Ինչո՞ւ մերժեցիք. այդ հարցի պատասխանը կարո՞ղ եք տալ, պարո՛ն Փաշինյան. ՀԱԿ փոխնախագահ

«Ուղիղ մեկ ամիս առաջ Հայ ազգային կոնգրեսի վարչությունն ընդունեց որոշում՝ համաձայն որի՝ մենք վճռեցինք ընդունել մարտը, ընդունել մարտահրավերը և մտնել կռվի մեջ:

Սա հեշտ որոշում չէր: Այդ որոշումն առաջին հերթին դժվար էր Առաջին նախագահի համար, որովհետև պետք էր ծանրութեթև անել և հասկանալ՝ մի վիճակում, երբ, կոպիտ ասած, երկու հարյուր անգամ ավելի մեծ ռեսուրսներով քաղաքական ուժերը գործում էին, արդյո՞ք մենք ունենք իրատեսական անելիք»,- նախընտրական վերջին միջոցառման ժամանակ ամփոփելով նախընտրական արշավը, նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նա հավելեց, որ իրենց աջակիցների ու համակիրների ճնշման տակ, ի վերջո, հասկացան, որ պետք է մասնակցեն ընտրություններին, քանի որ ճշմարտությունն ամենակարևորն է.

«Մենք միշտ ասել ենք ճշմարտությունը, դրա շնորհիվ կարողացել ենք հաղթել պատերազմներում Ադրբեջանի դեմ, բայց նաև դրա շնորհիվ կամ դրա պատճառով՝ շատ հաճախ տուժել ենք, որովհետև մենք ժողովրդին չենք ուզել խաբել, մտնել պատրանքների վաճառքի առևտրի մեջ. չնայած պարզվեց, որ դա ամենաշահավետ բիզնեսն է Հայաստանում:

Եվ ահա այսքանից հետո, մենք սկսեցինք մեր ընտրարշավը, և ես կարող եմ ասել, որ արդյունքները փայլուն են. այսօր մենք տեսնում ենք, որ ամենուրեք մենք ունենք ոչ միայն այն աջակիցներին, որոնց տասնամյակներով ունեցել ենք, ունենք անսպասելի աջակիցներ. բազմաթիվ հաղորդագրություններ են գալիս այն մարդկանցից, որոնք տանելով չէին տանում մեզ, մերժում էին այն ամենը, ինչ մենք ասում էինք, ընդհանրապես երբեք չէինք կարող պատկերացնել, որ այդ մարդիկ կարող են մեզ աջակցել, և սա մասսայական է: Սա փայլուն արդյունք է:

Երկրորդ փայլուն արդյունքը, ինչը նույնպես անսպասելի արդյունք է. մենք մեր կողմ բերեցինք երիտասարդությանը. երիտասարդությունը, պարզվեց՝ ավելի բաց է փաստերը, վերլուծությունը ընկալելու, երիտասարդության ամենամեծ առավելությունը բացվեց, որ իրենք տասնամյակներով ամրացված կարծատիպերով չեն ապրում, և պարզվեց, որ հենց նրանք են դառնում մեր ամենահուսալի աջակիցն այս պայքարում»:

Լևոն Զուրաբյանը նաև Արցախյան բանակցությունների, դրա ժամանակագրության ու բովանդակություն մասին հարց հղեց Ռոբերտ Քոչարյանին և Նիկոլ Փաշինյանին: Երկրորդ նախագահի դեպքում՝ նա հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ 1999 թվականի նոյեմբերին ընդհանուր պետության պլանը ներկայացվել է երեք կողմերի, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ նկատեց, որ շատ կարևոր հարցի պատասխան նա ցայսօր չի հնչեցրել՝ այն է.

«Մեր ժողովրդին ասեք, պարո՛ն Փաշինյան, վերջապես հասկանանք էլի, եթե 2019 թվականին՝ այսինքն պատերազմից շատ-շատ շուտ, ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ը Ձեր սեղանին դրել էին մի պլան, համաձայն որի՝ Դուք պետք է Ադրբեջանին վերադարձնեիք ընդամենը 5 շրջան, և ստորագրվում էր մի փաստաթուղթ, որն ընդունում էր ԼՂ փաստացի անկախությունը, այսինքն՝ հաստատվում էր մի արժանապատվագույն խաղաղություն, և Դուք, ունենալով այդ փաստաթուղթը Ձեր սեղանին, իմանալով բանակի վիճակը (հիմա խոսում եք, չէ՞՝ բանակը էս էր, էն էր. կոռումպացված էր, զենք չուներ, սպայական կազմը պատրաստված չէր), ստանալով Գենշտաբի զեկույցները, որ մենք չենք կարող դիմանալ այդ պայքարում, Դուք ինչո՞ւ մերժեցիք այդ առաջարկը. մերժեցիք այդ օրը, մերժեցիք պատերազմից մի քանի օր առաջ, մեկ ամիս առաջ, անգամ պատերազմը սկսվելուց հետո ասում էիք՝ ես կարող եմ կանգնեցնել այս պատերազմը՝ 5 շրջանը տամ. ինչո՞ւ մերժեցիք, այդ հարցի պատասխանը կարո՞ղ եք տալ, պարո՛ն Փաշինյան:

Տեսանյութեր

Լրահոս