլոր օրենքներն ու որոշումներն ունեն մեկ նպատակ՝ քանդել կրթական համակարգը՝ տեղը չկառուցելով ոչինչ։

Ափոյանի փոխանցմամբ, եթե մի պահ մտածենք, որ ընդունում են օրենքներ, որոնց նպատակը կրթական համակարգում խամաճիկներ ունենալն է, ապա պետք է փաստել, որ անգամ խամաճիկ պատրաստելը պտղաբեր գործ է՝ ինչ-որ արդյունք գոնե տալիս է, ինչը չկա այս իշխանության գործողությունների պարագայում։

«Նրանց ընդունած որևէ օրենք որևէ պտուղ չի տվել և ուղղված է միայն քանդելուն։ Երեք տարիների իմ տեսածն ինձ թույլ է տալիս եզրակացնելու, որ նրանք չեն ձգտում կառուցել։ Փաշինյանը մի մարդ է, որը դուրս է մնացել ԵՊՀ-ից, և համալսարանականների մեծ մասը գիտի՝ ինչի համար։ Իհա՛րկե, կրթական նրա մակարդակը չի էլ հերիքել, բայց այն պատճառները, որի համար ինքը դուրս է մնացել ԵՊՀ-ից, ժամանակը կգա, կխոսեն դրա մասին, ուստի, հիմա ինքը չարացած է ԵՊՀ-ի վրա։  Գիտական հանրությանը անվանում է միմոսներ, մտքում ունի կրթական հաստատությունների շենքերը վաճառելը։ Այն մարդը,  որը համալսարանը չի  ավարտել, չի կարող խոսել կրթության կազմակերպումից ու որևէ քայլ անել կրթության  մակարդակը բարելավելու համար»,- ասաց Դավիթ Ափոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս