«Եթե ձեր քաղաքական իդեալը Վասակ Սյունին է, ապա դրա վերջը Հայաստանի կործանումն է». Մհեր Նավոյան

Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանի կարծիքով՝ Հայաստանում արժեհամակարգային անապատացում է:

«Ես չեմ ուզում բնութագրել մեր ժողովրդին՝ որպես ամեն ինչ կորցրած, ես ուզում եմ խոսել հասարակության այսօրվա վիճակի մասին, դրանք էականորեն տարբեր կարող են լինել: Այսօր մեր հասարակությունն անապատացման վիճակում է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Մհեր Նավոյանը նկատեց, որ ժամանակին՝ մայիս ամսին, ի թիվս այլ տոների, ընդգծվում էր նաև Ավարայրի ճակատամարտի խորհուրդը, և նրա խոսքով՝ Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ մոտ 10-15 տարի առաջ նորից սկսված միտումնավոր ձևախեղման աշխատանքներն այսօր տվել են իրենց արդյունքները:

«Իմացող թե չիմացող, տգետ թե գրագետ բանավեճեր են բացում, թե իբր այդ ճակատամարտը չկար, որովհետև պարսիկները չեն հիշատակում, իբր այն չէր, ինչ մենք ենք հասկացել: Ծաղրում էին բարոյական հաղթանակը. այնքան ծաղրեցին բարոյական հաղթանակը, մինչև ապաբարոյականությունը դարձավ հասարակական նորմ և պետական կառավարման ձև: Այ, բարոյական հաղթանակ ծաղրող հասարակության վերջնահանգրվանը այսպիսին է լինում, ինչքա՜ն էինք ծաղրում, չէ՞: Այն, ինչ գրագետները առաջարկում են մեզ՝ Վարդան-Վասակ հակադրության մեջ Վասակին արդարացնելով, ներկայացնելով՝ որպես պետականամետ, և դրա զուգահեռը տեսնելով այսօրվա մեջ…

Այն ժամանակ էլ իբրև թե պետք չէր գնալ ըմբոստացման, պետք էր լեզու գտնել, այսօր էլ է այդպես առաջարկվում: Գիտեք, ենթադրություն չկա պատմության մեջ, ըղձական եղանակը պատմության համար չէ, պատմությունը կայացած փաստ է: Եկեք՝ տեսնենք, եթե այս հարցի մեջ մենք այսօրվա իրողություններ ենք փորձում տեսնել, այնտեղ ինչպիսի՞ն էր իրավիճակը, որ այստեղ էլ ճիշտ կողմնորոշվենք: Ենթադրենք, թե մենք Ավարայրի ճակատամարտ չէինք ունենալու և չէինք ապստամբելու, ենթադրենք՝ հաղթելու էր վասակյան ճյուղը, ի՞նչ էր լինելու դրանից հետո: Այն, ինչ տեղի ունեցավ Իրանի հետ, կայացած փաստ է՝ 100-200 տարի հետո ընդունելու էինք մահմեդականություն:

Ակնհայտ է, որ այնտեղ նաև լեզվական ճնշում էր, և ինչպես իրանական շատ ժողովուրդներ՝ տարրալուծվեցին այդ կայսրության մեջ, գուցե թե մենք էլ տարրալուծվեինք: Ապացուցված պատմական փաստ է, որ Հայաստանի մյուս կեսը, որը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ, գնաց այդ բարեկամությանը, չապստամբեց, ընդունեց քաղկեդոնություն, զիջեց հոգևորը, և՞… Եվ գնացեք՝ գտեք Փոքր Հայքի հայությունը: Այդ ամբողջ հայությունը, որ ընդունեց այդ բարեկամության կոնտեքստը, անհետացավ: Դա՞ եք առաջարկում մեզ այսօր»,- ընդգծեց արվեստագիտության դոկտոր-պրոֆեսորը:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է անցնել դժոխային ճանապարհի միջով և թևակոխել խաղաղության դարաշրջան, նա այսպես արձագանքեց. «Եթե ձեր նախահայրը, քաղաքական իդեալը Վասակ Սյունին է, ապա դրա վերջը Հայաստանի կործանումը և ուծացումն է: Եթե դա եք պրոյեկտելու այսօրվա իրականության մեջ, և հարվածում եք Ավարայրին, Վարդանին, Վարդանանց, որպեսզի այդ ինքնութենական առանցքները ոչնչացնելուց հետո ասեք՝ բա, այսօր էլ պետք է եղբայրություն, բարեկամություն լինի հարևանների հետ, ապա դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, և պատմությունը ցույց է տվել թե՛ բյուզանդական թևի Հայաստանում, թե՛ պարսկական թևի Հայաստանում, որտեղ, փառք Աստծո, Վարդանանք և նրանց շառավիղներն ըմբոստացան և 484թ. Նվարսակի պայմանագրով ապացուցեցին, որ դրանով կարող են հասնել իրավունքի պարտադրման՝ հակառակորդին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս