Բաժիններ՝

Կիպրոսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Կիպրոսի Հանրապետության միապալատ խորհրդարանի ընտրությունները մեկնարկել են կիրակի՝ տեղական ժամանակով 07:00-ին։ Երկրի իշխանության գլխավոր օրենսդիր մարմինն ընտրվում է հնգամյա ժամկետով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Կղզում բացվել են 1 166 ընտրատեղամասեր, որոնցից 160-ը նախատեսված է ընտրողների համար, որոնք դասվում են հայկական համայնքին, մարոնիտներին և լատինական ծիսակարգի կաթոլիկներին։ Այդ համայնքներից յուրաքանչյուրը ընտրելու է խորհրդարանի մեկ պատգամավոր, ընդ որում՝ Կիպրոսի խորհրդարաում հայ համայնքի բազմամյա ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանն ընտրվում է այլընտրանք չունեցող հիմքով։

Բացի այդ, վեց տեղամաս է բացվում Հունաստանում կիպրացի ընտրողների համար։ Դրանք կաշխատեն նույն ժամանակացույցով, ինչպես և Կիպրոսում՝ 07:00-18:00-ն։ Եվս չորս ընտրատեղամաս բացվում է Լոնդոնում և կգործի մինչև 16:00-ն․ հաշվի առնելով Նիկոսիայի և Լոնդոնի միջև երկժամյա տարբերությունը՝ Մեծ Բրիտանիայում քվեարկությունը կդադարի Կիպրոսի հետ միաժամանակ։

Միջերկրածովյան կղզում ընտրություններին առնչվող աշխատանքներում ներգրավված է 7 800 մարդ, այդ թվում՝ 2 100 ոստիկան։ Ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան արդեն երեկոյան։

Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչներն ունեն 80 տեղ, որոնց 70 տոկոսը (56 մանդատ) տրվում է կղզու հույն-կիպրացիների համայնքին, մնացած 30 տոկոսը (24 մանդատ)՝ թուրքական համայնքին։ Սակայն վերջինս չի մասնակցում Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի ընտրություններին 1964 թվականից և այդ 30 տոկոս տեղերը համարվում են թափուր։ Ուստի պայքարը կծավալվի 56 տեղի համար։ Դրանց հավակնում է 658 թեկնածու, որոնցից 651-ը 15 կուսակցությունների, շարժումների կամ քաղաքական դաշինքների ներկայացուցիչներ են, իսկ մնացած յոթն անկախ առաջադրված գործիչներ են։ Թեկնածուների շուրջ 25 տոկոսը կանայք են (160 մարդ)։

Ներկայում Կիպրոսում գրանցված է 557 589 ընտրող։ Փորձագետները կանխատեսում են քվեարկության դեմ բողոքի բարձր տոկոս և ընտրողների ցածր մասնակցություն։ Նրանք նաև կանխատեսում են «Ժողովրդավարական հավաք» իշխող աջակողմյա կուսակցության հաղթանակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս