«Ավելի дешёвый բան հնարավո՞ր է պատկերացնել. ինչպե՞ս կարելի է սրան լուրջ ընդունել». Դավիթ Ջամալյանը՝ Փաշինյանի մասին

«Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունից ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Փաշինյանը ամբողջ իր դեստրուկտիվ ակտիվությունը արել է միտումնավոր, այսինքն՝ միտումնավոր կերպով տապալել է բանակցային գործընթացը, ինչը իր կարծիքով՝ կանվեյեր էր, որը պետք է տաներ պատերազմի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ ընդգծելով, որ ինքը հեռու է այն մտքից, որ Փաշինյանը հոգեկանի հետ կապված խնդիրներ ունի:

«Փաշինյանը անհավասարակշռված անձնավորություն է, սահմանափակ ինտելեկտի տեր, բայց նրան չի կարելի լիարժեք հիմար անվանել, և նա չի կարող ներքուստ չհասկանալ, որ այդ ամբողջ գործընթացը կանխում էր մեծ պատերազմը, և, փաստորեն, հարցերի հարցը մեկն է, թե ինչու է նա միտումնավոր տապալել այդ գործընթացը: Նախ՝ եթե դու խաչ ես քաշում արդեն իսկ տարիներ շարունակ ուրվագծվող բանակցային գործընթացի վրա, բանակցային տրամաբանության վրա, դու փոխարենը ի՞նչ ես բերում, այլընտրանք ունե՞ս, եթե ժխտում ես այն, ինչ տարիներ շարունակ արվել է, իսկ տարիներ շարունակ շատ բարդ պրոցես է եղել»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ Փաշինյանն ասել էր, որ Արցախի հարցում բանակցությունները սկսում է զրոյական կետից, ոչ թե Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից, նշել էր, որ Արցախի հարցում պետք է գտնվի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, և, որ Արցախը Հայաստան է և վերջ, նա արձագանքեց.

«Այդ քաոտիկ աղմուկի մեջ մենք էլի իմ հարցի պատասխանը չենք տեսնում. Դու քանդում ես մի բան, ի՞նչ ես բերում փոխարենը, դու ժխտում ես այն, ինչ առկա է եղել տասնամյակներ շարունակ, խաչ ես քաշում այդ պրոցեսի վրա և ի՞նչ ես բերում փոխարենը՝ ոչինչ: Ձայնագրության հետ կապված մյուս հարցը՝ այդ առաջարկությունը, որը, ի դեպ, մենք լսել ենք Լուկաշենկոյից, ինչը, իհարկե, մեր շահերին դեմ էր, մենք գիտենք, որ շատ հստակ մերժվել է երրորդ նախագահի կողմից: Անգամ գումար է առաջարկվել, գումարն էլ է մերժվել, և այդ սցենարն առհասարակ մերժվել է. այն է թե՝ հայկական զինուժը դուրս գա Արցախի հարավից, փոխարենը՝ այնտեղ տեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր:

Բայց այդ մերժմանը զուգահեռ՝ մենք տեսնում ենք, որ արդեն 2016-17թթ. ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որով այդ Արցախ-Ադրբեջան սահմանազատող գիծը դառնում էր ավելին, քան ընդամենը սահմանազատող գիծ՝ պետական սահմանի վերածվելու առաջին քայլն էր արվում: Ադրբեջանը, չցանկանալով, բայց ստորագրել է այդ համաձայնությունների տակ: Սա խոսում է այն մասին, որ, երբ քեզ բանակցային պրոցեսում առաջարկում են ինչ-որ բան, որը քեզ շահավետ չէ, հայրենասեր, պետականակենտրոն, փորձառու ղեկավարը անում է այնպես, որ գործընթացի վեկտորը ի շահ քեզ փոխվի: Մենք տեսնում ենք, որ 2016թ. ապրիլյան մարտերից հետո այդ պրոցեսը սկսվեց, և Ալիևի խոստովանությունն առ այն, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, փաստում է այն մասին, որ այո, Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար ակներև էր, որ ապրիլյան մարտերի ելքը՝ մեր հաղթանակը, պետք է տրանսֆորմացվի դիվանագիտական հարթություն»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է որդուն փոխանակել Ադրբեջանում պահվող գերիների հետ, Դավիթ Ջամալյանը ընդգծեց. «Ավելի дешёвый բան հնարավո՞ր է պատկերացնել, դա հարցի լուծո՞ւմ է: Ա՞յդ կերպ է լուծվելու այդ հարցը: Գերիների հարցը կլուծվի, երբ Հայաստանում կլինի պետականակենտրոն, ռեալ իշխանություն, արժանապատվություն կրող իշխանություն: Ո՞վ է նստելու սրա հետ բանակցի, ինչպե՞ս կարելի է սրան լուրջ ընդունել, մարդը հայտարարում էր, որ, օրինակ՝ մեր հետախուզությունը պետք է 2050թ. աշխարհում առաջին տասնյակի մեջ լինի (ծիծաղում է.- Ռ.Մ.). մի օրինակ ցույց տվեք, որ երկրի ղեկավարը հատուկ ծառայությունների զարգացման վերաբերյալ միտինգում հայտարարություն է անում: Մարդիկ սթափվում են, սա է հուսադրողը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս