Ալեքսանդր Խատիսյանի հանդիպումը հայ վաճառականների հետ` 1920 թվականին. Որքա՞ն գումարով օգնեցին նրանք Հայրենիքին
1918 թվականին, երբ հայ ժողովրդի համար բարդ ժամանակաշրջան էր, ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Առաջին Հանրապետությունն իր կարճատև գոյության հետ մեկտեղ՝ ունի նաև մեծ պատմություն։ Ցավալիորեն պետք է արձանագրել, որ մեր Առաջին Հանրապետության մասին քիչ են ժամանակակիցների կողմից գրված գրքերը, և այդ սակավ աշխատություններում ահռելի մանրամասներ են, որոնք այլ դիտանկյուն են բացում՝ հասկանալու համար մեր պետության կառավարման համակարգի և այլ մանրամասների մասին։ Մասնավորապես, Սիմոն Վրացյանի աշխատության կողքին պարտադիր է հիշատակել նաև Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» գիրքը, որում բացառիկ մանրամասներ կան Հայաստանի Առաջին Հանրապետության մասին։
1920 թվականի հունիսի 19-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 23-ը ճանապարհորդությամբ Եվրոպայում, Եգիպտոսում և Իզմիրում է լինում Ալեքսանդր Խատիսյանը։ Կառավարության բյուրոյի կազմում նա մեկնում է արտասահման, լինում է հայկական սփյուռքում։ Խատիսյանի նպատակներից մեկն էր՝ ստեղծել «Ոսկե հիմնադրամ», որը գործելու էր ի շահ Հայաստանի Հանրապետության։ Այդ ուղևորության ժամանակ Խատիսյանը տաբեր երկրներում հանդիպում է հայ մեծահարուստների, որոնց հետ հանդիպումների մանրամասները ներկայացնում է իր իսկ գրքում։ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում Խատիսյանը հանդիպումներ է ունենում վաճառականների հետ, որին ներկա են լինում նաև հայազգի մեծահարուստ վաճառականներ։ Այդ հանդիպման մասին Խատիսյանը գրում է.
«Հաւաքուեր էին 40 ի չափ ամենահարուստ եւ ամենաազդեցիկ ներկայացուցիչները հայ վաճառականական դասէն` Արշակ Միլեանի նախագահութեամբ։ Ներկա էին Միք. Արամեան, Դաւիթ Իւզբաշեան եղբարք Բաղդասարեաններ, Խաչ. Աֆրիկեան, եղբարք Սէյլանեաններ, Եղիա Մայիլեան եւ շատ ուրիշ աչքի ինկնող ներկայացուցիչներ հայ առեւտրա-արդիւնաբերական աշխարհի։…… Մէկ քանիներ կը մտածէին Ալեքսանդրապոլի եւ Երեւանի մէջ շաքարի եւ կաշիի գործարաններ բանալ։ Միւսները կուզէին Ղարաքիլիսայի մօտ ապակիի գործարան հիմնել։ Ուրիշներ կը խորհէին Հայաստանի զանազան վայրերու մէջ իրենց բանկաներու բաժանմունքներ բանալ»։ (Հատվածը վերցված է Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» գրքից։ Լիբանան, 1968, էջ 224-225)։
Խատիսյանի հաջորդ կանգառը լինում է Կ. Պոլիսը։ Կ.Պոլսում Խատիսյանը շատ ելույթներ է ունենում, որոնցում հիմնականում ներկայացնում է Հայաստանի կյանքի մասին մանրամասներ։ Այստեղ ևս Խատիսյանը հանդիպում է պոլսահայ վաճառականների հետ, ներկայացնում Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական վիճակը.
«Երբ փոխառութեան գաղափարը եւ բովանդակութիւնը բաւականաչափ բացատրուած էր հասարակութեան, տեղի ունեցաւ Հայկ. Ակումբի նիստը։ Այնտեղ հավաքուած էին հարիւրի չափ ականաւոր պոլսահայ վաճառականներ։ Ողջոյնի խօսք ըսաւ Ակումբի նախագահ Արսէնեանը, յետոյ խօսեցաւ տոքթ. Թորգոմեանը։ Այդ ժողովին մէջ ընտրուեցաւ փոխառութեան յանձնախումբը։ Վաճառականները հետաքրքրուած էին մեր փոխառութեամբ, Հայաստանի տնտեսական հեռանկարներով եւ եռանդագին հարցեր կու տային։…. Առանձին խօսակցութիւն ունեցայ հայ հարուստ Իբրանոսեանի հետ, որ ստորագրեց 50 000 թրքական լիրայի պարտատոմսեր։ Սակայն, երեք ամիս յետոյ ան Սոֆիայի մօտ գնացքի խորտակման զոհ դարձաւ, եւ ժառանգորդները չկատարեցին անոր խոստումը։ Խոշոր անախորժութեան տեղի տուաւ այդ երկու ամիս չթաղեցին անոր դիակը` սպասելով, որ ժառանգորդները կու տան խոստացուած գումարը, բայց չտուին եւ Իբրանոսեանը այնուամենայնիւ թաղուեցաւ»։ (Նույն տեղում` էջ 229):
Հատկանշական է, որ Թիֆլիսի և Պոլսի հայերի հետ հանդիպման հետ մեկտեղ՝ Խատիսյանը և հայկական պատվիրակությունը հանդիպումներ էր ունենում նաև մեծահարուստների հետ։ Երկու խմբերն էլ որոշեցին օգնել Հայրենիքին։ Այդ մասին ևս Խատիսյանը հիացմունքով է գրում և հստակ ընդգծում, թե որքա՞ն գումարով օգնեցին սփյուռքի հայերը.
«Հոս պետք է ըսեմ, որ թէ Պոլիս, եւ թէ Եգիպտոս եւ այլուր, հաւաքուած միլիոնները տուաւ ժողովուրդը, այսինքն չունեւորները եւ ոչ թէ առանձին հարուստները։ Վերջինները կը ստորագրէին գումարներ ոչ-համապատասխան իրենց կարողութեան։ Ընդհանուր առմամբ Պոլսոյ Հայերը ստորագրեցին 2 միլիոն ֆրանկէն աւելի. Այս գումարները հետագային վերադարձուեցան իրենց տէրերուն մինչեւ վերջին սանտիմ»։ (Նույն տեղում` էջ 229)։
Թերևս Խատիսյանի Պոլսի և Թիֆլիսի հանդիպումները Եվրոպա և այլն երկրներ կատարած այցելության այն փոքրիկ նմուշներն են, որոնցում տեսնում ենք պետության հիմքում կանգնած մարդկանց կատարած ազնիվ ու նվիրված աշխատանքը։ Այդ հանդիպումներով նրանք փորձում էին օգնել պետությանը, Հանրապետության զարգացման հիմքում դնել նաև սփյուռքի ներուժը։ Համեմատականներ տանելով՝ տեսնում ենք, որ ժամանակակից Հայաստանը գրեթե նույն կերպով փորձում էր սփյուռքի ներուժով զարգացնել հայրենիքը։ Սակայն արդյունքում՝ մենք ունենք քանդված հայրենիք և անհայտացած գումարներ։ Խատիսյանը և մյուսներն իրենց կյանքով և կենսագրությամբ օրինակ ծառայեցին, թե ինչպես կարելի է նվիրվել հայրենիքին, նրա նկատմամբ ազնիվ լինել և կառուցել պետություն։ Առաջիկայում կանդրադառնանք Խատիսյանի մյուս հանդիպումներին ու զրույցներին հայ և մեծահարուստ մարդկանց հետ։
Զ. Շուշեցի