Կամերային նվագախումբը և Արեգ Նավասարդյանը կներկայանան «Տարվա եղանակներ» խորագրով համերգով
Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Վահան Մարտիրոսյան) դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ հանդես կգա համերգային ծրագրով: Որպես մենակատար ելույթ կունենա ջութակահար Արեգ Նավասարդյանը:
«Տարվա եղանակներ» խորագրով երեկոն տեղի կունենա մայիսի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Ծրագրում Ա. Վիվալդիի «Տարվա եղանակներ» և Սիմֆոնիա սոլ մաժոր ստեղծագործություններն են:
Արեգ Նավասարդյանը միջազգային մրցույթների դափնեկիր է. Դեմիդովսկու անվ. 8-րդ մրցույթ (Եկատերինբուրգ, 2019, 2-րդ մրց.), New York International Artists Competition (ԱՄՆ, 2014, 2-րդ մրց.), American Protégé International Competition (ԱՄՆ, 2013, 1-ին մրց): Մասնակցել է տարբեր համերգների և փառատոնների Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ավստրիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում և ԱՄՆ-ում (Carnegie Weill Hall), Ջենովայում (Teatro Carlo Felice), ինչպես նաև UNESCO-ի կազմակերպած համերգներին:
Արեգ Նավասարդյանը վարպետության դասեր է առել Շլոմո Մինցից, Բորիս Կուշնիրից, Միհաելա Մարտինից, Պավել Վերնիկովից, Քշիշտոֆ Վեգրժինից, Դեյվիդ Չերոնիից, Զախար Բրոնից, Վիկտոր Դանչենկոյից և այլ հայտնի երաժիշտներից: