Ադրբեջանական գազի գործոնը. Ի՞նչ էին նախազգուշացնում «Լույս» հիմնադրամի փորձագետները 44-օրյա պատերազմից առաջ
«Լույս» հիմնադրամի փորձագետների կողմից նախքան 44-օրյա պատերազմը վեր էին հանվել հիմնական արտաքին քաղաքական խնդիրներն ու մարտահրավերները, տրվել էին պատերազմի բռնկման հետևանքների գնահատականները, վերլուծության առարկա էին դարձել պատերազմի ընթացքի և հետպատերազմական զարգացումները։ Սակայն, փորձագետների կողմից բարձրաձայնվող մտահոգություններն էական ազդեցություն այդպես էլ չունեցան որոշումների կայացման գործընթացի վրա։
Հոդվածաշարի առաջին մասում խոսել էինք ԼՂ հակամարտության հարցում ԵՄ միասնական մոտեցման կարևորության համատեքստում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճակատագրի մասին։ Այս հատվածում կանդրադառնանք հիմնադրամի կողմից դեռևս 2019թ.-ի ամռանը հրապարակված վերլուծություններից մեկին, որը նվիրված էր ադրբեջանական գազի գործոնին։
«Ադրբեջանական գազի արտահանման ծավալների սպասվող աճը որպես արտաքին քաղաքական ազդեցության գործիք. հնարավոր հետևանքները տարածաշրջանի և Հայաստանի համար» վերնագրով՝ 2019-ի ամռանը հրապարակված վերլուծության ուսումնասիրության առարկան ադրբեջանական գազի գործոնն էր և այն, թե ինչպիսի ռիսկեր կարող էր վերջինս պարունակել Հայաստանի և Արցախի համար։
Մասնավորապես, վերլուծելով Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ գազի գործոնի աճի միտումը և դրանից բխող ռիսկերը՝ հիմնադրամի փորձագետները հանգել էին այն եզրակացությանը, որ «Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգում գազի աճող գործոնի զսպումը պետք է դառնար Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»: Ուշադրություն էր հրավիրվել այն հանգամանքի վրա, որ «Եվրոպական էներգետիկ կազմակերպությունների մասնակցությունը Ադրբեջանի Հարավային գազային միջանցք ծրագրին այնքան էլ մեծ չէ, մինչդեռ այն վայելում էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցությունն ու մասնակցությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։
Վերլուծության արդյունքում փորձագետները հանգել էին այն եզրակացությանը, որ «գազատարի շահագործման արդյունքում առաջին հերթին կմեծանա Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայում և Վրաստանում, ինչը Բաքուն կփորձի օգտագործել Հայաստանի տնտեսական մեկուսացումն ավելի խորացնելու նպատակով: Տրանսադրիատիկ խողովակաշարի շահագործումը Ադրբեջանի ազդեցությունը կմեծացնի նաև Բալկանյան որոշ երկրներում և Իտալիայում: Այս հանգամանքի վրա հարկավոր է առանձին ուշադրություն դարձնել, քանի որ Ադրբեջանը կարող է այս երկրներում լուրջ հակահայկական քարոզչություն կազմակերպել»։ Միաժամանակ կանխատեսվում էր, որ «Հարավային գազային միջանցքի շահագործումը Ադրբեջանին թույլ կտա նաև շարունակել հարաբերությունների խորացումը ԵՄ-ի հետ՝ վերջինիս ստիպելով անուշադրության մատնել Բաքվում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները»։
Ինչպես նկատում ենք, վերոհիշյալ կանխատեսումներն իրականացան․ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը ավարտին հասցրեց ՀԳՄ-ի շինարարությունը և 2020թ. վերջին այն սկսեց ամբողջությամբ շահագործվել։ Պատահական չէ, որ նաև այս գործոնի ազդեցության շնորհիվ ինչպես Վրաստանն ու Թուրքիան, այնպես էլ եվրոպական որոշ երկրներ պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանի նկատմամբ չափազանց լոյալ վարքագիծ էին որդեգրել։
Անդրադառնալով Արցախյան հակամարտության վրա ՀԳՄ-ի գործոնի հնարավոր ազդեցությանը՝ վերլուծության ամփոփման մեջ նշվում էր, որ «ԵՄ-ն և տարածաշրջանի մյուս երկրները կարող են ՀԳՄ-ն օգտագործել Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ պահելու նպատակով։ Մյուս կողմից էլ Բաքուն կարող է այն օգտագործել միջնորդների վրա հավելյալ ճնշում գործադրելու և բանակցություններում առավելություն ստանալու նպատակով։ Թե այս երկու տարբերակներից որն ավելի լավ կաշխատի, մեծ հաշվով կախված կլինի նաև Հայաստանի իշխանությունների դիվանագիտական ջանքերի արդյունավետությունից»։ «Լույս» հիմնադրամի փորձագետները նաև հուշում էին, թե ՀԳՄ-ի շահագործման բոլոր բացասական հետևանքներով հանդերձ՝ հայկական կողմը ինչպես կարող էր մեղմել դրանից բխող սպառնալիքները և այն ծառայեցնել սեփական շահերին։ Մասնավորապես առաջարկվում էր, որ «Ադրբեջանում պետք է հստակ պատկերացնեն, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ պատերազմի սանձազերծումը երկրի էներգետիկ ենթակառուցվածքների համար։ Հայաստանը պետք է հստակեցնի այն գիծը, որը անցնելուց հետո Բաքուն կկանգնի բազմամիլիարդանոց էներգետիկ ենթակառուցվածքները կորցնելու փաստի առաջ։ Ընդ որում, դիրքորոշման հստակեցումը պետք է լինի ոչ թե սպառնալիքի, այլ սթափեցնող ազդանշանի տեսքով»։
Ցավոք, նախորդ իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը կարողացավ լիարժեքորեն օգտվել ՀԳՄ-ի ընձեռած հնարավորություններից, մինչդեռ հայկական կողմը այն չկարողացավ օգտագործել Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը զսպելու նպատակով։ Ավելին, ողջ պատերազմի ընթացքում Հայաստանից ամենաբարձր՝ ընդհուպ նախագահի մակարդակով երաշխավորում էին Ադրբեջանի ենթակառուցվածքների, այդ թվում՝ ՀԳՄ-ի անվտանգությունը, մինչդեռ այդ բազմամիլիարդանոց նախագծերի նկատմամբ գործողությունների ռիսկը կարող էր որոշակիորեն զսպել Ադրբեջանի վարքագիծը, ինչպես նաև դրդել Բաքվի միջազգային գործընկերներին, որպեսզի վերջիններս նրա նկատմամբ հավելյալ ճնշում բանեցնեին։
Ամփոփման մեջ նաև նշվում էր, որ «եթե ընդունենք, որ տնտեսական արդյունավետության տեսանկյունից ՀԳՄ-ը Ադրբեջանի համար էական արդյունքներ չի ապահովի, ապա այդ ծրագրից բխող քաղաքական սպառնալիքների չեզոքացումը կարող է ընդհանրապես իմաստազրկել դրա գոյությունը։ Փոխարենը՝ Հայաստանի իշխանությունների անգործության դեպքում Ադրբեջանը կփորձի այս նախագիծը ևս ծառայեցնել իր ծավալապաշտական նպատակներին»։ Արդեն արձանագրեցինք, որ տեղի ունեցավ հիմնադրամի փորձագետների կանխատեսած վատագույն սցենարը։
Շարունակելի ․․․