Նիկոլ Փաշինյանը մեղադրեց նաև ՄԽ համանախագահներին
Սպիտակ քաղաքում Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Սերժ Սարգսյանի տարածած բանակցային գործընթացի վերաբերյալ ձայնագրությանը։
«Երեկ հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել. նախորդ 24 ժամը Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ականները սպառնում էին, որ ջախջախիչ կոմպրոմատ են հրապարակելու, և երեկ իրենք այդ կոմպրոմատ կոչվածը, ձայնագրությունը, որտեղ ես եմ խոսում, հրապարակեցին: Եվ հիմա ես ինչքան հետևել եմ արձագանքներին, հանրությունը մի փոքր տարակուսած է: Նրանք հարց են տալիս, ասում են՝ հիմա այս ձայնագրությունով չհասկացանք՝ Սարգսյանն ուզում էր վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ:
Եվ հարցը, անկեղծ ասած, շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին 7 ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից մենք ներկայացրել ենք մեր ժողովրդին: Ինչի մասին է այդ պատմությունը, սիրելի ժողովուրդ: Առաջինը՝ նրա մասին, որ 2018-ի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը մենք, ես ժառանգել ենք փակուղային, դեֆորմացված վիճակում:
Եվ որն է եղել ամենակարևոր պրոբլեմն այդ պահի դրությամբ, ամենակարևոր պրոբլեմը եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ, ըստ էության, արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել: Դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ, ես խոսել եմ այդ մասին:
Խոսելով 2016-ի հունվարի իրադարձությունների մասին և ասելով, որ այն ժամանակ ես վարչապետ չէի, և ոչ մեկը չէր հավատում, որ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է, միջնորդները ՀՀ-ին, ըստ էության, պայման են ներկայացրել՝ հրաժարվել ԼՂ միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ հարցը դրված է եղել այսպես. նախկինում գոյություն ուներ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձև, հետո գոյություն ուներ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձև, 2016-2018 թվականները ձևակերպվեց և 2016-ի Ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևը:
Եվ մենք 2018-ին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ որ սեղանի վրա դրված է եղել «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները, միջազգային հանրությունը… եթե բացվել է այս խոսակցությունը, ուրեմն պիտի մինչև վերջ ասել, միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունը, ըստ էության, մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց: Ես ԱԺ ամբիոնից էլ եմ ասել, որ շատ է խոսվում այն մասին, որ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևն ունեցել է «5+2» բանաձև: Իրականում «5+2» բանաձև գոյություն չի էլ ունեցել, որովհետև այդ 2-ը ՀՀ-ի համար պրոցես է ինչ-որ իմաստով՝ հետաքրքիր, գայթակղիչ դարձնելու մեջ էր հարցը: Եվ այդ 2-ը այն պահեստային հատվածն էր, որով այս տարբերակը պետք է ֆորմալ առումով զիջվեր հետագայում՝ Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու: Հետևաբար, պետք է արձանագրենք, թե իրադրության զարգացման ինչ հնարավորություն կար 2018-ի մայիսի դրությամբ. առաջին՝ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևը, երկրորդ՝ ներքին տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ ԼՂ: Իսկ որտեղ պետք է վերադառնային, սարերում, անտառներում էին ապրելո՞ւ, ապրելու էին այնտեղ, որտեղև ապրել էին շարժման մեկնարկից առաջ: Եվ հետո ի՞նչ, հետո ոչ մի բան, կապրենք՝ կտեսնենք: Իսկ հետո մենք ապրում և տեսնում ենք Նախիջևանը: Սա է ամբողջ պատմությունը»,- մանրամասնել է նա և հաշվի առնելով պստերազմի ծանրությունը, բազմաթիվ զոհերի առկայությունը՝ նշել՝ պատասխանատու է մի հարցի պատասխանելու համար՝ արդյոք կար մի պատուհան, արդյոք կար մի հնարավորություն, որ մենք որևէ փոխզիջումային լուծման գնանք և խուսափենք այս ամենից:
Այնուհետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է, որ Սերժ Սարգսյանի ձայնագրությունը հնարավորություն տվեց բացել ամբողջ խոսակցությունը:
«Իսկ ինչի՞ մասին է այդ խոսակցությունը: Էլի եմ ասում, որ միջնորդները, որոնք այս բանակցային գործընթացը պետք է տանեին կարգավորման, ըստ էության, ձևակերպել են Ադրբեջանի մոտեցումները և վեկտորալ ուղղությունը՝ որպես բանակցային հետագա գործընթացի զարգացում: Ես ասեցի՝ 2018-ի այս պատմությունը 2016-ին է սկսել, բայց եզրափակիչ մասն է 2016-ին սկսել: Իրականում այս պատմությունը սկսել է 1998-ին, երբ ՀՀ ղեկավարի որոշմամբ, ԼՂ-ն, որը 1998-ին ուներ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ բանակցային կողմի, և դա Արցախյան առաջին պատերազմի ամենամեծ և շոշափելի հաջողությունն էր, և որը շատ անկյունաքարային նշանակություն ուներ ԼՂ կսրգավիճակի հետագա ճշգրտման համար:
Ահա այդ կարգավիճակը 1998-ին Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ զիջվեց, և Ղարաբաղը զրկվեց միջազգայնորեն ճանաչված իր միակ կարգավիճակից: Եվ սա ես չեմ ասում, սրա մասին հրապարակային ասել է ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն: Սրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ավելին, այստեղ չի կանգնել պրոցեսը, եթե նույնիսկ այդտեղ կանգներ, արդեն ամեն ինչ շատ վատ էր, որովհետև անդառնալիորեն կորսված էր Արցախյան առաջին պատերազմում մեր նահատակների արյունով ձեռք բերված ամենակարևոր արդյունքը: Մեր զոհերի, նահատակների արյունը 1998-ի այդ որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի վաճառեց սեփական իշխանության դիմաց: «Ղարաբաղ՝ իշխանության դիմաց» բանաձևը գործի դրվեց 1998-ին, հաջորդ փուլով մեջտեղ բերվեց Մեղրին փոխանակելու, կամ ավելի ճիշտ՝ Մեղրին Ադրբեջանին հանձնելու՝ Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը, որի համատեքստում Շուշին անջատվեց բանակցային բովանդակությամբ ԼՂԻՄ-ից, դրվեց Լաչինի, ինչպես Վարդան Օսկանյանն էր ասում՝ «օկուպացված տարածքների» հետ նույն շարքում: 1999-ի այդ խայտառակ փաստաթղթի մեջ առաջին անգամ պաշտոնապես ձևակերպեց «Ղազախի շրջանի տարածքներ» արտահայտությունը: Եվ, ըստ էության, այո, հիմա կարող ենք ասել, որ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը իրենց կյանքերի գնով փրկեցին Մեղրին: Եվ երրորդը՝ 1999-ի նոյեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը կողմ քվեարկեց Եվրոպայում անվտանգության ստամբուլյան խարտիային, որը դիվանագիտական լեզվից թարգմանելու կարիք էլ չկա: Նշանակում է՝ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ լինել Ադրբեջանի կազմում»,- շարունակեց Փաշինյանը՝ հավելելով, որ 3 տարի ուժերի ներածին չափով պայքարել են, որ այդ ծրագիրն իրականություն չդառնա:
«Այդ ձայնագրությունը հրապարակում են և մոռանում պատասխանել մի հարցի՝ բա ի՞նչ եղավ, որ ասում էիք՝ Դուբայում 5 միլիարդ դոլարով հողերը ծախել է, տվել է: Բա ի՞նչ եղավ էդ 5 միլիարդը, բա ի՞նչ եղավ էդ հողերը ծախելու թեման: Հիմա էլ հակառակի մեջ են մեղադրում, հիմա էլ հողերը չտալու մեջ են մեղադրում»,- շեշտեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի տարածած ձայնագրության մեջ լսվում է Նիկոլ Փաշինյանի ձայնը, որտեղ նա ասում է. «Երբ որ ես 2018 թվի մայիսի 12-ին գնում եմ Սոչի, այնտեղ հանդիպումներ եմ ունենում, այսինքն՝ այնտեղ առաջին իմ ծանոթությունը տեղի ա ունենում, այդտեղ սուրճի սեղանի տեղ կա, որտեղ նիստերից առաջ և հետո հավաքվում են, սուրճ են խմում և այլն, էդտեղ գալիս են Պուտինը, Նազարբաևը և բանը՝ Լուկաշենկոն, և ինձ ասում են հետևյալը՝ դու հիմա այդպիսի մեծ ժողովրդական վստահություն ունես և այլն, և այլն, և պատմական շանս է սա քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես: Ասում եմ՝ օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս ա, հիմա ասեք՝ ինչ է նշանակում՝ լուծել: Ու իրենք նորից ինձ պատմում են էն, ինչ գրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի և այլն, մենք կգանք կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն, և այլն: Ես իրենց ասում եմ էն, ինչ որ ասացի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում՝ շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել, և այլն:
Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում: Ու այդտեղ Պուտինն ասում է, Պուտինն էլ, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ ասում են, որ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում, եկեք գրենք թղթի վրա, և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը սենց դնում եմ թևիս տակ, գնում եմ ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքի՞ր ա, թե՞ չէ:
Չէ, բայց երկրորդ մասն ա ասում, ասում ա՝ պարզապես ինքն ասում ա, եթե ես սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրենց ասացի՝ փաստորեն, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճա՞ն, ասացի՝ չի լինի դա, դա չի լինի: Ու այս ամեն ինչի արդյունքում ա, ես բազմաթիվ բանով ասել եմ, ես հասկացա, որ իրենք ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսալով, ժպտալով, խմելով, բան, որի վերջում Ապրիլյան պատերազմ էր: Ինձ համար պարզ էր, էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում ա լինի, պետք ա էս կանվեյերի վրից թռնեմ, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլնել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց էդ կանվեյերից պետք ա դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր, շատ չափազանց ռիսկային էր»: