Բաժիններ՝

ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստում է ստացել երկրի չափահաս բնակչության կեսը

ԱՄՆ-ի՝ 18 եւ բարձր տարիքի քաղաքացիների 50 տոկոսը լրիվ պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այդ մասին վկայում են Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալները։

Մարդը COVID-19-ի դեմ լրիվ պատվաստում ստացած կարող է համարվել Pfizer/BioNTech կամ Moderna պատվաստանյութերի երկրորդ չափաբաժինը կամ մեկ չափաբաժնով ներարկվող Johnson & Johnson-ի պատվաստանյութն ստանալուց երկու շաբաթ անց:

«Դա մեր երկրի պայմաններում կարեւոր նշաձող է պատվաստման հարցում»,-հայտնել է Սպիտակ տան՝ COVID-19-ի հարցերով ավագ խորհրդական Էնդի Սլավիթը՝ հանդես գալով մամուլի համար անցկացված ճեպազրույցում: Նրա տվյալներով՝ 25 նահանգներում եւ Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ) չափահաս բնակչության ոչ պակաս, քան 50 տոկոսը լրիվ պատվաստվել է:

Ինը նահանգներում չափահաս բնակիչների առնվազն 70 տոկոսն ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժինները: ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ ներարկումների համար օգտագործվում են Moderna-ի եւ Pfizer-ի պատվաստանյութերը, որոնցով իմունացման համար անհրաժեշտ է ներարկել երկու չափաբաժին, ինչպես նաեւ Johnson & Johnson-ի պատվաստանյութ, որը ներարկվում է մեկ չափաբաժնով: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր հուլիսի 4-ին նշվող Անկախության օրվա առթիվ երկրի չափահաս բնակչության 70 տոկոսին առնվազն մեկ չափաբաժին ներարկելու մտադրության մասին:

ԱՄՆ-ն առաջվա պես առաջատարն է COVID-19 կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվով: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ համավարակի ժամանակաշրջանում այստեղ գրանցվել է ախտահարման ավելի քան 33 միլիոն դեպք, մահացել է 590 հազարից ավելի կորոնավիրուսով հիվանդացած, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս