Հայկական կողմի ակնկալած արձագանքն արդեն չկա նաև առաջարկված կարգավորման պլանին․ վերլուծաբան
«Սահմանին ստեղծված իրավիճակի անհասկանալի տարրերը չափազանց շատ են»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Փաշինյանի առաջարկած պլանին, ՀԱՊԿ արձագանքին ու իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններին։
Նա նշեց, որ կա իրավիճակ, որը ռազմական ագրեսիա անվանելը բարդ է, քանի որ դա չի ուղեկցվում զենքի կիրառմամբ, սակայն իրավիճակը ենթակա է լուծման, քանի որ որքան այն երկարաձգվում է, կարող են միջադեպեր տեղի ունենալ և ունեցել են։
Նրա որակմամբ՝ տեղի ունեցածի հիմնական պատճառը սահմանազատման բացակայությունն է, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան դեռ բարդ հարաբերությունները, որոնք թույլ չեն տալիս լուծել նման հարցերն այնպես, ինչպես ընդունված է, և պատերազմից հետո կողմերի հոգեբանական վիճակը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ արձագանքին, ապա, Խրամչիխինի խոսքով, ՀԱՊԿ-ը հետևում է իրավիճակին, բայց ՀԱՊԿ-ը բարդ կառույց է, որտեղ շատ հարցերում կոնսենսուս չկա։ Սակայն, նրա կարծիքով, Հայաստանը կարծես ակնկալում է ստանալ խորհուրդներ ՀԱՊԿ-ից, եթե դիմել է խորհրդակցությունների նպատակով։ Իսկ դիմել է այդ նպատակով, քանի որ, ըստ վերլուծաբանի, ռազմական ագրեսիա չկա, ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի կոնկրետ իրավիճակներում, իսկ այս դեպքում ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է, և դա ՀՀ-ն շատ լավ է հասկանում, որ հիմնական բանակցությունները պետք է վարի Ռուսաստանի հետ։
«Բայց ստեղծված իրավիճակի անհասկանալի տարրերը չափազանց շատ են, որոնցից գլխավորը, թե ինչպես է ստեղծվել նման իրավիճակ և ինչու, դա ունի և քաղաքական, և ռազմական պատճառներ։ ՌԴ-ն հակված է օգնել կողմերին հաղթահարել տվյալ իրավիճակն առանց իրավիճակի սրման, հենց այդ պատճառով առաջարկվել է անցնել դեմարկացիայի գործընթացի։ Հիմա կարծես կողմերը դրան դեմ չեն, սակայն կա առաջարկ՝ ներգրավել դրսից դիտորդների, որը կարծես որևէ կողմ մեծ ոգևորությամբ չի ընդունել, թեև եղել են աջակցության խոսքեր»,- ասաց վերլուծաբանը։
Խրամչիխինի խոսքով, Արևմուտքն արձագանքում է, սակայն դժվար է մտածել, որ նրանք ուժեր կուղարկեն սահմանին կանգնելու համար։
«Այստեղ էականը բանակցային գործընթացն է, եթե այն տեղի ունենա, շատ հարցեր կպարզաբանվեն, բայց հայկական կողմի ակնկալած արձագանքն արդեն չկա նաև առաջարկված կարգավորման պլանին։ Դժվար է կանխատեսում անելը ևս, սակայն պատերազմ ոչ ոք չի ցանկանում, կարծում եմ, ի վերջո, Ռուսաստանը որևէ կերպ կկայունացնի իրավիճակը»,- նկատեց նա։