Կասպից ծովը կարող է Արալյան ծովի աղետի կրկնությանն սպասել. ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ
Կասպից ծովը կարող է Արալյան ծովի բնապահպանական աղետի կրկնությանն սպասել, եթե չպահպանի իր ջրային պաշարները: Այդ մասին մայիսի 25-ին լրագրողներին հայտարարել է Կենտրոնական Ասիայի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Բուրիանը։
«Ջրի օգտագործման նախկին պրակտիկաները շատ լուրջ աղետի են հասցրել Արալյան ծովում: Ոչ ոք այժմ այդ մասին դեռ չի խոսում, բայց արդեն գիտնականները կանխատեսում են, որ եթե այդ հարցերով լրջորեն չզբաղվեն, նման աղետ կարող է տեղի ունենալ Կասպից ծովում»,-ասել է Բուրիանը: Նրա խոսքով, մասնավորապես, նշվում է Ուրալ գետից Կասպից ծով ջրի ոչ բավարար հոսքը: «Կանխատեսումներ են արվում, որ այդ գործընթացը կարող է այնքան արագանալ, որ իսկապես, դա կարող է հանգեցնել մեկ այլ բնապահպանական աղետի»,-նշել է ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը:
Բուրիանը հավելել է, որ ներկայում շատ կարեւոր է առաջ տանել Կասպից ծովի ջրային ռեսուրսների ռացիոնալ եւ պատասխանատու օգտագործման համագործակցությունը:
«Դրա համար հարկավոր է, որպեսզի երկրները պայմանավորվեն ջրային ռեսուրսների արդարացի բաշխման եւ դրա նկատմամբ հասանելիության շուրջ՝ հաշվի առնելով (Կասպիականի ջրատարածքի) բոլոր երկրների շահերը»,-հավելել է ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը: Ղազախստանի եւ Ուզբեկստանի սահմանին գտնվող Արալյան ծովը մինչեւ 1960 թվականն իր մակերեւույթով եղել է աշխարհի չորրորդ խոշոր լիճը:
Վերջին 55 տարվա ընթացքում ծովի մակերեւույթը կրճատվել է գործնականում եռակի, ջրի մակարդակը նվազել է 29 մետրով, ջրի ծավալը պակասել է 15 անգամ, ավելացել է աղիությունը, ոչնչացել է ձուկը:
Կասպիական հնգյակի երկրների ղեկավարները 2018 թվականի օգոստոսին Ղազախստանի Աքթաու քաղաքում կոնվենցիա են ստորագրել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ՝ տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ, որի վրա աշխատանքը տարվել է ավելի քան 20 տարի՝ 1996 թվականից ի վեր:
Կոնվենցիայի տակ ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի նախագահները: Փաստաթուղթը հաստատում է հինգ պետությունների համար բացառիկ եւ կատարյալ իրավունքները Կասպից ծովի նկատմամբ, նրա ընդերքի եւ մյուս ռեսուրսների պատասխանատու յուրացումն ու օգտագործումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: