«Այս փոքրիկ հողակտորին մեծ ուղեղներ են պետք, հակառակ դեպքում չենք աճի»․ 15-ամյա Տաթևիկ Իսրայելյան
15-ամյա Տաթևիկ Իսրայելյանը մեկն է այն պատանիներից, որ փոքր տարիքից արդեն հասուն քայլեր է անում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Տաթևիկը սովորում է դպրոցում, հաճախում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, ունի իր փոքրիկ բիզնեսը և շատ ստեղծարար գաղափարներ։ 168.am-ի հետ զրույցում Տաթևիկը պատմել է իր նախագծերի, ներկայիս զբաղվածության, ապագա պլանների և նոր «Փշփշիկ ոզնի» անիմացիայի մասին։
«Չորս տարի կլինի, ինչ «Արմաթը» հոսում է իմ արյան միջով։ Խմբակ հաճախելուս առաջին օրվանից սկսած՝ հասկացա, որ ես «փոխող» եմ, ես կարող եմ անել մի բան, որն օգուտ կտա ուրիշին։
Մեր թիմի՝ Ախթալա թիվ մեկ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի անունից մասնակցել եմ շատ նախագծերի։ Մինչև առաջին հաղթանակս գրանցելն ամեն բան բարդ էր թվում։ Իսկ այդ հաղթանակը՝ այդ խթանը, չուշացավ։ «Ոզնի 18», «Ոզնի 19», «Դիջիկոդ 19», «Դիջիկոդ 20», «Դիջիկոդ 21»․ սրանք այն կետերն են, որտեղից ես սկսել եմ իմ ճանապարհը։
Առաջին անգամ հաղթանակս այնքան էլ մեծ չէր, բայց փոքրիկ Տաթևիկը, ով ստեղծել էր նախագիծ Թումանյանի, Գիքորի ու երկնքից ընկնող խնձորների մասին, հասկացավ, որ ինքն ինչ-որ անելիք ունի այնտեղ, որտեղ գտնվում է, ու շարժվեց առաջ։ Իսկ հիմա, երբ ընդամենը չորս տարի է անցել «փոքրիկ Տաթևիկից», նա հիմա ոչ միայն հասկացել է իր նպատակը, այլ գործում է և շուտով բոլորին կներկայացնի ոչ թե Թումանյանին կամ Գիքորին, այլ Փշփշիկ»։
Տաթևիկը նշում է, որ «Արմաթում» աճելու շատ հնարավորություններ կան։
«Հենց սկզբից ես կարծում էի, որ երբ մեծանամ, կդառնամ հայտնի ծրագրավորող, կամ, ասենք, ինժեներ։ Իրականում ես չէի էլ կարող մտածել, թե գրաֆիկ դիզայնն իմ մեջ երբևէ հեղափոխություն կանի»։
2020 թվականին՝ կորոնավիրուսային կարանտինի ժամանակ, Տաթևիկը սկսում է ուսումնասիրել գրաֆիկական ծրագրերը։
«Ես նկարում էի, գծեր էի քաշում ու չէի էլ կարող պատկերացնել, թե կկարողանամ ստեղծել այն, ինչ ունեմ հիմա։ Դեկտեմբերից սկսած ես ունեմ իմ փոքրիկ բիզնեսը, որին տվել եմ իմ գրական կեղծանունը՝ Դեբենց։ Դեբենցը նկարում է դիմանկարներ, էջանիշներ ու էլ ի՜նչ ասես։ Կարևորը՝ սիրով։ Հենց Դեբենցն էլ օգնեց ինձ Փշփշիկիս ստեղծելու հարցում։ Գրաֆիկական մասն ապահովեց այն, իսկ կոդերը գրեցի ինքնուրույն. միշտ սիրել եմ ներսումս երկու տարբեր, բայց աշխատող ես-երին»։
Տաթևիկի առօրյան այժմ ամբողջությամբ նպաստում է իր նպատակների իրականացմանը։
«Գնում եմ դպրոց, հետո՝ «Արմաթ», հետո «Արմաթը» տեղափոխում եմ տուն ու վազում նպատակներիս հետևից։ Իմ ամբողջ օրն այս նույն օրակարգն ունի, ու հավատացնում եմ՝ այսպես շատ լավ է»։
Տաթևիկի գլխավոր նախագծերի մեկն այժմ «Փշփշիկ ոզնի» անիմացիան է։ «Փշփշիկ ոզնու» կերպարը և հենց մուլտը մշակվում է Տաթևիկի կողմից։
«Փշփշիկ ոզնուն ճանաչում են Ֆեյսբուքում, Ինստագրամում, Սքրեչում, կարճ ասած՝ նա ամենաժամանակակից ոզնին է։ Շուտով ավելի մեծ արդյունքներ կգրանցի, երբ հանդես գա ոչ թե՝ որպես անիմացիա, այլ՝ մուլտ։ Առաջին մասի վրա աշխատում եմ այս պահին, բայց փակագծերը բացել չեմ ուզում։ Միայն կասեմ՝ շատ հետաքրքիր է լինելու։
«Փշփշիկ ոզնի» մուլտի վրա այժմ աշխատանքներ եմ տանում։ 10 րոպե տևողությամբ առաջին սերիան պատրաստ է լինելու ամռանը։ Նախագծիս վրա աշխատում եմ միայնակ՝ առանց թիմի. թե՛ դժվար է, թե՛ հեշտ։ Դժվար է, որովհետև «կողքի աչք» չկա, ով քեզ կուղղորդի, ամեն բան ինքդ ես անում։ Եվ հեշտ է նրանով, որ կողքից խանգարող էլ չկա։ «Փշփշիկ ոզնին» այս աշխարհի միակ կանաչ ոզնին է, որը նպատակ ունի դառնալու երեխաների թիվ մեկ սիրելի մուլտը՝ անցնելով նույնիսկ հանրահայտ «Մաշային և Արջին։ Փշփշիկը խելացի է, նախաձեռնող ու բարի. այս հատկանիշները գրավում են ցանկացած փոքրիկի»։
Տաթևիկն իր հասակակիցներին խորհուրդ է տալիս, որ եթե նրանք ցանկանան ստեղծել կամ անել որևէ բան, ապա մտածեն՝ արդյո՞ք դա կօգնի ինչ-որ մեկին, արդյո՞ք դա կարող է ինչ-որ բան փոխել։
«Եթե պատասխանը բացասական է, ուրեմն ձեր նախագիծը դեռ հում է, դեռ պիտի աճեք։ Հայկական տիրույթում հաջողակ նախագիծ ստեղծելու համար անհրաժեշտ է լավ հասկանալ թիրախը՝ ո՞ւմ համար եք ստեղծում ձեր աշխատանքը։ Պիտի խորապես ընկալեք ձեր թիրախի թույլ ու ուժեղ կողմերը։ Զերծ մնացեք ծայրահեղ ազգայնամոլությունից և ծայրահեղ օտարամոլությունից․ մենք՝ հայերս, ծայրահեղություններ չենք սիրում»։
Տաթևիկը կարծում է, որ լավ կրթություն կարող է ստանալ նաև Հայաստանում մնալով։
«Որակյալ տեխնոկրթություն ստանալու համար կարիք չկա հայրենիքից մեկնելու, կարելի է պարզապես արտասահմանը բերել տուն, իսկ մեր օրերում դա շատ հեշտ է՝ բացում ես համացանցը, որոնում ես քեզ հետաքրքիր նյութը, գտնում ու սովորում։ Այս փոքրիկ հողակտորին մեծ ուղեղներ են պետք, հակառակ դեպքում չենք աճի։ Եթե ինչ-որ դեպքում հեռանամ երկրիցս, ապա միայն հենց այս հողի վրա ինչ-որ բան փոխելու նպատակով»,- ասում է Տաթևիկը։
Սիրարփի Աղաբաբյան