Եթե անվտանգային խնդիրը լուծված չէ, մենք պետք է տնտեսական զարգացման կամ արագ ներդրումների ներհոսքի մասին ուղղակի մոռանանք․ Վարդան Արամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նշեց, որ ընտրություններից հետո նոր կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի, որ կայունության չորս հենասյուներից երեքը, որոնք այսօր բացակայում են, արագ կարգավորվեն։

«Դրանք ես բազմիցս նշել եմ․ երկուսը տնտեսական են, իսկ երկուսը, սովորաբար, միջավայրի կայունությունն ապահովողն են՝ հարկաբյուջետային, դրամավարկային և ֆինանսական, քաղաքական կայունություն և անվտանգություն։ Ընդունված կանոն է, և ամբողջ աշխարհի միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս հենասյուներից ամենակարևորը՝ եթե անվտանգային խնդիրը լուծված չէ, մենք պետք է տնտեսական զարգացման կամ արագ ներդրումների ներհոսքի մասին ուղղակի մոռանանք»,- ասաց Վարդան Արամյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե պետք է սահմանափակվել միայն այդ խնդրով, որովհետև տնտեսականները ևս կարևոր են։

Անդրադառնալով տնտեսագետների կողմից արձանագրված հարկաբյուջետային կանոնների խախտման մասին դիտարկումներին՝ Ֆինանսների նախկին նախարարը նշեց, որ դրանք ունեն իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները․

«Օբյեկտիվ պատճառը ճգնաժամն է 2020 թվականի, և շատ երկրներ պարտադրված եղան բարձր դեֆիցիտներ ունենալ, որպեսզի կարողանան դիմակայել արտաքին ցնցումներին, բայց ի տարբերություն այլ երկրների՝ մեր խնդիրը նրանում է, որ 2018-2019 թթ․ կառավարությունը շատ պահային որոշումներ էր կայացնում՝ առանց հեռակետին նայելու»։

Նոր կառավարության հաջորդ խնդիրը, ըստ նրա, հաղորդակցությունն է տնտեսվարող սուբյեկտների և հանրության հետ․ «Մենք պետք է մոռանանք այն դոկտրինան, որ կառավարությունն այսօր մի բան է ասում, մյուս օրը՝ մի բան է անում։

Տնտեսվարողները սիրում են կայունություն, և այդ կայունության մեջ շատ կարևոր է, թե կառավարությունն ինչ ազդակներ է տալիս և հետագայում ինչպես է դրանք պահպանում․ եթե կառավարությունն իր նախանշած ազդակների ուղղությամբ լրիվ հակառակ քայլ է անում, տնտեսվարողները դառնում են սկեպտիկ»։

«Երրորդ ուղղությունը, որը, կարծում ենք, խիստ կարևոր է, հետպատերազմյան և հետճգնաժամային ժամանակահատվածում, շատ արագ միջոցներ մոբիլիզացնելն է, որպեսզի կարողանանք ամրացնել մեր տնտեսական հենքերը։ Լավագույն ոլորտը, որը կարող է ապահովել արագ ֆինանսների ներհոսք մեր տնտեսություն, դա հանքագործության ոլորտն է, և այստեղ մենք պետք է ուշադրություն դարձնենք շրջակա միջավայրի խնդիրների և տնտեսական շահերը բալանսավորելու վրա»,- եզրափակեց Վարդան Արամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս