Ի՞նչ փաթեթով է Զարիֆը ժամանելու Երևան ու Բաքու

Մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինվորականների ներխուժման ֆոնին սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը տարածաշրջան, մասնավորապես՝ Երևան և Բաքու:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ իրանցի նախարարը ՀՀ կժամանի մայիսի 26-ին և կունենա մի շարք հանդիպումներ: Այլ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Զարիֆը Բաքվում կլինի մայիսի 25-ին: Մայիսի 24-ին Զարիֆի տարածաշրջան կատարելիք այցի մասին խոսել է նաև Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբաձեն:

Ավելի վաղ Խաթիբաձեն ասել էր, որ Իրանը հույս ունի՝ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղ ճանապարհով լուծել միջադեպը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկում: «Իրանը ուշադիր հետևում է վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը և հույս ունի, որ ծագած հակասությունները հնարավորինս շուտ կլուծվեն խաղաղ ճանապարհով»,- այդ ժամանակ նշել էր Իրանի ԱԳՆ-ն: Ընդգծվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների լուծմանն օժանդակելու հարցում Թեհրանի պատրաստակամությունը, և երկու հանրապետություններին կոչ արվեց զերծ մնալ սրացումից և հարգել միմյանց սահմանները:

Հարկ է հիշեցնել, որ մայիսի 16-ին Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել էր ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին, ում տեղեկություններ էր փոխանցել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածք ներխուժման հետևանքով ստեղծված վիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը: Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել էին «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները: Նախարար Էսլամին հայտնել էր ԻԻՀ ղեկավարության պատրաստակամությունը վերը նշված կարևորագույն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որը, ըստ նախարարի, միտված է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը: Դեսպան Թումանյանն ընդգծել էր հյուսիս-հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա բխում է ծրագրում ներգրավված բոլոր երկրների շահերից և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված նկրտումները սանձող լավագույն հակազդեցության միջոց է:

Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ դոկտոր Մոջթաբա Զոլնուրին սահմանային իրավիճակի վերաբերյալ ամենակտրուկ կերպով արտահայտված պաշտոնյան է: Նա նշել էր. «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մինչդեռ մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»:

Նրա խոսքով՝ իրենք սատարում են Ադրբեջանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում, և նաև պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականությունը, հողը և Իրանի հետ հարևանության սահմանը պահպանելու հարցում: Հայտնի է, թե Հայաստանի հետ ունեցած սահմանի փոփոխությանն ինչպես են ավանդաբար վերաբերվում Իրանում, և ադրբեջանական ներխուժման ֆոնին իրանական ակտիվությունը դա լիովին բացահայտեց: Բացի այդ, առանձնահատուկ ուշադրության արժանի է այն թեման, որ Իրանի միջազգային դերակատարությունն ու կշիռն աճում է Վիեննայում Միջուկային գործարքի շուրջ բանակցությունների արդյունքներով, իսրայելապաղեստինյան վերջին հակամարտությունում Իրանի ունեցած դերակատարմամբ, Իրան-Չինաստան համաձայնագրով, Իրան-ԱՄՆ հարաբերություններով և, ընդհանուր առմամբ, Իրանի դերով Մերձավոր Արևելքում:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս արևելագետ, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Իրանի ԱԳ նախարարի այցը միանշանակորեն կապ ունի այն ամենի հետ, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, և դրա վերաբերյալ իրանցի պաշտոնյաները հստակ վերաբերմունք են արտահայտել:
Նրա խոսքով, դա պայմանավորված է, ինչպես անհանգստությամբ, որ կփոխվի սահմանը, այնպես էլ՝ տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու ցանկությամբ: «Եթե հիշեք, պատերազմի ընթացքում ԻԻՀ ԱԳ փոխնախարարը այց կատարեց տարածաշրջան՝ առաջարկելով վերջ դնել պատերազմին և կարգավորել հակամարտությունը, սակայն դա ինչո՞վ ավարտվեց: Արդյունքում՝ կրկին Ռուսաստանը միջնորդական դեր ստանձնեց, և ստորագրվեց հրադադարի փաստաթուղթ: Կարծում եմ՝ Իրանը սպառել է իր հնարավորությունները լիարժեք ազդեցություն ունենալու համար տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա, առավել ևս՝ ներկայումս: Նույնը՝ Թուրքիան: Սակայն Իրանը տարածաշրջանային տերություն է և իր խոսքն ասելու իրավունքն ունի ու դա կանի: Այլ հարց է, որ հնարավորություն չեմ տեսնում, որ Իրանը ստանձնի էական դերակատարություն հակամարտության գոտում: Այս դեպքում հստակ է, որ Իրանը հանդես է գալիս ավելի հայամետ դիրքից, և դա ևս իր մի շարք պատճառներն ունի: Այնուամենայնիվ, այս այցի ընթացքում կքննարկվի նաև տարածաշրջանային ապաշրջափակման թեման, Իրանն ու Ռուսաստանն ընդհանուր շահեր ունեն այս և մի շարք այլ հարցերում, Իրանը նաև իր առանձին շահերն ունի, որոնք առաջ մղելու նախնական փուլում են գտնվում: Սակայն նշենք նաև, որ այցի մակարդակը խոսուն է մի փուլում, երբ Իրանը գտնվում է ներքաղաքական ինտենսիվ զարգացումների և Արևմուտքի հետ մարվող կարգավորման ֆոնին, ինչը նշանակում է, որ Իրանը փոխել է իր վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ, ու այս գործոնը լիովին անտեսել հնարավոր չի լինելու, հատկապես, երբ ռուս-իրանական շահերը ևս էական են թե Մերձավոր Արևելքում, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շրջանակում»,- նկատեց վերլուծաբանը:

Իր հերթին՝ ռուս միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Իրանն այնպիսի երկիր է, որին «հաշվից» դուրս թողնել չի կարելի՝ հաշվի առնելով նաև այսօր աշխարհում Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները:

Նրա խոսքով, Իրանի համար վերջին իրադարձությունները բավականին կարևոր են, քանի որ Իրանը չի ցանկանում ահաբեկչական վտանգի խորացում իր սահմանների մոտ, և Հայաստանի հետ սահմանն ամենաանվտանգ իրանական սահմաններից մեկն է, որը Իրանն ամեն գնով պահպանում է, որը նաև դիտարկվում է՝ որպես կարևոր բաղադրիչ հետագա հաղորդակցությունների ձևավորման համար:

«Այդ աշխատանքներին, ինչպես տեսնում ենք, Իրանը մասնակցում է և հատկապես հետաքրքրված է Հյուսիս-Հարավ ծրագրով ու Պարսից ծոց-Սև ծով նոր ուղու ձևավորմամբ: Ուշագրավն այն է, որ Իրանի համար առանցքային որոշումները կայացվում են ընտրություններից առաջ, երբ ամեն ինչ կարող է ներքին գործոնների պատճառով փոխվել, որովհետև Իրանն էլ իր ներքին հոսանքներն ու բարդություններն ունի, ինչպես նաև դրանք ձևավորող ու դրանց վրա ազդող ներքին գործոնները: Բայց նման այցի կազմակերպումը կարևոր ազդակ պետք է լինի այս տարածաշրջանի բոլոր երկրների և խաղացողների համար, որ Իրանն ունի իր շահերը ու պաշտպանելու է դրանք»,- ասաց Լուկիանովը:

Նրա կարծիքով, այս շրջանակում շահերի համընկնումներն ավելի շատ են Հայաստանի հետ, և պատժամիջոցների լիարժեք չեղարկումը տարածաշրջանում Իրանին էլ ավելի կամրապնդի: «Թե կոնկրետ ինչ առաջարկներով է գալիս ԱԳ նախարարը, դժվար է ասել: Կարելի է կանխատեսել, որ սահմանազատման վերաբերյալ քննարկումներ կանցկացվի, և ԻԻՀ ԱԳ նախարարը տեղում կհասկանա, թե ինչ փաստաթուղթ է քննարկվում, ինչ ժամկետներում և ինչ բովանդակությամբ, ինչպես կզատվի սահմանը, սա է իրականում հետաքրքրում Իրանին: Սա կարևոր շարժում է Իրանի արտաքին քաղաքականության մեջ, որը պայմանավորված է նաև աշխարհաքաղաքական տեղաշարժերով, ու սա միարժեքորեն փոխելու է տարածաշրջանում Իրանի դերն ու դրա ընկալումը՝ ազդելով հետագա զարգացումների վրա»,- նկատեց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս