«Ասելով՝ ծնողները նույնականացված դիերին չեն տանում՝ մեղավոր են փորձում կարգել հիմա էլ ծնողներին». Գևորգ Գրիգորյան

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Արմավիրի և Արարատի մարզերի մասնաճյուղերի ղեկավարներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ պատերազմի մեկնակից մինչև այսօր իրենց կենտրոններն աշխատել և աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով, և կոչ արեցին զոհված զինծառայողների մարմինների ու մասունքների պահման հրապարակված կադրերը քննարկման առարկա չդարձնել ու այդ հարցը չքաղաքականացնել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը, անդրադառնալով մասնագետների հնչեցրած պարզաբանումներին, նրանց դիմեց կոչով.

«Հարգելի՛ մասնագետներ, պետք չէ մտնել մատի ու մատանու արանքը, որևէ մեկը բժիշկներին և ձեզ՝ մասնագետներիդ, չի քննադատել։ Մեր զինվորների մարմինների ու մասունքների՝ նկուղի հատակին հայտնվելու պատասխանատվությունը ոչ թե ձերն է, այլ Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանինը, որը Կառավարության նիստում 7 րոպե պատմեց, թե որքան միլիոն է հատկացվել առողջապահական համակարգին, որոնք, իհարկե, դեռ պետք է ուսումնասիրվեն ու պարզվեն, թե այդ գումարների ծախսը որքանով է արդյունավետ եղել, սակայն որևէ պատասխան չտվեց հարցին, թե ինչո՞ւ էին մեր տղաների դիերը հայտնվել Աբովյանի դատաբժշկական գիտագործնական կենտրոնում այն պարագայում, երբ շատ լավ գիտեին, որ այնտեղ սառնարան չկա։ Այս հարցի պատասխանատուն բուժաշխատողը չէ. սա համակարգվում է ավելի բարձր օղակների կողմից»։

Ըստ Գևորգ Գրիգորյանի՝ պարզաբանումների համար հրավիրված այսօրվա ասուլիսը Առոջապահության նախարարության ձեռագիրն է, քանի որ նախկինում էլ, երբ նախորդ նախարար Արսեն Թորոսյանին ոչ հաճելի հարցեր տվեցին, մեկ գիշերվա ընթացքում մի շարք բժիշկներ սկսեցին գովերգել նախարարին։

«Հիմա, երբ հերթական անգամ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին դեմ են տվել պատին, բժիշկներին տրվել է հրահանգ՝ նախարարին պաշտպանելու»,- ասաց նա։

Անդրադառնալով այն պնդմանը, որ ԴՆԹ փորձաքննությունների տեմպն ավելի արագ հնարավոր չէ, որովհետև գործում է ընդամենը երկու ԴՆԹ սեկվենատոր ողջ Հայաստանի Հանրապետությունում, ու մինչև 2018 թվականը նման սարք չի եղել, Առողջապահության կազմակերպիչը ընդգծեց.

«Վարչապետը ստում է, երբ ասում է, որ ԴՆԹ անջատող սարքը՝ սեկվենատորը, առաջինը ձեռք է բերվել 2018 թվականին. ստում է և Ավանեսյանը։ 2012 թվականից նման սարք կա ՁԻԱՀ կենտրոնում, ևս մեկը՝ Գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտոնում, ևս մեկը՝ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում, ևս մեկը նվեր է ստացել պրֆ. Յոլյանի անվան կենտրոնը բարերարների օգնությամբ, սրանցից զատ՝ երկուսն էլ գնել է գործող Կառավարությունը։ Չեն օգտագործել Հայաստանում առկա վեց սեկվենատորից 4-ը։ Եթե ամեն մի սեկվենատորով օրական անեին 10 ԴՆԹ, ապա 5000 զոհի ԴՆԹ փորձաքննությունը որքան ժամանակում կկատարեին՝ իհարկե, ոչ թե 7, այլ 3 ամսում։ Չեն օգտագործել ՀՀ-ում առկա այն մյուս 4 սեկվենատորը, տղաների դիերը թողել են հատակին ու հիմա արդարացնում են Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին»,- ասաց Գևորգ Գրիգորյանը՝ նշելով, որ ինքը ճանաչում է նաև բազմաթիվ մասնագետների, որոնք տարիներ շարունակ զբաղվել են ԴՆԹ փորձաքննությամբ, դիմել են պատերազմի ավարտից հետո նախարարությանն ու անհատույց իրենց ծառայություններն են առաջարկել, սակայն պատասխան չեն ստացել։

«Անահիտ Ավանեսյանն այն նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է, որը նաև ասում է, թե նույնականացված դիեր կան, որոնց ծնողները չեն տանում։ Ամոթ է ուղղակի։ Հայ մարդն իր հանգուցյալին եկեղեցական կարգով հուղարկավորել միշտ է պատրաստ, դա է մերը, այնպես որ, թող հրապարակեն այն նույնականացված դիերի անունները, որոնց չեն տանում, ու տեսնենք՝ այդ ինչպե՞ս են ծնողները հրաժարվում իրենց դիերից, եթե դա չեն անում, նշանակում է՝ ասելով՝ ծնողները նույնականացված դիերին չեն տանում՝ վիճակի մեղավոր են փորձում կարգել հիմա էլ ծնողներին»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս