
«Երբ մոտեցա, ասացի՝ պատգամավորի թեկնածու եմ, ուզում եմ ներկա լինել հաշվարկին, ասաց՝ Նիկոլի՞ց ես, ասի՝ չէ, թե բա՝ դե ուրեմն գնացեք, դուք մեզ պետք չեք». ՔՈ թեկնածուն՝ ծեծկռտուքի մասին

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ՝ հունիսի 20-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Աջափնյակի 6/18 ընտրատեղամասում։
Ժամը 20:00-ից ընտրատեղամասի դռները փակվեցին, սկսվեց քվեաթերթիկների հաշվարկը, սակայն ժամը 22:25-ի սահմաններում «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորության թեկնածու Սուրեն Սահակյանն ու կուսակցության վստահված անձը եկան տեղամաս և ցանկացան մտնել ներս։ Ոստիկաններն ու հանձնաժողովի նախագահը թույլ չտվեցին, ինչը վերաճեց ծեծկռտուքի:
Ծեծկռտուքի հետևանքով վնասվել էր ընտրատեղամասում գտնվող ՀԱԿ վստահված անձ Լուսինե Աքուլյանի գլուխը: Նա մեզ հետ զրույցում ասել էր, որ ՔՈ կուսակցության ԳՄ անդամ Սուրեն Սահակյանն աթոռով խփել է իր գլխին:
Նշենք, որ ծեծկռտուքից հետո բոլոր մասնակիցներին տարան ոստիկանություն:
Պատգամավորի թեկնածու Սուրեն Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանության բաժնում մնացել է մինչև ժամը 05:00-ն:
«Ինձ ներս չթողնելն ակնհայտ ապօրինություն էր, ընդ որում՝ օրենքի չիմացությունը թե՛ ոստիկանների, թե՛ հանձնաժողովի նախագահի, թե՛ այդտեղ ներկա վստահված անձանց կողմից ակնհայտ էր: Ամենաակտիվը խոչընդոտում էին «Պատիվ ունեմ» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ կրիմինալ տարրերը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի վստահված անձին, ապա այնտեղ քաշքշոց է սկսվել և նշված վստահված անձանց կողմից ագրեսիվ պահվածքի, քաշքշոցի ընթացքում իմ շրջակայքում, տեսողական դաշտում որևէ կին չի եղել: Մի դիտորդ է եղել, որը 4-5 մետր հեռավորության վրա նկարել է այդ ամենը: Պրակտիկորեն բացառում եմ, որ որևէ կնոջ վնաս եմ հասցրել: Ուրիշ կին իմ տեսադաշտում չի եղել, և ես վստահ չեմ, որ քաշքշոցի պատճառով է այդ կնոջը վնասվածք հասցվել: Ամեն դեպքում, եթե իմ որևէ գործողությունից ինչ-որ մեկը տուժել է, ես պատրաստ եմ ներողություն խնդրել: Աթոռն էլ իմ վրա է եկել, ոչ թե իր: Դրանք բավականին ծանր աթոռներ են ու ազատ անկման մեջ իրենք ավելի են ծանրանում: Եթե այդ աթոռն իր գլխին կպած լիներ, ապա իր գլուխը պետք է որ բավականին լուրջ վնասված լիներ, սակայն այդպես չի եղել»,- մանրամասնեց Սուրեն Սահակյանը:
Նրա փոխանցմամբ՝ ծեծկռտուքի մասնակիցները բացատրություն են տվել ոստիկանությունում, և վերջ:
Հարցին՝ իրեն ներս չթողնելն ինչի՞ հետ է կապում. իրավունքներն ու օրենքները չիմանալո՞ւ, թե՞ դիտավորություն է տեսնում, Սուրեն Սահակյանը պատասխանեց.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը, որը, հետագայում պարզվեց, նաև ընտրությունների ամբողջ օրը տարբեր առիթներով, դրվագներով կոնֆլիկտներ է հրահրել, որոնց վերաբերյալ մամուլում տեղեկություններ կան, օգտվել է ՔՊ-ի կողմից առաջադրված հանձնաժողովի նախագահի օրենքների չիմացությունից, կամային թուլությունից: Ստեղծվել էր այնպիսի մթնոլորտ, որ ՔՊ կուսակցության վստահված անձը, կրիմինալ տարրը որոշում էր՝ ով ինչ անի, ոնց անի, երբ անի և ինչու: Երբ մոտեցա, ասացի, որ պատգամավորի թեկնածու եմ, ուզում եմ ներկա լինել հաշվարկին, ասաց՝ Նիկոլի՞ց ես, ասի՝ չէ, թե բա՝ դե ուրեմն գնացեք, դուք մեզ պետք չեք»:
Սուրեն Սահակյանը նշեց, որ նախքան այդ տեղամաս գալը՝ եղել է այլ՝ 6/19 ընտրատեղամասում, և առանց որևէ խոչընդոտի մասնակցել է հաշվարկի գործընթացին:
Քաղաքացու որոշում կուսակցության պատգամավորի թեկնածուն խուսափեց պատասխանել, թե ինչպես է գնահատում ընտրության արդյունքները: «Չեմ մեկնաբանի, մինչև չլինի կուսակցության հայտարարությունը»,- ասաց նա: