Փաշինյանին Հայաստանի ճակատագիրը այնքան է հետաքրքրում, ինչքան հետաքրքրել է Արցախի ճակատագիրը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «news-front.info-ն «Փաշինյանը հրաշալի է շանտաժիստի դերում» վերնագրով հոդվածում գրում է, որ հետխորհրդային տարածքը բառացիորեն լցված է տարբեր տրամաչափի քաղաքական շանտաժիստներով, որոնք վազվզում են Արևմուտքի և Մոսկվայի միջև:
Նիկոլ Փաշինյանը ևս այդ դերում է: Փաշինյանի իշխանության գալուց առաջ էլ այդ քաղաքական գործչի կեղծ պոպուլիզմը տեսանելի էր նրա յուրաքանչյուր շարժման մեջ: Քողարկիչ գույնի վերնաշապիկ, որը քաշված էր կախված փորին, գլխին՝ անփոխարինելի կեպի. այդ պարարտ, ցածրահասակ քաղաքացին, կարծես, բրուտալության մարմնացում էր: Անգամ այդ ժամանակ քչերը կարող էին գուշակել, թե որտեղ է ընկած այն գիծը, որը Փաշինյանի պոպուլիզմի սահմանն է:
Որտե՞ղ է այն, ե՞րբ Նիկոլը կդադարի քաղաքական դիվիդենտներ փնտրել ցանկացած, նույնիսկ աղետալի իրավիճակում: Թվում է, թե այդ սահմանը չկա: Վերջերս Փաշինյանը կրկին ընկել է քաղաքական շանտաժի հոսքի մեջ: Նա ասել է, որ անհնարին է համարում ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի կողմից իրենց դաշնակցային պարտավորությունների կատարումից հրաժարվելը: Ավելին, հավելել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային ոտնձգությունները հավասարազոր են Ռուսաստանի նկատմամբ ոտնձգությունների: Սա է Փաշինյանն իր ամբողջ «գեղեցկությամբ»:
Սկսենք նրանից, որ դեռ 2017 թվականին բողոքի ցույցերից ու Սարգսյանի տապալումից մեկ տարի առաջ «Ելք» քաղաքական դաշինքի առաջնորդներից մեկը Փաշինյանն էր:
Դաշինքն ինքնին հրեշավոր հակառուսական էր: Հենց «Ելք»-ն էր նախաձեռնել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից, իսկ հետագայում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցի քննարկում, այն ՀԱՊԿ-ից, որից հիմա Փաշինյանը բռնվել է այնպես, ինչպես փոքրիկ տղան է բռնվում վերմակից: Եվ այդ քաղաքացին հիմա էլ նախատում է ՀԱՊԿ-ին, մասնավորապես Մոսկվային, անգործության համար: Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը, ի դեմս Փաշինյանի, գոնե ինչ-որ կոնկրետ դիրքորոշում չի որդեգրել:
Նրանք ԵԱՀԿ-ի, հավաքական Արևմուտքի, Իրանի, Ադրբեջանի, ՀԱՊԿ-ի և այլ կառույցների հետ դիվանագիտության խաղեր են խաղում: Չնայած ադրբեջանական զինծառայողների հետ պարբերական բախումներին, ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ պաշտպանության նախարարությունը չեն շտապում ամբողջությամբ սահմանին զորքեր տեղակայել:
Այս իրավիճակում Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս երկրները պարզապես վտանգում են պատերազմ սկսել մի երկրի համար, որի քաղաքական գործիչները պատրաստ չեն պաշտպանել իրենց ինքնիշխանությունը և ցանկացած պահի կարող են փոխել դաշնակիցներին, եթե քաղաքական եղանակ փոխվի:
Իրոք, չկա ավելի անհեթեթ բան, քան ոչ ադեկվատ ռեժիմը պաշտպանող բանակը, երբ ռեժիմի համար անկախությունը, կարծես, բեռ է, իսկ հիմնական նպատակն է շարունակել խաղը ուրիշի հաշվին:
Միևնույն ժամանակ, կարծես թե, այս իրավիճակը ձեռնտու լինի Փաշինյանին: Նա շարունակում է, սլաքները ուղղելով դեպի Մոսկվա, պահել իշխանությունը, իսկ դժբախտ Հայաստանի ճակատագիրը նրան այնքան է հետաքրքրում, ինչքան հետաքրքրել է Արցախի ճակատագիրը»: