Իշխանափոխություն կլինի, և ազգային, առողջ ուժեր հնարավորություն կունենան եղածը փրկելու. Դավիթ Սահակյանց
Ռոբերտ Սահակյանցի, Ջոն Լենոնի և Փինք Ֆլոյդի պաստառներով ստուդիայում «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակում անիմատոր Դավիթ Սահակյանցի հետ զրուցել ենք երկրում ստեղծված իրավիճակից և արվեստից:
Դա է այսօրվա միակ տարբերակը
Հետպատերազմյան շրջանը հաղթահարում եմ աշխատանքով, առաջին հերթին, զբաղացնելով: Երևի դա է այսօրվա միակ տարբերակը:
Սկսում ես մի քիչ այլ ձևի վերաբերվել ժամանակին, որը քեզ հատկացված է
Ինձ մոտ իրականում շատ բան է փոխվել, մոտեցումս ցանկացած օրվա, ժամի նկատմամբ. ավելի ես զգում դրանց պարգև լինելը: Եվ, բնականաբար, սկսում ես մի քիչ այլ ձևի վերաբերվել ժամանակին, որը քեզ հատկացված է, և մաքսիմալ փորձում ես օգտագործել: Ես անձամբ մաքսիմալ փորձում եմ ժամանակն օգտագործել ի նպաստ ինչ-որ մի բան ստեղծելու:
Չկար այն ստորացուցիչ իրավիճակը, որն այսօր է
Ժամանակներն էին շատ տարբեր, և կարծում եմ, Հայաստանի բնակչությունը այն ժամանակ լրիվ ուրիշ էր, հայացքները ուրիշ էին, պատերազմն ավարտվել էր հաղթանակով, ինչը շատ կարևոր գործոն էր, իհարկե: Չկար այն ստորացուցիչ իրավիճակը, որն այսօր է, բացի այդ, չկար ինտերնետ, և այդ քանակի ինֆորմացիայի, իհարկե, չէինք տիրապետում: Հիմա ավելի շատ է, և շատ ավելի դժվար է մարսել այդ ամբողջ ինֆորմացիան, որը գալիս է և ներսից, և դրսից, և դա շատ անգամ խանգարում է այդ ինֆորմացիային ճիշտ գնահատական տալուն: Փորձում ես անալիզ անել այն ամենը, ինչ գալիս է: Կարծում եմ՝ շատ ավելի (չեմ սիրում այդ բառը, բայց շատ ավելի) հայրենասեր հասարակություն էր մեզ մոտ և շատ ավելի նվիրված, դողալով էին վերաբերվում այն ամենին, ինչ ունեինք: Թեպետ ասում են, որ Հայաստանի մասնակցությունը Արցախյան պատերազմին բավականին ցածր տոկոս է կազմել: Ամենագլխավոր փաստը հաղթանակն էր առաջին պատերազմում, որը և թևեր էր տալիս, ոգևորում էր, հերոսները շատ ավելի շոշափելի էին, ռեալ տեսնում էիր նրանց, իսկ այս պատերազմում դժվար է գտնել հերոսների, պարտության հերոսների:
Հիմա, բացի ստեղծագործողից, ես որոշել եմ դառնալ նաև քաղաքացի
Պետք է հասկանաս՝ ինչի համար ես ստեղծագործում: Գուցե արդեն ծնվել են սցենարներ, գաղափարներ, որոնք որ ժամանակ են պահանջում իրագործվելու համար, և որոշ ժամանակ անց մենք կհասկանանք՝ ինչ ազդեցություն թողեց այս իրավիճակը ստեղծագործող մարդու վրա: Նաև երկրորդ միջոցը, որն այս էտապին ես ընտրել եմ, դա հրապարակային արտահայտվելն է, որն էլի պահանջում է ուժ, ժամանակ, եռանդ, և հիմա, բացի ստեղծագործողից, ես որոշել եմ դառնալ նաև քաղաքացի:
Շատերի մոտ և ինձ մոտ նույնպես ինչ-որ բաներ իսկապես փոխվել են
Քանի որ մտածելակերպն է փոխվել շատ-շատերի, թեկուզ մենք կարող ենք ինքներս մեզ չխոստովանել և մաքսիմալ թաքցնել, բայց կարծում եմ՝ շատերի մոտ և ինձ մոտ նույնպես ինչ-որ բաներ իսկապես փոխվել են: Մյուս ֆիլմին, եթե առիթ լինի նոր մուլտֆիլմ նկարելու, երևի այլ ձևի կմոտենամ այդ աշխատանքին և այլ գաղափարներ կփորձեմ փոխանցել անիմացիայով:
Ասում են, չէ՞, Один из главных грехов уныние, և կարծում եմ՝ շատերը փորձում են այնտեղ չհայտնվել
Հուսահատության հանդիպել եմ, բայց հանդիպել եմ նաև պայքարող տեսակի, որը պայքարում է վերջնականորեն չհուսահատվելու համար: Ասում են, չէ՞, Один из главных грехов уныние, և կարծում եմ՝ շատերը փորձում են այնտեղ չհայտնվել և փորձում են պայքարել իրենց երազանքի համար:
Պետք է ստեղծագործել շատ
Ցանկացած բան, երբ անում ես, գնահատականը գալիս է, երբ աշխատանքը պատրաստ է լինում: Նույն «Օլիմպիկոսի» օրինակը եթե բերենք, մենք պատրաստ չէինք ոչ մի գնահատականի, մենք չգիտեինք՝ ոնց կընդունվի հասարակության կողմից նման աշխատանքը: Ժամանակը ցույց տվեց, որ շատ տեղին էր, ժամանակավրեպ չէր: Կարծում եմ՝ ամեն դեպքում պետք է ստեղծագործել շատ, հետագայում պարզ կդառնա՝ ոնց է ընդունվել այս կամ այն աշխատանքը:
Դա իմ ցանկությունն է, դա իմ պայքարն է
Ես հույս ունեմ, որ իշխանափոխություն կլինի, և այն իշխանությունը, որն այսօր կա, կհանձնի իր դիրքերը, ու ազգային, առողջ ուժեր հնարավորություն կունենան եղածը փրկելու: Դա իմ ցանկությունն է, դա իմ պայքարն է երեք տարի, և հիմա վերջին էտապն է, որ կարծում եմ՝ պետք է անպայման ես իմ կողմից հասցնեմ հաղթանակի:
Հիմա գերխնդիրներ կան՝ սահմանն է, որը անառիկ պետք է լինի, գերիների հարցն է, զոհվածների…
Դժվար է լինելու: Ես պատկերացնում եմ պրոբլեմները, որոնք կան երկրում: Անիմացիան շատ ուղիղ կապ ունի ֆինանսերի հետ, որովհետև բավականին թանկ հաճույք է, և ամբողջ աշխարհում է այդպես: Ես չեմ էլ մտածում այդ հարցի շուրջ, որովհետև վստահ եմ՝ կան շատ ավելի կարևոր խնդիրներ, որոնք առաջնային կլուծվեն: Հույս ունենամ, որ ինչ-որ տարբերակ կգտնվի, և անիմացիան թեկուզ կարճ, փոքր պրոյեկտներով կկարողանա չկործանվել: Մեր ստուդիան մի քանի տարի զրկված է ֆինանսավորումից, ես չգիտեմ՝ ոնց են գոյատևում այլ ստուդիաներ, ստեղծագործողներ, բայց որ հիմա շատ ավելի կարևոր, արդիական խնդիրներ կան, Աստված տա՝ լուծվեն, նոր հետո կարելի է մտածել՝ ինչ ենք անելու հետո: Հիմա գերխնդիրներ կան՝ սահմանն է, որը անառիկ պետք է լինի, գերիների հարցն է, զոհվածների…
Պետությունը պետք է իր գաղափարները նաև մշակույթի միջոցով առաջ տանի
Առհասարակ պետությունը պետք է ունենա որևէ ստրատեգիա մշակույթի մեջ, եթե հանդիսանում է նաև պատվիրող կողմ, պետք է ամեն ինչ անի, որ ստեղծվեն այնպիսի ֆիլմեր, երաժշտություն, արվեստի ցանկացած գործ, որը կծառայի այն գաղափարներին, որոնք կրում է տվյալ պահին այն իշխանությունը, որը կա: Եթե ազգային իշխանություն է, ազգային արժեքների վրա հիմնված է, պետք է աշխատանք արվի այդ նպատակի համար: Պետությունը պետք է իր գաղափարները նաև մշակույթի միջոցով առաջ տանի:
Անի Գաբուզյան