ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռները հետախուզություն են անցկացրել Ռուսաստանի սահմանների մոտ
ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական երկու ինքնաթիռ կիրակի օրը ժամեր շարունակ թռիչքներ են իրականացրել Սև ծովի վրայով Ռուսաստանի սահմանների մոտ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես հետևում է արևմտյան ավիացիոն ռեսուրսների մոնիտորինգից, ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E Aries II հեռահար ռադիոէլեկտրոնային հետախուզական ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Հունաստանի Կրետե կղզու Սոուդա ծովային ավիաբազայից, և ԱՄՆ ՌԾՈՒ P-8A Poseidon հականավակային պարեկային ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել իտալական Սիցիլիա կղզու Սիգոնելլա ավիաբազայից, մի քանի ժամ թռել են Ղրիմի ափերի մոտ:
Նախօրեին Ռուսաստանի սահմանների մոտ գրանցվել էին նաև երկու ամերիկյան հետախուզական ինքնաթիռների թռիչքները` ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135W ռազմավարական հետախուզական ինքնաթիռի և ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon պարեկային հակասուզանավային ինքնաթիռի: Դրանք թռել են Ղրիմի և Կրասնոդարի երկրամասի ափի երկայնքով: