Ականապատ տարածքների քարտեզի փոխանակումը 15 ռազմագերիների հետ Հայաստանի անվտանգության լուրջ սպառնալիք է. Դավիթ Շահնազարյան. Անկախ նորություն
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն այսօր «Լազարյան ակումբի» նիստի ընթացքում ներկաների ուշադրությունը հրավիրեց երկու օր առաջ տեղի ունեցած գործարքին, ըստ որի Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են փոխանցել Աղդամի շրջանի ականապատ տարածքների քարտեզները՝ փոխարենը վերադարձնելով 15 հայ ռազմագերիների:
Շահնազարյանն այս գործարքը որակեց իբրև Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդիր:
«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գործարք, և Վրաստանի տարածքով 15 հայ ռազմագերիների վերադարձի դիմաց Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են հանձնել Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները: Հարցը շատ զգայուն է, վերադարձել են ռազմագերիներ: Ես կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ 90-ականներին պատերազմի ժամանակ հայ ռազմագերիները դաշտային հրամանատարների միջոցով վերադառնում էին հայրենիք կոնկրետ գործարքի արդյունքում՝ մենք նրանց վճարում էինք: Բայց ներեցեք, դրանք ուղղակի փողեր էին, իսկ այս գործարքը (քարտեզների փոխանցումը) ազգային անվտանգության լրջագույն խնդիր է»:
Շահնազարյանի խոսքով՝ միայն Աղդամում կա մինչև 97 հազար ական, և Ադրբեջանն այդ քարտեզների շնորհիվ հնարավորություն է ստանում անհապաղ ռազմականացնել Աղդամի շրջանը: «Իսկ թե դա ինչ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի համար, այս լսարանը շատ լավ պատկերացնում է»,-նկատեց նա:
Շահանզարյանը նշում է՝ այն, ինչ Ադրբեջանը պետք է աներ 2020 թ․ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության համաձայն (գերիների վերադարձը), հիմա, փաստորեն, դարձրել է գործարք:
«Ռազմագերիների վերադարձն արդեն գործարք է, ընդ որում՝ ոչ համարժեք։ Եվ ես խիստ կասկածում եմ, որ ռազմագերիների ազատման հարցում Բաքվի վրա միջազգային ճնշումների տեմպերը չեն նվազի: Գիտեք, որ Եվրախորհրդարանն է բավականին օբյեկտիվ հայտարարություն և բանաձև ընդունել, որոշ եվրոպական երկրներ, և ես ուզում եմ նշել, որ այդ ամենը տեղի է ունեցել Հայաստանի ընդդիմության ակտիվ գործունեության արդյունքում և ոչ թե Հայաստանի իշխանությունների»,-ասաց Շահնազարյանը։
Ստեղծված իրավիճակի հաջորդ կարևոր շեշտադրումն, ըստ Շահնազարյանի, այն է, որ ԱՄՆ-ն այստեղ հանդես է գալիս ոչ միայն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, այլ շատ ավելի լայն լիազորություններով: «Երեկ Վրաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ բանակցություններն ընթացել են 2-3 ամիս: Այս իրավիճակը ոչ միայն հարված է՝ ուղղված Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգությանը, այլև բացահայտում է (ես չեմ ուզում ասել՝ փոխում է) աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրությունները Հայաստանում ու Արցախում»:
Իրավիճակի մյուս ուշագրավ կողմը, ըստ Շահնազարյանի, այն է, որ այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման նախաշեմին: «Բնական է, որ Միացյալ Նահանգներն այս հանդիպումից առաջ ստանում է որոշակի դիվիդենտներ»,-նկատեց նա:
Շահնազարյանը կարծում է, որ Մոսկվան բավականաչափ լրջորեն պետք է վերաբերվի այս գործարքին:
«Ռուսաստանի արտգործնախարարության քաղաքականությունը, ըստ որի նախ պետք է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտության, որից հետո նոր անցնել հակամարտության կարգավորմանը, Արցախի կարգավիճակին և այլն, ակնհայտ է, որ չի աշխատելու, որովհետև մենք ամեն օր լսում ենք Ադրբեջանի ղեկավարության հերթական խիստ հակահայկական ելույթները: Ես գտնում եմ, որ այդ բանաձևը՝ հաշտեցում, հետո կարգավորում, բավարար արդյունավետ չէ»,-ասաց Շահնազարյանը՝ հավելելով, որ այսօրվա ղեկավարությամբ Ադրբեջանի հանրապետությունը նացիստական պետություն է:
Նյութն ամբողջությամբ՝ Անկախ նորություն