Գեղարքունիքի բնակիչը՝ մարզպետարանում բաժանված պարգևատրումների հետքերով

Գեղարքունիքի մարզի բնակիչ Վանո Կարապետյանը 168.am-ի խմբագրություն է ուղարկել Գեղարքունիքի մարզպետին ուղղված իր գրավոր հարցման պատասխանը, որով հետաքրքրվել էր, թե որքա՞ն են կազմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատողների (պահակից մինչև մարզպետ) պարգևատրումները և լրավճարները՝ 2018, 2019, 2020 թվականներին, և, թե ո՞ր աշխատողներն են պարգևատրում ստացել և ինչի՞ համար։

Մարզպետարանից հայտնել են․ «ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները 2018 թվականին պարգևատրում չեն ստացել, 2019 թվականին պարգևատրումը կազմել է 113535600 /մեկ հարյուր տասներեք միլիոն հինգ հարյուր երեսունհինգ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, իսկ 2020 թվականին պարգևատրումը կազմել է 101036941 /մեկ հարյուր մեկ միլիոն երեսունվեց հազար ինը հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ: Պարգևատրումը վճարվել է բոլոր աշխատակիցներին:

Ինչ վերաբերում է Ձեր հարցման երկրորդ մասին, ապա «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք՝ մարզպետ, մարզպետի տեղակալ և գլխավոր քարտուղար, ներկայացնում են տարեկան հայտարարագրեր: Նույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարագրերը հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում, որտեղից էլ կարող եք ծանոթանալ: Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Ձեր կողմից նշված այն պաշտոնատար անձինք, որոնք չեն ներկայացրել գույքի, եկամուտների մասին հայտարարագրեր, հայտարարություն են ներկայացրել, որ չեն ցանկանում իրենց անձնական տվյալները հրապարակել»։

Այս պատասխանը զայրացրել է Վանո Կարապետյանին․ մեզ հետ զրույցում նա նշեց, որ մարզի խնդիրները շատ են, և այն գումարները, որոնք տրվել են երեք տարիների ընթացքում, կարող էին ծառայել այդ խնդիրների լուծմանը․

«Օրինակ, շատ դպրոցներ կան մարզում, որոնք չունեն ջեռուցման համակարգեր, նավթի վառարաններով են տաքացնում, այդ գումարներով կարող էին լուծել այդ խնդիրները, և այլն։

Նշվում է նաև, որ բոլոր աշխատակիցներն են ստացել պարգևատրում․ որպես քաղաքացի՝ ես ասում եմ, որ պարգևատրումը լավ է և ճիշտ, սակայն պետք է իմանանք՝ մարդն ինչի համար է պարգևատրվում, ինչ աշխատանք է կատարել։ Այո, Հայաստանում աշխատավարձերը քիչ են, բայց պարգևատրում, ըստ իս, չպետք է բոլորը ստանան, պետք է մեխանիզմներ գտնել, ինչ-որ չափորոշիչներ դնել և ըստ այդմ՝ որոշել, թե ով է արժանի պարգևատրման»։

Ի դեպ, նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ 2018 թվականին մարզպետարանում պարգևատրումներ չեն ստացել․ «Եթե հիշում եք, 2018-ի առաջին հինգ ամիսները նախորդ իշխանության տարիներն են եղել: Այսինքն՝ նախորդ իշխանությունը հակված է եղել, որ չստանան»։

Տեսանյութեր

Լրահոս