Գործող վարչապետի հնարավորությունները մինիմալ են․ նրա աջակիցները որոշ ներկայացվածությամբ կլինեն խորհրդարանում. Զատուլին
«Ռուսաստանը պաշտոնական մակարդակում ձեռնպահ է մնում միջամտել ՀՀ ներքին գործերին»,- այս մասին այսօր SputnikArmenia-ի եթերում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին:
Նա արձանագրեց, որ Փաշինյանը հասարակության մի մասի կողմից վայելում է որոշակի աջակցություն, սակայն, նրա համոզմամբ, անզեն աչքով տեսանելի ու ակնհայտ է, որ նրա աջակցությունը ԼՂ-ում պատերազմից հետո կտրուկ նվազել է և համեմատելի չէ այն աջակցության հետ, որը նա ուներ թավշյա հեղափոխության կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ մեծամասնություն:
Զատուլինի խոսքով, ընտրական դինամիկան փոխվում է, և Փաշինյանը կորցնում է հանրության աջակցությունը:
«Չէի ցանկանա նշել՝ ինչով կավարտվեն ընտրությունները, սակայն գործող վարչապետի հնարավորությունները՝ պահպանվել այս դերում ընտրություններից հետո, մինիմալ են: Ի դեպ, նրա աջակիցները որոշ ներկայացվածությամբ կլինեն խորհրդարանում: Ընդդիմադիր մյուս ուժերին, ըստ էության, միավորում է ծայրահեղ վատ վերաբերմունքը գործող իշխանության նկատմամբ»,- նման կարծիք հայտնեց ՌԴ Դումայի պատգամավորը:
Հարցին՝ Արևմուտքին ՀՀ-ում ներքաղաքական ինչպիսի՞ դասավորություն ձեռնտու կլիներ, Զատուլինը պատասխանեց, թե տպավորությունն այնպիսին է, որ Արևմուտքում, իհարկե, հետաքրքրված չեն ՀՀ իշխանությանը ռուսամետ ուժերի հայտնվելու հեռանկարով, դա ակնհայտ է՝ հաշվի առնելով Արևմուտք-ՌԴ հարաբերությունները ներկայումս:
Ըստ նրա, ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի ղեկավարությունը ևս հետաքրքրված է, որ գործող վարչապետը, ում հետ հեշտ է գործերն առաջ տանել, պահպանի պաշտոնը, քանի որ հեշտ է նրան ճնշելը, սպառնալը, վախեցնելը, որովհետև նա պարտության հոմանիշն է:
«Ռուսաստանը պաշտոնական մակարդակում ձեռնպահ է մնում միջամտել ՀՀ ներքին գործերին, քանի որ ՌԴ յուրաքանչյուր միջամտություն պաշտոնական մակարդակում կարող է սխալ մեկնաբանվել հայ ժողովրդի կողմից: Մենք կարծում ենք, որ հայ ժողովուրդն իմաստուն է, պատմականորեն՝ մեր ընկերը, մեր բարեկամը, ուստի մենք չենք պատրաստվում պաշտոնապես պարտադրել մեր տեսակետը: Այլ հարց է, որ քաղաքական, հասարակական գործիչները, ՌԴ-ում ՀՀ Սփյուռքն ունի իր նախընտրությունները, և ես կարող եմ դատել, որ այստեղ գրեթե բոլորը, ողջ Սփյուռքը միավորված է իրավիճակի և գործող վարչապետի գործողությունների անընդունելիության շուրջ․ նրա գործողություններն այստեղ ևս դիտարկվում են՝ որպես պարտության խորհրդանիշ, և նրա՝ որպես պարտության մեղավորի»,- ասաց նա: