Հրամայված է կասեցնել, կամ՝ Քարվաճառի պաշտպանական հաղթանակի գաղտնիքը

 Ջերմուկի ուղղությամբ պետական սահմանի խախտում չի եղել

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից մեկ ամիս հետո սոցցանցերում և մեդիահարթակներում տեղեկություններ և տեսանյութեր շրջանառվեցին Ջերմուկի սարերում ադրբեջանական զորամիավորումների կուտակումների և այդ հատվածում զորամասի կառուցման մասին:

Ավելի ուշ, լրատվամիջոցների հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հերքել էր Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորամաս կառուցելու մասին տեղեկատությունը:

«Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորքի կուտակումներ չկան, և որևէ արտառոց բան չի եղել, տեսանյութը նկարվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման աշխատանքների ժամանակ։ Ինչ-որ հատվածում պետք է ճշտեին սահմանը, գնացել ճշտել են հայկական կողմի հետ միասին»,- մասնավորապես, fip.am-ի հետ զրույցում ասել էր նա և հավելել, որ տեսանյութը նկարահանվել է ոչ թե Ջերմուկի մոտակայքում, այլ Մեծ Ալ լճի (Ալագյոլ) շրջակայքում։

«Ալագյոլ լիճն այն ժամանակ էլ իրենց տարածքում է եղել։ Լիճը քաղաքից շատ հեռու է, բայց հայ-ադրբեջանական սահմանը քաղաքից 12 կմ հեռու է»,- շեշտել էր նա:

Ինչ իրավիճակ է այսօր Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում՝ մոտ 2700 մետր բարձրության վրա:

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախաձեռնությամբ լրագրողական խմբի հետ այցի ընթացքում 168.am-ը նախ արձանագրեց՝ «սարերի վրա» տեղակայված դիրքեր տանող ճանապարհը հեշտ չէ: Եվ սա՝ այն դեպքում, երբ եղանակը տաք է, և արդեն իսկ սկսել են ճանապարհի հարթեցման աշխատանքները:

«Ներկա պահին գտնվում ենք զորամասին վստահված տեղամասի մարտական դիրքերից մեկում՝ ՀՀ պետական սահմանին: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք՝ զինվորականներս, կատարել ենք մեզ առաջադրված խնդիրները: Նոյեմբերի 17-25-ն ընկած ժամանակահատվածում գունդը զբաղեցրել է պաշտպանության նոր տեղամաս, որտեղ մենք հիմա գտնվում ենք, և նշված ժամանակահատվածից մինչ օրս ստանձնել ենք պետական սահմանի պահպանություն: Բացի պետական սահմանի պահպանությունից, ակտիվ և մեծ ծավալով իրականացնում ենք զբաղեցրած նոր բնագծերի կահավորման, ճանապարհների կառուցման աշխատանքներ, ինչպես նաև՝ առաջնագծի կահավորման և բնակավորման»,- մանրամասնեց Ջերմուկի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը:

Նշված դիրքից հակառակորդը գտնվում է 1000-1200 մետր հեռավորության վրա, գնդի տեղամասի պաշտպանության տարբեր հատվածներում հակառակորդից հեռավորությունը տարբեր է, տեղ կա, որ այն 100-150 մետր է:

«Ներկա պահին սահմանային լարվածություն, հակառակորդի կողմից որևէ սադրող գործողություն չկա»,- շեշտեց գնդապետը:

Մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ խախտեց ՀՀ պետական սահմանը և ներխուժեց մեր երկրի ինքնիշխան տարածք, որտեղից դեռ չի հեռացել:

Իսկ ՀՀ իշխանությունները վերջին շրջանում այս մասին առհասարակ ո՛չ խոսում են, ո՛չ էլ նրանց հեռացման պայմանի մասին բարձրաձայնում: Ջերմուկի ուղղությամբ պետական սահմանի խախտում չի եղել:

«Գնդին վստահված տեղամասերից առանձին հատվածում տեղի է ունեցել հակառակորդի կողմից պետական սահմանի որոշակի չափով խախտում, որի մասին ՊՆ-ն պաշտոնական տվյալներ է հրապարակել»,- նշեց գնդապետ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մշտապես պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքին և ոտնձգությանը պատասխան տալու, այդ թվում՝ արտահերթ ընտրության օրը:

Զինվորականը պատերազմական խնդիրը կատարված-չկատարված համարելու իր «օրենքն» ունի

Ջերմուկի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը պատերազմի օրերին եղել է Քարվաճառում, ոչ մի դիրք չեն թողել, պահել են մինչև վերջ։ Ցավոք, այն այսօր թշնամու վերահսկողության տակ է:

«Մենք՝ զինվորականներս, մեր խնդիրը համարում ենք կատարված կամ չկատարված՝ ելնելով մեզ առաջադրված մարտական խնդրի կատարման արդյունքից: Իսկ թե ինչ է տեղի ունեցել քաղաքական որոշման արդյունքում՝ դա թող ասեն քաղաքական որոշում կայացնողները և քաղաքագետները: Ես կասեմ՝ նշված ուղղությամբ հաղթել է իմ զինվորը, միասնությունը: Ինձ պարզապես բախտ է վիճակվել այդ ժամանակահատվածում ղեկավարել այդ փառապանծ զորամասը և արժանանալ փառքի՝ որպես հաղթանակած հրամանատար: Քարվաճառում հաջողություններից մեկի պատճառն այն էր, որ անձնակազմի պաշտպանվածությունը հասցվել էր գրեթե 100 տոկոսի»,- ասաց գնդապետը, ով, ի դեպ, արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

168.am-ի հարցին, որ պատերազմի պարտությունը ժամանակ առ ժամանակ փորձ է արվում բարդել բանակի վրա, արդյո՞ք բանակն է պարտվողը կամ նրանն է պարտության ամբողջ պատասխանատվությունը, գնդապետ Մարտիրոսյանը սահմանափակվեց՝ ասելով՝ պարտվել է ամբողջ հայ ազգը:

Նա անգամ չցանկացավ պատմել պատերազմի ընթացքում գործած իր սխրանքները, որի համար արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Փոխարենը ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը հայտնեց՝ համապատասխան զորամասը Քարվաճառի ուղղությամբ իրականացված պաշտպանական օպերացիայի, ինչպես նաև՝ հակագրոհների արդյունքում իր առջև դրված խնդիրները կատարել է լիարժեք:

«Այդ ընթացքում ժամկետային, պայմանագրային զինծառայողներից մինչև գնդի հրամանատար ընդգրկված են եղել մարտական գործողություններում: Գնդի հրամանատարը հմտորեն և սառնասրտորեն կատարել է առաջադրված գործողությունները, կայուն է պահել ղեկավարման համակարգը, կարողացել է ճիշտ փոխգործակցություն կազմակերպել աջ և ձախ հարևանների հետ, և ճիշտ խնդրի առաջադրմամբ և նոր մարտավարական հնարքների կիրառման շնորհիվ կարողացել է ակնկալվող արդյունք ստանալ՝ պահելով վստահված պաշտպանական բնագիծը: Ուստի գնահատելով հրամանատարի և ենթակա անձնակազմի կատարած սխրանքները, իմաստավորելով զորամասի ձեռքբերումները, զորամասի հրամանատարին ներկայացրել ենք «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Զորամասը նույնպես ստացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան»,- շարունակեց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը:

 Գերիշխող և նպաստավոր դիրքում հայկական կողմն է

Վերադառնալով Ջերմուկի ուղղությամբ մեր այցելած մարտական առաջին դիրքին, գնդապետ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ հատվածը Ջերմուկ քաղաքից 16-17 կմ հեռու է՝ հավելելով, որ իրենց վստահված պաշտպանության բնագծում արել են, ինչ կարողացել են, և, որ կահավորման աշխատանքները շարունակվում են, ընթացքի մեջ են, անհրաժեշտության դեպքում տեխնիկա են աշխատեցնում:

Ի դեպ, այստեղ նաև խրամատ էր փորվում. այս պահին իրականացնում են պահպանություն, բայց անհրաժեշտության դեպքում գործողությունները կարող են պաշտպանության մակարդակի բերվել:

Հրամայված է կասեցնել

Ինչ վերաբերում է դիրքային առավելությանը, արդեն Ջերմուկի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանն է պնդում՝ այսօր իրենց վստահված պաշտպանական հատվածում 80 տոկոսով գերիշխող և նպաստավոր դիրքում է հայկական կողմը:

«Մարտ վարելու համար հրաշալի պայմաններ կան»,- ընդգծեց նա:

Մեր այցելած հաջորդ դիրքը գտնվում էր հակառակորդից 250-300 մետր հեռավորության վրա: Բնակլիմայական պայմանների առումով իրավիճակը բարդ է, ձյունը միայն քսան օր առաջ է հալվել:

«Տարվա մոտ 8 ամիսը, կարելի է ասել, այստեղ ձմեռ է: Ձյունը 15-20 օր առաջ է հալվել: Անձնակազմն ընտելացած է նման պայմաններին, որովհետև մենք Քարվաճառի լեռներում ենք եղել: 44 օրյա պատերազմին մասնակցել ենք, որից հետո, երբ պիտի դուրս գայինք Քարվաճառից, դարձյալ զգոնությունը չենք թուլացրել՝ մինչև բնակչությունը դուրս է եկել այդտեղից, ամենավերջում մենք ենք դուրս եկել»,- նշեց գումարտակի հրամանատար Մուշեղ Խալաթյանը:

Հրամանատարն ասում է՝ զինվորի հոգեբանության մեջ ոչինչ չի փոխվել, մեծ հաշվով:

«Զինվորն իրեն պարտված չի համարել և չի համարում: Եվ ինչպես միշտ հաղթողի հոգեբանություն ունեցել է, նույնն էլ հիմա է: Կարող եք մեզ մոտ ցանկացած զինվորի հետ խոսել և համոզվել, որ բարոյահոգեբանական լավ վիճակում է»,- ընդգծեց Խալաթյանը:

Վերադառնալով Ջերմուկի սահմանային գոտուն, հրամանատարն արդեն 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ դիրքային առավելությունը մեր կողմում է:

«Մի պահ կար, տեղեկություն էին տարածում, թե թուրքերը հասել են «եղնիկի» մոտ, նման բան չի եղել, իրենք այստեղ մի մետր առաջ չեն եկել: Բոլոր կարևոր բարձունքներում մենք ենք նստել՝ անկախ նրանից, որ սահմանի եզրով ենք: Եթե նայեք ձեր աջ և ձախ կողմերը, սարերի վրա մենք ենք «նստած»:

Այսինքն, բոլոր բարձունքները գտնվում են մեր վերահսկողության տակ: Հակառակորդը ցանկացել է, որ մենք առաջնագծից մի քիչ հետ նստենք, դա կոչվում է ապահովման գոտի, առաջարկել են այդտեղ նստենք, բայց մենք նստել ենք առաջնագծում: Մենք սահմանագծով կանգնած ենք, մի մետր հեռու չենք»,- մանրամասնեց գումարտակի հրամանատարը:

168.am-ի դիտարկմանը՝ շատ է խոսվում, որ զորքը չկրակելու հրաման ունի, ձեռնամարտով է հակառակորդի դեմն առնում, զինվորականը պնդեց՝ երբ հասկանում են, որ հակառակորդը հարձակման է պատրաստվում, անմիջապես կասեցվում է այդ մտադրությունը:

«Եթե հակառակորդն իր տեղից շարժվում է և առաջ է գալիս, մեզ համար պարզ է՝ բացահայտ հարձակում է գործում, մենք դա կասեցնում ենք, թեկուզ դեռ լինի իրենց տարածքի մեջ: Մենք չենք սպասելու, որ ինքը հասնի մեր տարածքի մեջ, իրենց առաջխաղացումը կասեցնելու ենք հեռվից: Կրկնում եմ՝ նրանց առաջխաղացումը կասեցնելու ենք: Գումարտակին հրաման ես եմ տալիս, ես նման հրաման՝ ձեռնամարտի, չեմ տվել: Ես տվել եմ՝ կասեցնել հակառակորդի առաջխաղացումը»,- պնդեց պաշտպանական նշված գոտու պատասխանատուն և հավելեց՝ ինքնուրույն որոշում կայացնելը ճիշտ է:

«Փորձը ցույց է տալիս, որ վերադաս հրամանատարությունը չի կարողանում տեսնել, այսինքն՝ տեղանքում մենք ենք, մենք ենք տեղում որոշում՝ ոնց անենք, որ ամեն ինչ ճիշտ լինի: Եթե մենք տեղում չորոշենք, ամեն սխալ մեզնից կգա: Իհարկե, անպայման զեկուցում ենք. եթե հասցնում ենք՝ նախօրոք, եթե ոչ՝ կատարում ենք և հետո ենք զեկուցում: Ասեմ, որ մեր Քարվաճառի պաշտպանական հաղթանակը հենց դրանում է կայացել, որ մենք որոշել ենք ոչ մի քայլ հետ, գործել ենք գնդի, գումարտակների կազմով՝ ինքնուրույն»,- շեշտեց Խալաթյանը:

Արդեն ավարտել էի հարցուպատասխանը, երբ հրամանատար Խալաթյանը խոսելով բնագծերում դեռ չավարտված կահավորումից, ասաց՝ տղամարդը չի կարող «լացել», որ գետնին է քնում, որ դեռ մահճակալ չկա, չի կարող «լացել» սննդի տեսականուց, նոր բնագծեր են, և աստիճանաբար ամեն ինչ կարգավորվելու է, կարևորը պետական սահմանը և հայրենիքը պաշտպանելն է:

Այս զրույցից հետո հերթական անգամ հասկանում ես՝ ֆեյսբուքյան Հայաստանը դիրքային Հայաստանից տարբերվում է:

Եվ մինչ «ներքևում» քաղաքական ուժերն իրար ինչ-որ բաներ են ապացուցում, մինչ երկրի ղեկավարման աթոռից կառչած անձնավորությունը չագուչով աջուձախ սպառնում է և «դևեր» քշում, այստեղ տղերքը 2700 մետր բարձության վրա դիրք են պահում՝ անտրտունջ, չպարտվածի հոգեբանությամբ, և իրենց ուժը ցուցադրում միայն դիմացից երևացող հակառակորդին՝ հրամայված է կասեցնել…

Տեսանյութեր

Լրահոս