Ինձ ստիպում են, որ քաղաքական հայացքներս թողնեմ, որ Տիգրանաշենից հեռու մնամ․ Տիգրան Եղոյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ  ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր՝ սեպտեմբերյան պատերազմի ակտիվ մասնակից, ֆերմեր Տիգրան Եղոյանը մի խումբ երիտասարդների հետ փորձել է հաստատվել Տիգրանաշեն (նախկինում Քյարքի) գյուղում՝ իրենց իսկ միջոցներով ձեռք բերված տանը, սակայն ոստիկանությունը նրանց դուրս է հանել գյուղից, իսկ Տիգրանին ձերբակալել և քաշքշելով բերել Երևան։

«Տիգրանն ու նրա ընկերները ընդգրկված են «Ազատություն» կուսակցության ցուցակներում։ Բացի այն, որ նրանց ձերբակալած ոստիկանների մեջ չկա մեկը, որն այդ տղաների չափ գործ արած լինի իր հայրենիքի համար, անհասկանալի է հողատու Նիկոլի կողմից հանձնվող գյուղը պաշտպանելու եկած երիտասարդին քաշքշելը, հայհոյելն ու ձերբակալելը։ Սա նաև սադրանք է խափանելու «Ազատություն» կուսակցության գրանցումը»,- գրել էր Հրանտ Բագրատյանը։

Տիգրան Եղոյանը 168.am-ի հետ զրույցում մեզ տեղեկացրեց՝ առավոտյան իրեն բաց են թողել, սական չգիտի, թե ինչու են իրեն բերման ենթարկել. «Որևիցե բան չեն ասել․ ուղղակի ինձ ստիպում են, որ քաղաքական հայացքներս թողնեմ, չզբաղվեմ քաղաքականությամբ, որ Տիգրանաշենից հեռու մնամ, և այլն»։

Այդուհանդերձ, մեր զրուցակիցը նշեց՝ չի պատրաստվում լքել Տիգրանաշենը։ Նա պնդում է, որ այն հեթանոսական ժամանակներից հայկական հոգևոր կենտրոն է եղել, իսկ այժմ այնտեղ բնակվում է շուրջ 30 ընտանիք, որոնք, նրա խոսքով՝ ծայրահեղ ծանր և հիասթափված վիճակում են։

Ֆերմերը որոշում է կայացրել այնտեղ տուն ձեռք բերել ու պաշտպանել գյուղը, սակայն նրա հավաստմամբ՝ տունը չեն գրանցում․ «Բնակչի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, վճարը կատարվել է, բայց չեն գրանցում տունը։ Ես նորից եմ կրկնում՝ ինձ չէր էլ մտահոգում՝ դա գրանցվո՞ւմ է, թե՞ չի գրանցվում, որոշումը կայացրել եմ, որ ես նախապատրաստում եմ Քյարքիի ինքնապաշտպանական շարժումը։

Արարատին մարզպետին եմ զանգահարել, տեղյակ եմ պահել, որ, պարո՛ն Թևոնյան,  ուշքի եկեք, ես ուզում եմ, որ այդ բնակարանը գրանցեք․ ասել են՝ այդպիսի բան չկա, չեն գրանցում։ Եթե չեն գրանցում, ուրեմն ենթադրությունը թողնում եմ մոլորված իմ ազգին, այն հատվածին, որ Փաշինյան կոչված անբարոյականին այսօր Հիսուսի տեղն են դրել»։

«Պատրաստել ենք արդեն խաչքար Արցախյան զոհերի համար, և այդ խաչքարը պետք է տեղափոխենք Տիգրանաշեն։ Տիգրանաշենը պետք է մնա, Տիգրանաշենը, ես խոսք եմ տալիս իմ ազգին, չի հանձնվելու․ Տիգրանաշենը կհանձնվի ինձ նման 130 կամավորականների մահով։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ։

Պաղեստինն իր իրավունքն է պաշտպանում առանց պետության, մենք պետություն, պետականություն ունենք, բայց կորցնում ենք․ ի վերջո, ազգը պետք է գիտակցի՝ Նիկոլ Փաշինյանը անբարոյական կապիտուլյանտ վիժվածք է, և նա պետք է պատասխան տա։ Ես դիմում եմ բոլոր ընդդիմադիրներին, հերիք է Երևանում կանգնեք՝ միտինգներ անեք, ոտքի՛ ամբողջ ազգով, շարժվեք այդ գյուղերը»,- եզրափակեց Տիգրան Եղոյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվեցին չհրապարակված դեմարկացիայի աշխատանքներ, որոնք իշխանական շրջանակներն անվանում էին «սահմանային ճշգրտումներ»։ Այս «ճշգրտումների» հետևանքով Սյունիքի մարզի մի շարք համայնքներ հայտնվեցին թշնամու թիրախում:

Դեկտեմբերին արդեն Կապան-Գորիս միջպետական ճանապարհին հայտնվեց «Բարի Գալուստ Ադրբեջան» ցուցանակը, ապա նաև GPS համակարգով որոշվեցին նոր սահմանները,  որի հետևանքով հիշյալ գյուղերից թաղամասեր անցան Ադրբեջանին, ու արդեն  հայտնվեցին ադրբեջանական նոր ցուցանակներ:

Հենց այդ  օրերին արդեն Տիգրանաշենի (նախկին՝ Քյարքի) բնակիչները անհանգստանում էին, որ GPS-ի վտանգը չհասնի իրենց գյուղին՝ հաշվի առնելով խորհրդային քարտեզների մասին պնդումները։

Նկատենք՝  1995 թ. ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում Տիգրանաշենը նշված է Արարատ մարզի համայնքների ու բնակավայրերի ցանկում՝ Պարույր Սևակ գյուղի հետ:

Թեման այս օրերին նորից սկսել է մտահոգել հասարակությանը․ Պատճառը՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ աղմկահարույց փաստաթուղթն էր, որը երեկ հանրայնացվեց Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից։ Միքայել Մինասյանի հրապարակումից դրդված՝ այս փաստաթղթին անդրադարձավ նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ ամենևին չհերքելով դրա առկայությունը։

Տեսանյութեր

Լրահոս