«Հետո՞ ինչ՝ ասֆալտ եք փռել, եթե բեռնատար դրանով չի անցել, վարկ են վերցրել՝ խաղադրույք արել, ձեր ասֆալտը տնտեսական աճի չի վերածվել». Ալեքսանդր Խաչատուրյան

2021 թ․ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններից առաջ գործող Կառավարությունը չզեկուցվող հարցերից մեկով պետբյուջեից 750 միլիոն դրամ է հատկացրել Առողջապահության նախարարությանը՝ կովիդի տնտեսական հետևանքները չեղարկելու համար, մեկ այլ որոշմամբ էլ՝ 500 միլիոն դրամ է հատկացրել ոչ թե Սյունիքի մարզպետարանին, այլ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար։ Կառավարության երրորդ որոշմամբ էլ՝ 1 միլիարդ 200 միլիոն դրամ բաժին է հասել Հայաստանի 9 մարզերին, սակայն Կառավարության ընդունած այս որոշումներից որևէ մեկում պարզաբանված չէ, թե պետբյուջեից հատկացված այս գումարների շահառուներն ովքեր են դառնալու, ինչու և ինչպես։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ալեքսանդր Խաչատուրյանը վերը նշված որոշումների վերաբերյալ նշեց, թե դեռևս նմանատիպ շատ այլ որոշումների ականատես կլինենք, քանի որ գործ ունենք մի Կառավարության հետ, որի խոսքը հակադրվում է գործին։

«Եթե ցանկացած մեկ այլ նախկին իշխանություն նման բան աներ, իրենք այնպիսի աղմուկ կբարձրացնեին, որովհետև օբյեկտիվորեն այդպես աշխատելը ճիշտ չէ։ Կառավարությունը չպետք է թափանցիկությունը հրատապության տակ քողարկի, և երբ մարդիկ նրանց հարցնեն, թե փողն ուր է՝ ասեն, թե՝ մեզ դեմ եք։ Բոլոր նրանք, ովքեր հարցնում են, թե պետբյուջեի գումարներն այս Կառավարությունն ինչպես է ծախսում, համարում են իրենց ընդդիմադիր, բայց չէ՞ որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրավունք ունեմ պնդել, որ եթե Կառավարությունն իմ վճարած հարկերով ինչ-որ բան է անում, ապա պարտավոր է ապահովել թափանցիկություն, իսկ եթե չի ապահովում, թող չզարմանա, որ իրեն հարցնում են՝ ինչո՞ւ։ Ասածս տարածվում է նաև Կառավարության կողմից կատարվող մեկ անձից գնումների վրա. այստեղ էլ այս Կառավարությունը չի հետևում այն կանոններին, որը թմբկահարում էր, երբ ինքը ընդդիմություն էր»,- ասաց Խաչատուրյանը։

Ըստ նրա՝ բնական է, որ գործող Կառավարությանը պետք է հարցնեն, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ բյուջեից 1 միլիարդ 200 միլիոն դրամ հատկացնում են ՀՀ 9 մարզերին, իսկ 500 միլիոնը՝ ոչ թե Սյունիքի մարզպետարանին, այլ՝ ներդրումային հիմնադրամին։

Հարցին՝ արդյոք նույն հարցը չե՞նք կարող հնչեցնել նաև՝ պարզելու համար, թե ինչպես է ստացվում, որ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի գրասենյակի ղեկավարին առնչակից ասֆալտի որակ ստուգող ընկերությունից պետությունը կատարում է 15 միլիարդ դրամի գնում, Ալեքսանդր Խաչատուրյանն այսպես արձագանքեց.

«Ճանապարհաշինության ոլորտում մեր բոլոր ընկերությունները մեռե՞լ են, որ մեկ անձից՝ հենց այդ ընկերությունից եք գնում։ Կամ՝ եթե Կառավարությունն ասում է, որ այդ ընկերությունը լավն է, այդ դեպքում թող մրցույթ հայտարարի, որ որևէ մեկի մտքով որևէ այլ հարց չառաջանա։ Ինչ վերաբերում է բերած պատճառաբանություններին, թե հարցը հրատապ է, դրա համար են մեկ անձից գնում, ապա հարց՝ բա ի՞նչ էիք անում, պլանավորեիք»,- ասաց Խաչատուրյանը։

Անդրադառնաով Կառավարության որոշումներից մեկին, որով Կառավարության պահուստային ֆոնդից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել, ըստ Նիկոլ Փաշինյանի պարզաբանման, Սոթքից մինչև Խոզնավար 115 կմ առաջնագծի կահավորման համար, և որպեսզի գործընթացն արագ լինի, ինքն առաջարկել է դիտարկել մեկ անձից գնման տարբերակը, Ալեքսանդր Խաչատուրյանը պատախանեց.

«7 ամիս է՝ ինչո՞վ էիք զբաղված, ինչո՞ւ է հիմա այս հարցը դարձել հրատապ, և դա՝ այն դեպքում, երբ Փաշինյանը 15 կետ էր հրապարակել, որոնցից մեկը վերաբերում էր հենց սահմանների կահավորմանը։ Ինձ անհանգստացնում է այն, որ նոր են հիշել, որ նախընտրական շրջանակում որոշել են 2.5 միլիարդ դրամ հատկացնել առաջնագիծ կահավորելու համար»,- ասաց նա։

Ալեքսանդր Խաչատուրյանը խոսեց նաև ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ գործող Կառավարության կողմից իրականացված քաղաքականության մասին և փաստեց՝ արվել է հակառակը՝ այնպես, որ Հայաստանը ներդրողի համար լինի ոչ գրավիչ։

«Ես մի բան գիտեմ, որ եթե դու քո երկրում արդեն առկա ներդրողի հետ ունես խնդիր, ու իրենք արդեն բողոքում են, նոր ներդրողի հայտնվելու շանս չկա։ Հայաստանն այս պահին ունի մոտ 350-400 միլիոն դոլարի արբիտրաժային հայց, եթե «Ամուլսարն» էլ որոշի մեզ դատի տալ, ապա մինչև 1.8 միլիարդ դոլար է պահանջելու Հայաստանից, և այդ համատեքստում այսօրվա 400 միլիոն դոլարի պարտքը մեզ երազ է թվալու։ Այդ պարտքը փակելու համար մենք կա՛մ մի բան պետք է ծախենք, որը չունենք, կա՛մ պետք է հարկերը բարձրացնենք. այո՛, հարկատուներն են վճարելու այդ պարտքերը, ուստի առաջին հերթին հենց երկրի ներսում գործող ներդրողի հետ պետք է խոսել ու ստեղծել վստահության միջավայր»,- ասաց Խաչատուրյանը։

Դիտարկմանը, որ իր ասածի ճիշտ հակառակ պատկերն է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ հորիզոնականը զբաղեցնող գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ պնդելով, որ այս պահին Հայաստանում 600 միլիարդի ներդրում կա և այս թիվը ֆանտաստիկ թիվ է, Ալեքսանդր Խաչատուրյանը պատասխանեց.

«Ես նայում եմ վիճակագրությունը, 2019 թվականին ունեցել ենք ընդամենը 140 միլիոն դոլարի ներդրում՝ կոպեկներ։ Ես չգիտեմ, թե Խաչատուր Սուքիասյանի ասած այդ 600 միլիարդ ներդրումը որտեղ է թաքնված, բայց այն որևէ վիճակագրությամբ չի երևում։ Մեզ մոտ այս պահին ընթացող ամենաթանկ ծրագրերից մեկը «Ամուլսարի» ծրագիրն էր, մյուսը՝ Հյուսիս-Հարավն էր՝ պետական գումարներով։ Հիմա մոտ 200 միլիոնի մի նոր ծրագիր են փորձում անել, բայց, իմ անձնական կարծիքով, խնդիրներ կունենան։ Այնպես որ՝ ինչպես հաշվում եմ, այդ 600 միլիարդը չեմ տեսնում»,- ասաց Խաչատուրյանը՝ հավելելով, որ ներդրումների բացակայության վերաբերյալ վստահ է, որ գործող իշխանությունն իր ծոցագրպանում 5-6 պատճառ ևս ունի, սակայն դրանք բոլորն էլ նոնսենսների շարքից են։

«Այդ պատճառաբանությունները նոնսենս են այնպես, ինչպես նոնսենս է այն, երբ ղեկավարը հայտարարում է, որ իր ենթական լավ չի աշխատում, բայց պահում է, աշխատանք չի տանում հետը, կամ երբ թերթի գլխավոր խմբագիրը մեղադրում է հասարակությանը, որ իր թերթը չեն գնում, ու ինքը փող չունի։ Եթե մեղադրում ես՝ քո ենթական լավ չի աշխատում, բա ինչո՞ւ ես պարգևավճար տալիս. այստեղ էլ, իհարկե, պետք է հասկանալ, թե 2020 թվականին տրված այդ 20 միլիարդ դրամ պարգևավճարը որտեղից է եկել Հայաստան։ Այո՛, ինչ-որ բաներ արել են, ասֆալտը փռել եք, ապրեք, բայց եթե դրանով տնտեսությունը չի աճում, բեռնատար չի գնում, հետո՞ ինչ, չէ՞ որ ՀՆԱ-ի և կառուցած ճանապարհների միջև կապ չկա, մեզ մոտ միայն աճել է սպառումը, տուրիզմը, 2018 թվականի համեմատ՝ 20 տոկոսով աճել է բուքմեյքերական ընկերությունների շրջանառությունը։ Այսինքն՝ վարկ են վերցնում, որ խաղադրույք անեն, հետևաբար՝ հետո՞ ինչ՝ ասֆալտ եք փռել. չէ՞ որ դա տնտեսական աճ չի դարձել»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս