«Թուրքիան բուլդոզերով անցնելու է Հայաստանի տնտեսության վրայով՝ մենք Թուրքիային տալու որևէ բան չենք ունենալու». Տիրան Լոքմագոզյան

Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը չի բացառում, որ «տարածաշրջանում խաղաղության հաստատման» անվան տակ գործող իշխանությունը շարունակելու է մեր հակառակորդին արվող զիջումների շարքը: Իշխանության վարած քաղաքականությունից իր մոտ հարց է ծագում, եթե այդպես չի անելու, այդ դեպքում ի՞նչ է նշանակում՝ ունենալ բանակ, որը պետք է խաղաղություն պարտադրի, բայց չի պարտադրում, ընդհակառակը՝ նահանջում է, իբրև թե խաղաղություն հաստատելու համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, վերլուծելով ներհայաստանյան ստեղծված իրավիճակը, թուրքագետն այն քաոս որակեց:

«Խաղաղության համար դիրք ենք զիջո՞ւմ, հող ենք զիջո՞ւմ, հայրենիք ենք զիջո՞ւմ. ստացվում է՝ հակառակորդն ասում է՝ խաղաղության համար ես սա եմ ուզում, մենք էլ տալիս ենք, իսկ այս տրամաբանությամբ վաղը կարող է ասել՝ խաղաղության համար ես Երևանն եմ ուզում։ Ադրբեջանցիները հասել են Հայաստան։ Պարզ է, որ նրանք հենց այնպես չեն եկել ու հենց այնպես էլ ետ չեն գնալու, պարզ է, չէ՞, որ ինչ-որ բան պետք է տրվի նրանց։ Իսկ գուցե հենց սկզբից պայմանավորվածություն կար, թե՝ ես կմտնեմ, դու սա կանես, ես դուրս կգամ։ Եթե ադրբեջանցիները հիմա դուրս գան առանց որևէ բանի, դա էլ ավելի կասկածելի է լինելու։ Մեր սահմաններից ներս զինված խմբեր են ներս գալիս. այդ ո՞ր երկիրը նման բան թույլ կտար, իսկ թե ինչո՞ւ է թույլ տալիս այս իշխանությունը դա, կասկած է, որին ավելանում է մյուս կասկածը՝ իսկ ինչո՞ւ է սահմանապահին տվել չկրակելու հրաման. չէ՞ որ սահմանապահը հենց կրակելու համար է այնտեղ կանգնած. դե թող փորձեն անցնել Թուրքիայի հետ սահմանը, տեսնեմ՝ չեն կրակելո՞ւ»,- ասաց Տիրան Լոքմագոզյանը՝ իշխանության և ադրբեջանական կողմի միջև պայմանավորվածությունների ծիրում դիտարկելով նաև Տավուշի շրջանի 5 գյուղերն Ադրբեջանին հանձնելու պահանջը։

«Տավուշի մարզի 5 գյուղերը հանձնելը գրված է թղթի վրա, իսկ Փաշինյանն ասում է, թե Արծվաշենի հարցը կարող ենք քննարկել, կամ պետք է քննարկել, և այլն… Բա այդ պայմանավորվածությունների մեջ ինչո՞ւ հստակ Արծվաշենը չի մտնում, հիմա ասում է, թե կարող ենք քննարկել։ Հարց է առաջանում՝ այս մարդն ո՞ւմ համար է աշխատում, մե՞զ, թե՞ նրանց. կարծում եմ՝ եթե Ալիևը լիներ մեր վարչապետը, այս վիճակից շատ ավելի լավ վիճակում կլինեինք»,- ասաց Լոքմագոզյանը՝ ընդգծելով, որ այս կառավարությունը հանձնում է մեր հայրենի հողը, և ոչ թե՝ ինչ-որ տներ, ու հետո էլ հպարտանում է, թե շուռնուխցիների համար տներ կկառուցի։

«Գյուղացին բողոքում է, որ տուն կորցրեց, արոտավայր կորցրեց, ես բողոքում եմ՝ հայրենիք եմ կորցրել. ինձ համար դա արոտավայր չէ, ինձ համար հողը հայրենիքն է. իսկ այս կառավարությունն իմ հայրենիքն է հանձնել, լավ, գուցե տունը կորցրածին տուն տվեցին, բա ի՞նձ ինչ են տալու»,- ասաց թուրքագետը՝ հողը սոսկ հող և ոչ թե հայրենիք ընկալողների շարքին դասելով նաև Նիկոլ Փաշինյանին, որն այսօր իրականացնում է այն ծրագիրը, ինչի մասին հոդվածներ էր գրել դեռ 20 տարի առաջ։

«Նա խոսում է ճանապարհներ տալու մասին, բայց Ալիևը պահանջում է Սյունիքն ընդհանրապես։ Ես կարծում եմ, որ Նիկոլի ծրագրի մեջ էլ կարող է մտնել այն, ինչ պահանջում է Ալիևը. այսօր ասում է՝ ճանապարհներ տանք, վաղն էլ կարող է ասել, դե՝ Սյունիքը տանք, որ ապրենք: Նա այսօր խոսում է ճանապարհների բացման մասին, բայց ո՞վ է վերահսկելու այդ ճանապարհները, չէ՞ որ, երբ ուրիշի վերահսկողության տակ հայտնվի, էլ մենք մեր ճանապահի տերը չենք։ Փաշինյանը շատ լավ գիտի հայ մարդու հոգեբանությունը ու գիտի, որ մեծ մասի համար փողն ամենակարևորն է։ Փաշինյանը երբ շեշտում է փողի մասին, դրանով գրավում է մեր ժողովրդի մի մասին։ Ժողովրդի բերանին մի մատ մեղր են քսում, թե՝ փող կաշխատեն, թեկուզ այդ փողը գա Թուրքիայից։ Հիմա ասում է, թե առևտուր ենք անելու Թուրքիայի հետ. 80 միլիոնանոց Թուրքիայի հետ Հայաստանն այդ ի՞նչ առևտուր է անելու, Թուրքիան բուլդոզերով անցնելու է Հայաստանի տնտեսության վրայով, որովհետև մենք Թուքիային տալու որևէ բան չենք ունենալու,- ասաց Լոքմագոզյանը՝ Փաշինյանից պահանջելով,- Եթե պնդում ես, որ այդ փաստաթուղթը 100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից, ապա ցույց տուր գոնե 10 տոկոսի շահը»։

Հարցին՝ արդյոք որպես շահ կարո՞ղ ենք դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը, որը, ըստ Փաշինյանի, պետք է կայունության և խաղաղության համար, Տիրան Լոքմագոզյանը պատասխանեց.

«Եթե սահմանի գծումը խաղաղություն նշանակեր, բա ինչո՞ւ ենք ռուսական զորքը 30 տարի պահում Թուրքիայի հետ սահմանի վրա. կամ ինչո՞ւ ենք Իրանի ու Վրաստանի սահմանին զորք պահում. սահմանը ճշտելը խաղաղության համար չէ, և դա ամենամեծ խաբեությունն է։ Հիմա մեզ պետք չէ գնալ սահմանագծման ու սահմանազատման, բայց իմ ամենամեծ վախն այն է, որ գնալու է և գնալու է նաև Թուրքիայի հետ. Փաշինյանը ստորագրություն է դնելու. մեկով՝ հրաժարվելով Ցեղասպանության պահանջատիրությունից, մյուսով՝ ընդունելով Մոսկվայի պայմանագիրը, որով Հայաստանը կհրաժարվի Արևմտյան Հայաստանից»: Լոքմագոզյանը շեշտեց, որ Փաշինյանը կգնա դրան՝ անկախ նրանից, որ Թուրքիայից կա լրջագույն վտանգ՝ մասնավորապես ռազմական ներկայության տեսքով։

«Թուրքական զորքը Նախիջևանում է, իսկ Նախիջևանը Հայաստանից հեռու է ընդամենը մի քանի կիլոմետր, այնպես որ, Նախիջևանում թե էստեղ, այդքան էլ կարևոր չէ։ Հայաստանի համար դա սպառնալիք է, սպառնալիք է նաև Վրաստանի համար, որովհետև եթե Թուրքիան մեր հարցերը լուծեց, հասնելու է Վրաստանին, որովհետև Էրդողանը հայտարարում է, որ Բաթումն իրենցը պետք է լինի, որովհետև Օսմանյան Թուրքիայինն է եղել»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս