Հետպատերազմյան դասավորությունը տարածաշրջանում հանգիստ չի տալիս ԱՄՆ–ին, և թեման կքննարկվի բոլոր բարձրաստիճան հանդիպումների ընթացքում. Լուկիանով
Մինչ հայաստանյան ներքաղաքական դիսկուրսում քաղաքական հիմնական դերակատարները շարունակում են ծանրակշիռ ապացույցներ ներկայացնել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մսխել իրեն բաժին հասած բանակցային բացառիկ ժառանգությունը, որին ավելի հանգամանորեն կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում, ոչ պակաս ուշագրավ են ԵԱՀԿ ՄԽ ռուսական և ամերիկյան դիվանագիտական տարաձայնությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագայի շուրջ:
Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես պատերազմից անմիջապես հետո, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շատ ավելի հեշտ կլինի որոշել այն ժամանակ, երբ կողմերը վերադառնան լիարժեք խաղաղ կյանքի: «Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում Ղարաբաղի կարգավիճակի չլուծված լինելու մասին։ Դա պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, նրանք այս փուլում պետք է ոչ թե գրգռեն Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն վստահության միջոցների ամրապնդմանը»,- ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ պետք է առաջին հերթին լուծել մարդասիրական հարցերը, նպաստել, որ հայերն ու ադրբեջանցիները կրկին ապրեն կողք կողքի, ապահով ու տնտեսապես բարեկեցիկ կյանքով։ «Եվ այդ ժամանակ, վստահեցնում եմ ձեզ՝ մի երկու-երեք տարի հետո, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն»,- վստահեցրել է նախարարը:
Մինչ Լավրովը գտնում է, որ կարգավիճակի և բովանդակային բանակցությունների հարցը պետք է քնեցնել, ամերիկյան կողմը կոչ է անում անհապաղ սկսել բանակցային գործընթաց ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Այս օրերին տարածաշրջանային այցով Բաքվում և Երևանում գտնվող ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ էր արել զորքերը հետ քաշել սահմանագծից և սահմանազատման հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Նա նշել էր, որ հակամարտությունը շատ կյանքեր է խլել, ու Միացյալ Նահանգներին շատ է մտահոգում նոր սրացման հնարավորությունը։ Ռիքերը կողմերին կոչ էր արել հակամարտության երկարատև կարգավորման համար որքան հնարավոր է արագ սկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Զուգահեռաբար միջազգային փորձագիտական հանրությունը սպասում է հունիսի 16-ին Ժնևում կայանալիք Բայդեն-Պուտին հանդիպմանը, որին նախորդելու է հունիսի 14-ին Բրյուսելում Բայդեն-Էրդողան հանդիպումը: Բայդենը սկսել է իր առաջին օտարերկրյա այցը Մեծ Բրիտանիայից, որի առնչությամբ իր մեկնաբանությունները միջազգային մամուլը վերնագրել է՝ «ԱՄՆ-ն վերադառնում է»: Նա զգուշացրել է, որ Ռուսաստանին լուրջ հետևանքներ են սպասվում, եթե վերջինս շարունակի քաղաքականությունը, որը վնասում է ԱՄՆ-ին ու դաշնակիցներին: «Հետո ես հանդիպելու եմ պարոն Պուտինի հետ և ասելու եմ նրան այն, ինչ ուզում եմ ասել՝ Միացյալ Նահանգները վերադառնում է»,- ասել է Բայդենը, որը շաբաթներ առաջ ճանաչեց Ցեղասպանությունը, և ում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաղորդել էր, որ Բայդեն-Էրդողան հանդիպմանը քննարկվելու է նաև Ղարաբաղյան թեմատիկան:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը, անդրադառնալով բանակցային ապագայի ռուսական և ամերիկյան հեռանկարներին, ասաց, որ ՌԴ դիվանագիտությունն իր այդ մոտեցմամբ փորձում է ամրապնդել այն, ինչ ստորագրել է նոյեմբերի 9-ին, և որով ամրապնդվել է ռուսական ազդեցությունը տարածաշրջանում, ինչին, բնականաբար, ամերիկյան կողմը դեմ է և առաջ է մղում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, որը փաստացի գոյություն չունի և չի ունեցել պատերազմի ընթացքում:
«Ինչպես տեսնում ենք, իրավիճակը կարգավորել է Ռուսաստանը՝ իր տեսլականին համապատասխան, դա կարող էր անել ՄԽ-ն, ի վերջո, եղան փորձեր Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադարներ հաստատելու, որոնք տապալվեցին և արդյունք տվեցին Ռուսաստանի բարձրաստիճան ջանքերը: Այնուամենայնիվ կարող ենք արձանագրել, որ ճնշումները շարունակվելու են ԵԱՀԿ ՄԽ-ն վերականգնելու ուղղությամբ»,- ասաց Լուկիանովը:
Նրա կարծիքով, Ռուսաստանն այսօր էլ դեմ չէ աշխատել ՄԽ-ի հետ, դրան դեմ է Ադրբեջանը և Ադրբեջանն է ըստ էության տապալում այդ աշխատանքը, որի ապացույցը համանախագահների այցն էր տարածաշրջան:
«Բայց ցանկանում եմ հիշեցնել ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է գործի: Ի վերջո, հարցն այն է, որ իրավիճակը դեռ փխրուն է և պետք է կայունացնել, որից հետո անդրադառնալ ցավոտ հարցերի, իսկ կարգավիճակի թեման ցավոտ է, ու դրա շուրջ կան լուրջ տարաձայնություններ, որոնք այսօր կարող են խոչընդոտել այն գործընթացին, որը սկսվել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Ակնկալելի էր, որ նման փորձեր լինելու են, և դրանք մասամբ ուղղված են լինելու նաև տարածաշրջանային ապաշրջափակման երթուղիների փոփոխմանը կամ միգուցե այլ հարցերի: Բայց հետպատերազմյան դասավորությունը տարածաշրջանում հանգիստ չի տալիս Միացյալ Նահանգներին, և թեման կքննարկվի բոլոր բարձրաստիճան հանդիպումների ընթացքում:
Եթե հարցերը կտրուկ դրվեն, չեմ ակնկալում որևէ կոնսենսուս, հակված չեմ կարծել, որ հենց այդպես էլ կլինի, քանի որ միշտ չէ, որ արվում է այնպես, ինչպես հայտարարվել է: Միացյալ Նահանգները հատկապես Հարավային Կովկասում կարող է գործել միայն համագործակցելով: Ինչպես տեսնում ենք, ոչ պատերազմի ընթացքում, ոչ դրանից ամիսներ անց որևէ կերպ որևէ օրակարգով չի հաջողվում սկսել այլ բանակցային գործընթաց, քան եռակողմն է ապաշրջափակման թեմայի շուրջ: Դա ևս արագընթաց գործընթաց չէ, սակայն կարևորն ի վերջո խաղաղությունն է, երբ կան խաղաղապահներ, պետք է ապահովել վերջնական խաղաղություն ու լուծել մնացած հարցերը: Բայց կարծես այս մոտեցումը չեն կիսում, և աշխարհաքաղաքական «առևտուրն» այս հարցը չի շրջանցի: Կարծում եմ՝ Պուտին-Բայդեն հանդիպմանը ևս քննարկումներ կծավալվեն հակամարտության վերաբերյալ, թե ինչ արդյունքի կհանգեցնեն, կախված է ընդհանուր մթնոլորտից և հանդիպման տոնայնությունից, բայց լարվածություն կա»,- ասաց նա: