
ԱՄՆ-ն կասեցրել է Մալիի անվտանգության ու պաշտպանական ուժերին տրամադրվող օգնությունը

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Մալիի անցումային կառավարության ղեկավարների ձերբակալումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպատրամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Պետդեպից հայտնել են, որ կասեցնում են այդ երկրի անվտանգության ու պաշտպանական ուժերին տրամադրվող ամերիկյան օգնությունը:
Փրայսը հայտնել է, որ ամերիկյան կողմը հորդորում է անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել ձերբակալված քաղաքացիական առաջնորդներին:
Ավելի վաղ Մալիի փոխնախագահի խորհրդական Բաբա Սիսեն հայտարարել էր, որ նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել դատավորի ներկայությամբ: Սիսեն տեղեկացրել է, որ երկրում է միջազգային միջնորդական առաքելությունը, ընթանում են բանակցություններ Նդաոյի և Ուանի ազատ արձակման, ինչպես նաև նոր կառավարություն ձևավորելու ուղղությամբ:
Մալիի փոխնախագահ, գնդապետ Հասիմի Գոիտան հայտարարել է, որ նախագահն ու վարչապետը ազատվել են պաշտոններից անցումային շրջանի խարտիան խախտելու համար:
Մալիի նախագահն ու վարչապետը զինվորականների խմբի կողմից ձերբակալվել էին մայիսի 24-ին:
Երկրում ռազմական հեղաշրջում էր եղել 2020 թվականի օգոստոսին: