«Հեռու չէ այն օրը, երբ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցը կլսվի՝ Եվրոպական դատարանի որոշումները համակարգված կերպով չկատարելու համար». Արա Ղազարյան

Ադրբեջանի ռազմական դատարանում այսօր մեկնարկել է հայ գերիներից Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ.) գործի քննությունը: Բաքուն նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին իբր կտտանքների ենթարկելու համար: Շինծու գործով որպես տուժած՝ անցնում է 12 ադրբեջանցի: Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թ. հոկտեմբերի 20-ին` Ֆիզուլիում, Ալյոշա Խոսրովյանը՝ 2020-ի հոկտեմբերի 3-ին:

Թեմայի առնչությամբ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցչի գրասենյակի՝ ՄԻԵԴ-ում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Դիանա Քարազյանը նշեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը և գրասենյակը պատերազմը սկսվելուց ի վեր դիմել են Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոցներ կիրառելու հարցով, այնուհետև ներկայացրել են միջպետական գանգատներ:

Այսօր դատվող Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի վերաբերյալ, ըստ Դիանա Քարազյանի, նույնպես կան կիրառված միջանկյալ միջոցներ:

«Անխտիր բոլոր գերիների մասով մենք ունենք միջանկյալ միջոց կիրառելու հայցի բավարարում, բայց, ցավոք սրտի, Ադրբեջանը ոչ միշտ է տվյալներ տրամադրում նրանց վերաբերյալ: Այդ իսկ պատճառով ս/թ մարտին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց միջանկյալ միջոցների որոշումներով պահանջված գործողությունների հարցի քննարկումը հանձնել ԵԽ Նախարարների կոմիտեին: Դրանից հետո ընթացող գործընթացների մասին տեղեկատվություն չկա»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի աշխատակազմը ներկայացնող Դիանա Քարազյանը:

ՄԻԵԴ-ի հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող իրավաբան Արա Ղազարյանն էլ նշեց, որ միանշանակ է այս գործերով Ադրբեջանի պարտությունը ՄԻԵԴ-ում:

«Նախ և առաջ՝ մեր ռազմագերիները գտնվում են առանց արտաքին աշխարհի հետ կապի կալանքի տակ: Նույնիսկ  հիմա, երբ դատաքննություն է ընթանում, և նախաքննական գաղտնիքի խնդիր չկա, այս մարդիկ շարունակում են պահվել նման պայմաններում: Սա շատ լուրջ խախտում է, որից բխում են այլ խախտումներ»,- ասաց Արա Ղազարյանը:

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ այդ մարդիկ հնարավորություն չունեն փաստաբանի հետ կապի մեջ մտնել, փաստաբան ընտրել Հայաստանում, ով միգուցե կգնար Բաքու ու այնտեղ կմասնակցեր դատավարությանը, հնարավորություն չունեն հարազատներին զանգելու, ուստի բոլոր ապացույցները, որ ստացվում են նման պայմաններում, արդեն իսկ կարող են անարժանահավատ լինել:

«Եթե կա կապի բացակայություն, խոսք չի կարող լինել մրցակցային դատավարության մասին, մանավանդ, երբ տեսնում ենք՝ ինչպես է կահավորված դատարանի դահլիճը, իրենք ինչպես են առանց պաշտպանի նստած»,-  ասաց Արա Ղազարյանը:

Միջազգային իրավունքի մասնագետը նշում է՝ երբ այս գործերը գնան ՄԻԵԴ, այնտեղ Բաքվից պահանջելու են քրեական գործի նյութերը, և Բաքուն այս մասին շատ լավ գիտի:

«Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, քրեական գործի նյութերում չենք տեսնում, այսինքն՝ խախտվում է գործի հրապարակայնությունը»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ դեռ իրավունքի բազմաթիվ խախտումներ են լինելու:

Փաստաբանը նշեց նաև՝ Ադրբեջանը խաղալու է ժամանակի և քաղաքական շուկա որոշակի ռեսուրսներ նետելու գործոնի հաշվին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը գերիների վերադարձի հետ կապված հարցի քննարկումը ցանկացավ կատարել իրավական հարթությունում:

Ըստ նրա՝ քանի որ պատերազմական ակտիվ գործողություններն ավարտվել են 2020թ. նոյեմբերի սկզբին, դրանից հետո միջազգային հումանիտար իրավունքի պահանջով՝ բոլոր գերիները պետք է ազատ արձակվեին, ինչը չի արվել:

Անդրադառնալով ՄԻՊ գրասենյակի կատարած աշխատանքներին՝ Սերգեյ Ղազինյանն ասաց, որ ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրել է բազմաթիվ տեսանյութեր մեր գերիների մասնակցությամբ, դրանք թարգմանվել են անգլերեն և ռուսերեն, որոնք փոխանցվել են միջազգային կառույցներին ու ներպետական մարմիններին:

«Բացի գերիների նկատմամբ վատ վերաբերմունքից, այդ տեսանյութերում պատերազմական հանցագործությունների բազմաթիվ վկայություններ կան՝ արգելված զինատեսակների կիրառումից մինչև կրոնական և մշակութային կոթողների դեմ հարձակումները»,- ասաց Սերգեյ Ղազինյանը:

Ինչ վերաբերում է գերիների հանձնման «բոլորը՝ բոլորի դեմ» սկզբունքի խախտմանը, Արա Ղազարյանն ասաց, որ Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում մտնել կարգավորման դաշտ:

«Ինքն աշխատում է ստատուս-քվո պահել, որովհետև այս պահին ունի և ռազմական, և որոշակի աշխարհաքաղաքական առավելություն: Դրա համար էլ Ադրբեջանը շարունակ մշակում է կեղծ օրակարգեր և դրանցով ոչնչից ստեղծում է վիճելի հարց ու այնպես է անում, որ աշխարհն ընդունի այն: Տերիտորիալ իմաստով անկլավներ է ստեղծում, օրինակ»,- ասաց Արա Ղազարյանը:

Նա պնդեց՝ գերիների հարցը հենց նրա մանիպուլյատիվ քաղաքականության արդյունքն է, և Ադրբեջանն ամեն ինչ անում է իրավական կարգավորումների բովանդակության դաշտ չմտնելու համար:

«Եթե Հայաստանը դիմի Արդարադատության միջազգային դատարան հենց ռասիզմի հիմքով, սա կարող է նոր գործընթաց լինել և բավականին գլխացավանք առաջացնել Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով, որ արդեն ձևավորվել է բավականին մեծ կոնտեքստ այն առումով, որ Ադրբեջանում կա խորը, համապարփակ, համակարգային խտրականություն, ինչը միջազգային խաղաղության ու անվտանգության համար վտանգ է ստեղծում»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Արա Ղազարյանի կարծիքով՝ այս ամենը պետք է ներկայացվի ՄԱԿ-ի բազմաթիվ մոնիտորինգային մարմիններին:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ պետք է մի կողմ դնել: Միգուցե լավ է հնչում, բայց դեռ պետք է դրան հասնել ու հիմա պետք է այլ մեխանիզմներ փորձել»,- ասաց Արա Ղազարյանը:

Վերջինս վստահ է՝ հեռու չէ այն օրը, երբ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցը կլսվի՝ Եվրոպական դատարանի որոշումները համակարգված կերպով չկատարելու համար:

«Ադրբեջանը հիմա իր հաղթանակի գինն է վճարում, ու նրա վրա ճնշումները գնալով ուժեղանալու են»,- եզրափակեց Արա Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս