«Ալիևը լավ հիշում է, որ Քոչարյանի և Սարգսյանի դիմաց նստելիս՝ ինքը սարսռում էր». Ռազմիկ Դավոյան

«Ներողություն խնդրում են այն ժամանակ, երբ ահագին բան ճիշտ են արել և մի ներողությամբ ուզում են որոշ մեղքեր քավել, բայց սա ոչ թե որոշ մեղք է, այլ հանցագործություն: Հանցագործության համար ներողություն խնդրելն անիմաստ գործ է: Հանցագործության համար պետք է պատասխան տան»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ անդրադառնալով դիահերձարանի հատակին պոլիէթիլենային սպիտակ տոպրակների մեջ՝ զոհված զինվորների մասունքներն իրար վրա լցնելու համար Առողջապահության նախարարի պաշտոնակատարի ներողություն խնդրելուն:

«Ժողովուրդն էլ է նայել, զինվորների ծնողներն էլ են հավանաբար նայել և տեսել են, թե ինչ է կատարվել. ասվել է սառնարանների մասին, բայց իրականում պարկերի մեջ դրված զինվորների դիակներն են, ինչն ուղղակի սահմռկեցուցիչ է: Բայց միայն դա չէ, որ սահմռկեցուցիչ է, շատ բաներ կան, բայց այդ ամենը վերլուծելը ոչ մի օգուտ չի տա. Ժողովուրդը պետք է խելքը գլուխը հավաքի և որոշի, թե ինչ է անում սրանց հետ: Այսօր մեզ հրել-կպցրել են ընտրությունների պատին, և մինչև վերջ շատերի մոտ տարակուսանք կա՝ այդ ընտրությունները կայանալո՞ւ են, թե՞ ոչ, արդյո՞ք նորից մի գլխից դուրս բան չի անելու, որ հիմա էլ ուրիշ ձևով փորձեն մնալ իշխանության:

Վերջին 3.5 տարվա ընթացքում ոչ մի խելքը գլխին բան չի արվել, որ նպաստավոր լիներ երկրի, ժողովրդի համար: Իշխանությունը մի բան է արել միայն, դա իր մենթորների՝ թուրքերի և ադրբեջանցիների, նրանց միջոցով՝ մյուսների կարգադրություններն անելն է: Ես տարակուսանք չունեմ, որ այդ կարգադրություններն արվել են խորապես ի վնաս մեր ժողովրդի և մեր երկրի»,- ասաց բանաստեղծը:

Ռազմիկ Դավոյանը դիմեց ժողովրդին՝ ասելով. «Մեր ժողովուրդը պետք է մտածի՝ ի վերջո կարողանալո՞ւ է խելամիտ ձևով իր ներուժը հավաքել և իր միջից դուրս մղել այս աղետը, այս ծանրագույն հիվանդությունը, որը կոչվեց հեղափոխություն: Այսօր երկու խոշոր դաշինքներ կան, որոնք միտված են այդ կարևորագույն հարցերի լուծումները տալու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը կուլ տվեցին այս ամբողջ դավաճանական, աղետալի կորուստները, որովհետև դա կուլ տալու բան չէ:

Դա մեր ժողովրդի կենսագրությունն է, այդ կենսագրությունն աղավաղեցին այս իշխանությունները, փոշիացրին բոլոր այն ձեռքբերումները, որոնք գոյություն ունեին և 2 տասնամյակ շարունակ պահպանում էին մեր երկրի Երկրորդ և Երրորդ նախագահները:

Անշուշտ, այնտեղ վրիպումներ, թերացումներ եղել են, բայց մեր ժողովուրդն ապրում էր: Ինձ երբեմն փողոցում հարցնում են՝ ի՞նչ է արել Ռոբերտ Քոչարյանը, պատասխանում եմ, որ այս փողոցը, որի վրա կանգնած ես, ասֆալտը Ռոբերտ Քոչարյանն է փռել, այն շենքերը, որտեղ բնակվում եք, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են կառուցել, որ դուք միջազգային հեղինակություն և համբավ ունեիք, այդ բոլորն արել են այդ երկու նախագահները, արել են իրենց թիմակիցներով, թիմակիցների մի մասը եղել է լավը, մի մասը լավը չի եղել, այդ լավը չեղածը ուղղել, շտկելը բավական դժվար գործ է, որովհետև անցյալի ժառանգություն է:

Հիմա, ուզում եմ մեր ժողովրդին մի բան ասել. Ինչո՞ւ եմ ես առանձնացնում այդ երկու նախագահներին, որովհետև նրանց անունն իսկ լսելը խորը անհանգստություն է առաջացնում Ալիևի և թուրքերի մեջ: Ալիևը հո չի՞ կարող մոռանալ, որ նրանք Արցախի ազատագրության հերոսներն են և Հայաստանի վերածնության հերոսներն են: Նրանք իրենց թիմակիցներով լրջագույն ձեռքբերումներ են ունեցել: Ալիևը հիշում է, որ նրանց դիմաց նստելիս՝ ինքը սարսափում էր, սարսռում էր, և հիմա ամեն հնարավոր միջոց գործի են դնում, որպեսզի հանկարծ նրանք իշխանության չգան: Մեր ժողովուրդը, եթե ձայնակցում է Ալիևին, եթե չի գիտակցում, որ 3 տարի ունեցել ենք թուրքական իշխանություն մեր երկրում, ուրեմն աջակցում է նրանց: Մեր ժողովուրդն ինչպե՞ս կարող է աջակցել նրանց. Մեր ժողովուրդը բազում հազարամյակների ժառանգություն ունի»:

Բանաստեղծը հույս ունի, որ ժողովուրդը, կուսակցությունները կմիավորվեն. «Միասնությունը ուժ է առաջացնում: Եթե տարբեր կուսակցությունների նպատակն է՝ հեռացնել սրանց իշխանությունից, ապա ցանկալի է, որ այնպես հեռացնեն, որ նրանց հետքը չերևա, որպեսզի ժողովրդի մեջ տարածված նրանց հիվանդությունը վերազարթնում չունենա՝ նրանց երեսները տեսնելիս: Հնարավոր լինելու է ժողովրդի մեջ տարածված այս ատելությունը վերացնել: Սրանց համակիրների մի մաս կա, որ վրիժառության զգացում ունի հներից, և սրա վրիժառության կոչը արձագանք է գտնում նրանց մեջ, նրանք ասում են՝ այո:

Մի մասն էլ կա՝ նորից նույն անխելքության և կաշառվելու կարիք ունեցող խումբ է մարդկանց, որոնք ուզում են, որ իրենց սնման բարակ երակները, որոնք գալիս են Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով, չցամաքեն: Եթե միասնականությունը լինի, նախ ադրբեջանցիների սանձը կքաշվի, նրանց ագրեսիան կպակասի, Թուրքիան կտեսնի, որ իր մտնելը Հարավային Կովկաս անիմաստ մղում է, նման բան չի լինի:

Պետք է մեր ժողովուրդը թիկունք կանգնի այն մարդկանց, ովքեր ուզում են վերածնել Հայաստան աշխարհը, հայոց պետականությունը և ովքեր իսպառ պիտի վերացնեն մեր միջից ատելության, սևուսպիտակի այս բաժանումները, այդ բոլոր գծերը ներկելու են բարեկամության երկնագույն ներկով: Սա եկել է, փառաբանության ոչ մի արժանիք չունի, ընկել է մեջտեղ, որ փառաբանվի. նման բան գոյություն չունի, անգամ Ներոնը չկարողացավ փառաբանվել, դու ինչի՞ն ես հետևում, գոռում ես ինչ-որ բանաստեղծական տողեր: Ողբամ քեզ, ով հայ ժողովուրդ, քո բախտը ընկավ քաքահոր, երբ էսինչը դարձավ թագավոր. սուր լեզու ուներ Համո Սահյանը, և դա ճշմարտություն է, դու նրա բանաստեղծությունը կարող ես ճչալ, բայց այդ մարդուց բացարձակ տեղեկություն չունես: Մի խոսքով՝ ուզում եմ ասել, որ մեր ժողովրդից շատ բան է կախված, և մեր ժողովուրդը պետք է զգոն լինի: Մեր ժողովուրդը իր արդարության ձայնը նորից չի տալու ստախոսներին, սրիկաներին, ինչով էլ կաշառեն, որովհետև հայությունը երեկվա լակոտը չէ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս