Թբիլիսիում բողոքում են լույսի, գազի և ջրի սակագնի բարձրացման դեմ
Թբիլիսին կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվել գազի, ջրի եւ էլեկտրականության սպառողական սակագների բարձրացման դեմ: Այդ մասին Sputnik-ի թղթակիցը հաղորդում է իրադարձությունների վայրից։
Ակցիայի մասնակիցները, որի կազմակերպիչը «Քարթուլի դասի» ընդդիմադիր կուսակցությունն է, հավաքվել են Հանրապետության հրապարակում, իսկ հետո ավտոշարասյունով ուղեւորվել դեպի Ինգորոկվա փողոցում գտնվող կառավարական դիվանատան շենք: Նախապես կազմակերպիչները պլանավորել էին հրապարակից ուղեւորվել դեպի Վրաստանի էներգետիկայի եւ ջրամատակարարման ազգային կարգավորիչ հանձնաժողովի գրասենյակ, բայց հետո փոխել են երթուղին:
«Քարթուլի դասի»-ի առաջնորդ Ջոնդի Բագատուրիայի խոսքով՝ կառավարությունը բնակչությանը մատնել է էլ ավելի մեծ աղքատության: «Կառավարության կոռումպացված շահերի պատճառով էլեկտրականության, գազի եւ ջրի սակագները բարձրացվել են անօրինականորեն, անարդարացիորեն եւ անազնվորեն: Մենք հաշվարկել ենք՝ ձմռանը շարքային թոշակառուն հարկադրված է վճարել 45-60 լարիով ավելի շատ: Այս տարի սուբսիդիաներ է ստացել 700 հազար ընտանիք, այսինքն՝ 700 հազար ընտանիք գտնվում է աղքատության շեմին»,-ասել է Բագատուրիան: Ինչպես նշել է կուսակցության առաջնորդը, գների անարդարացի բարձրացման հաշվին կառավարությունը կստանա 200 մլն լարի: Հունիսի 1-ից Tbilisi Energy ընկերությունը բարձրացրել է գազի սակագինը: Թբիլիսցիները 1 խորանարդ մետրի դիմաց կվճարեն 53,972 տետրի՝ 46,138 տետրիի փոխարեն:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա այն բարձրացել է հունվարի 1-ից: Վրաստանի էներգետիկայի եւ ջրամատակարարման ազգային կարգավորիչ հանձնաժողովի (GNERC) որոշման համաձայն, երկրի բնակչության համար 1 կիլովատի դիմաց սակագինն ավելացել է 3,5 տետրիով եւ 1 կիլովատի դիմաց կազմել 26,537 տետրի՝ կախված էլեկտրաէներգիայի ծախսից: Բարձրացել է նաեւ ջրի սակագինը: Հունվարի 1-ից Թբիլիսիի եւ Մցխեթի բնակիչները 0,33 լարիի փոխարեն 0,5 լարի կվճարեն 1 խորանարդ մետր ջրի դիմաց:
Մնացածները ջրի համար կվճարեն՝ կախված ընտանիքի անդամների թվաքանակից: Այդպիսի բաժանորդների համար ամենամսյա սակագինը մեկ մարդու համար 4,518 լարի է՝ 3,9-ի փոխարեն: Ինչ վերաբերում է այս տարածքի ձեռնարկություններին եւ առեւտրային սեկտորին, ապա նրանց համար սակագինը 1 խորանարդ մետրի դիմաց 4,4 լարիից կբարձրանա մինչեւ 6,503 լարի: