Եկեղեցուն և եկեղեցականին թիրախավորելով` Փաշինյանը դարձյալ փորձում է ձայներ ստանալ աղանդավորական և հակաեկեղեցական զանգվածի կողմից. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

168.amի հարցերին պատասխանել է Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

– Սրբազա՛ն հայր, Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ժամանակ հերթական անդրադարձն է կատարել հոգևոր դասին՝ նկատելով «Կանենք էնքան հեղափոխություն՝ մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ»: Խնդրում եմ անդրադառնաք Փաշինյանի այս հայտարարությանը, և թե ինչո՞վ են, առհասարակ, պայմանավորված, իշխող թիմի կողմից եկեղեցու, եկեղեցականի հանդեպ պարբերաբար ուղղվող սլաքները:

– Առնվազն զարմանալի և անհասկանալի է, երբ խոնարհության և ծառայության մասին խոսում է մի անձնավորություն, որը զուրկ է թե՛ մեկից, թե՛ մյուսից: Վերոնշյալ անձնավորությունը՝ Նիկոլ Փաշինյանը, և իր թիմակիցները, մեր խորին համոզմամբ, վաղուց արդեն սպառել են իրենց, և այլևս եկել է ժամանակը պատասխան տալու վերջին 3 տարիների ապաշնորհ կառավարման, ժամանակի և բոլոր ռեսուրսների մսխման, հազարավոր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերիների, Արցախի զգալի մասի կորստի, պետությունը անդունդի եզրին հասցնելու, ժողովրդին խաբելու և գաղտնիաբար ամոթալի փաստաթղթեր ստորագրելու համար:

Եկեղեցուն և եկեղեցականին թիրախավորելով` Նիկոլ Փաշինյանը դարձյալ փորձում է ձայներ ստանալ աղանդավորական և հակաեկեղեցական զանգվածի կողմից: Սակայն մենք պետք է թարմացնենք Փաշինյանի աղավաղված և մթագնած հիշողությունը և ասենք, որ Հայ Եկեղեցին և եկեղեցականը ոչ միայն իր գոյության ողջ ընթացքում է ծառայել իր Հայրենիքին ու ժողովրդին, այլ նաև վերջին պատերազմի ժամանակ:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հայ հոգևորականը գտնվում էր պատերազմի ամենաթեժ կետերում, ոչ միայն ոգեշնչում հայ զինվորին ու կամավորականին, այլ նաև զենքը ձեռքին մարտնչում ու նահատակվում հանուն Հայրենիքի: Հայ հոգևորականն էր այցելում վիրավորված ու խեղված զինվորականներին, մխիթարում զոհվածների ու անհետ կորածների ծնողներին ու հարազատներին:

Հայ Եկեղեցին էր, որ իր աշխարհասփյուռ թեմերի միջոցով հանգանակություններ էր կազմակերպում և ուղարկում Հայաստան Համահայկական հիմնադրամ՝ Արցախի կարիքների համար, որից, ի դեպ, մի կլորիկ գումար նվիրաբերվեց ապաշնորհ կառավարությանը և չծառայեց նպատակին: Հայ Եկեղեցին է, որ մինչ օրս շարունակում է սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին՝ իրականացնելով տարատեսակ սոցիալական ծրագրեր Հայաստանում և Արցախում: Հայ Եկեղեցին և եկեղեցականը մշտապես խոնարհությամբ ծառայել է իր ժողովրդին և Հայրենիքին, բայց խոնարհության ու ծառայասիրության հետ մեկտեղ՝ միշտ եղել է բարձունքում՝ երբեք ծունկի չգալով նրանց առաջ, որոնք դարերի հոլովույթում փորձել են սասանել ու ծնկի բերել մեզ:

– Պատերազմի սկզբում եղաք Արցախում, առաջնագծում, Ձեզ համար պատերազմի նման վերջաբանը սպասելի՞ էր։ Ըստ Ձեզ՝ ո՞րն էր պարտության պատճառը:

– Այո, պատերազմի սկսվելուց հետո Արցախ ենք մեկնել Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ՝ հայ զինվորի և հրամանատարի կողքին կանգնելու, ոգեշնչելու և մարտական ոգին բարձր պահելու համար: Կարծում ենք՝ զարմանալի ոչինչ չկա այստեղ, քանզի հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում հայ հոգևորականը ոչ միայն եղել է քարոզիչ, այլ նաև զինվոր, մի ձեռքին՝ խաչ, մյուսին՝ զենք, մասնակցել Հայրենիքի պաշտպանության կամ ազատագրության սրբազան առաքելությանը: Այս պատերազմը ևս բացառություն չէր հայ եկեղեցականների մասնակցության առումով սահմանի ողջ երկայնքով:

Արցախում մենք տեսանք արի, առյուծասիրտ և սխրագործ զինվոր ու սպա, կամավորականներ, որոնք ակնթարթ անգամ չեն մտածել պարտության, նահանջի կամ վախի մասին:

Անշուշտ, նման խայտառակ ավարտ երբևէ չի անցել որևէ մեկիս մտքով անգամ: Պարտության պատճառների մասին այսօր շատ է խոսվում, դրանք տարաբնույթ են ու բազմազան, սակայն, երբ վերլուծում ենք ամեն ինչ, հանգում ենք այն եզրակացության, որ հիմնական խնդիրը եղել է գործող իշխանության ապաշնորհությունը, անկազմակերպվածությունը:

– Հասարակության մեջ, մեր շրջապատում հաճախ նկատում ենք մարդկանց, որոնք անտարբեր են երկրում կատարվողի հանդեպ, հաճախ չեն գիտակցում կորստի չափը, ինչո՞վ եք պայմանավորում այս ընդարմացումը:

– Այն, ինչ կատարվում է այսօր մեր Հայրենիքից ներս՝ ուղղակի կաթվածահար է արել համայն հայությանը, բայց միևնույն ժամանակ մեզ մտահոգում և զարմացնում է Հայաստանում և Արցախում ապրող մեր հայրենակիցների մի մասի անտարբերությունը, կամ նույնիսկ պահի օրհասական լինելու գիտակցության բացակայությունը:

Վերջին 3 տարիներին մեր ժողովրդին անընդհատ պահել են ստի ու կեղծիքի մեջ, սնել ստահոդ տեղեկություններով, այսօր էլ անամոթաբար շարունակում են մարդկանց մոլորեցնել, սին խոստումներով և անիրական ձեռքբերումների ֆոնի վրա աղավաղել իրականությունը և հանրության մի հատվածի կտրել գորշ իրականությունից: Մեր ժողովրդին պառակտել են, բաժանել սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, բարոյապես ու հոգեպես ճնշել: Այս առումով մեծ անելիք ունենք նաև մենք՝ Հայ Եկեղեցին և եկեղեցականը, դասեր պետք է քաղենք նաև մենք և լրացնենք այն բացը, այն թերացումները, որի հետևանքով այսօր ականատես ենք լինում անտարբերության կամ իրավիճակի ոչ սթափ գնահատման:

– Ի՞նչ եք կարծում, այս քաղաքական ուժի վերարտադրության պարագայում Հայաստանն ու Արցախն ապագա ունե՞ն:

– Աստված ոչ անի, բայց եթե մեր ժողովրդի հանցավոր անտարբերության հետևանքով այս իշխանությունը վերարտադրվի, ապա ոչ միայն Հայաստանն ու Արցախը ապագա ունենալ չեն կարող, այլ արդեն լուրջ կասկածի տակ կդրվի հայոց անկախ պետականության լինելիության հարցը: Այս ընտրություններն էականորեն տարբերվում են նախորդներից, քանզի տեղի են ունենալու Հայրենիքի համար օրհասական պահի, և յուրաքանչյուրի ձայնը, քվեն վճռորոշ է լինելու մեր ազգի ապագայի և մեր գոյության համար:

– Ընտրությունները կպարպե՞ն երկրում առկա լարված մթնոլորտը:
– Տա՛ Աստված, որ ընտրություններից հետո իրապես պարպվի այն լարված ու ատելությամբ լի մթնոլորտը, որն առկա է այսօր: Անշուշտ, կան մտավախություններ, սակայն մենք վստահ ենք, որ մեր ժողովրդի զավակներն իմաստուն կգտնվեն, ճիշտ կգնահատեն ստեղծված իրավիճակը, յուրաքանչյուրը կելնի ոչ թե անձնական նեղ մղումներից ու շահից, այլ կգիտակցի, որ նժարին դրված է ամենաթանկն ու անգինը՝ Հայրենիքը, անկախ պետականությունը, որի համար մեր նախնիներն արյուն են հեղել: Մենք Հայրենիք չունենք թշնամուն հանձնելու, քանզի յուրաքանչյուր սանտիմետր ներկված է մեր նահատակաց արյունով:

– Կռապաշտության մասին. Աստվածաշունչը մերժում է կռապաշտությունը, սակայն Քրիստոնեությունն առաջինը պաշտոնապես ընդունած ազգի մի հատված պարբերաբար կուռքերի փնտրտուքի մեջ է, իսկ 2018 թվականից՝ անհատապաշտության մի ալիք է երկրում, որի հետևանքները բոլորին են հայտնի. Եկեղեցին այս առումով ունի՞ բացթողում:

– Անձի պաշտամունքը մերժելի է, անշուշտ: Վաղուց մենք մերժել ենք նաև կռապաշտությունը և դարձել ենք դեպի աստվածպաշտության: Սակայն ճշմարիտ է նաև այն դիտարկումը, որ այսօր մենք ազգովի հեռացել ենք Աստծուց, դարձել անտարբեր ու չարակամ, անհանդուրժող ու հայհոյող, սակայն Աստված դեռևս մեզ չի լքել, դեռևս հնարավորություն ունենք ազգովի ապաշխարությամբ ու համազգային աղոթքով վերստին արժանանալու առաջին քրիստոնյա ազգի մեր բարձրագույն կոչումին և այն սրբազան առաքելությանը, որին կոչված է յուրաքանչյուր հայ ծննդյան օրվանից: Եվ այստեղ, այո, մեծ անելիք ունի Հայ Եկեղեցին և հայ հոգևորականը, որպեսզի դարձյալ դուրս գանք այս թմբիրից, խավարային հոգեվիճակներից և դառնանք դեպի լույս աստվածգիտության: Եվ քանի դեռ ունենք անկախ պետականություն, որի հիմքերն այսօր խարխլված են, անհրաժեշտ է օր առաջ դարձյալ համախմբվել, մի կողմ դնել ամեն տեսակ տարաձայնություն, ազգային միաբանության ոգով ու հանդուրժողականությամբ լծվել Հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման սրբազան առաքելությանը, որպեսզի մեր զավակները ևս ժառանգեն ազատ, հզոր ու բարօր Հայրենիք:

Տեսանյութեր

Լրահոս