«Կաշկանդված բառն առհասարակ իմ տեսակից հեռու է. թող ինձ տանեն, այստեղ շատ մարդիկ են կանգնած». Առուշ Առուշանյանը՝ ՔԿ–ից ծանուցում ստանալու մասին
Գորիսիս համայնքապետ Առուշ Առուշանյանը մայիսի 20-ին ծանուցում է ստացել ներկայանալու Քննչական կոմիտե, թե ինչո՞ւ՝ Առուշ Առուշանյանը տեղյակ չէ։
168.am–ի հետ զրույցում Առուշանյանն ասաց, թե տեղյակ չէ՝ որտեղից են լրատվամիջոցներն այդ տեղեկատվությունն այդքան արագ իմացել։
«Ինձ կանչել, ծանուցում են տվել, պոստերից իջել, ստացել եմ, նորից բարձրացել եմ։ Ծանուցման մեջ գրված է, որ ներկայանամ երկուշաբթի օրը, բայց դեռ չգիտեմ՝ երբ կներկայանամ, որովհետև՝ կապված իրավիճակի հետ, հնարավոր է՝ չգնամ, եթե վիճակը ստաբիլ եղավ՝ կգնամ, եթե ոչ՝ չեմ գնա, օրը թող փոխեն, հետո կգնամ։ Տեղյակ չեմ ինչու են կանչել Քննչական»,- նշեց Առուշ Առուշանյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ իր ակտիվ գործունեության հետ է կապված, մասնավորապես, որ այս օրերին դիրքերում է, Առուշ Առուշանյանը պատասխանեց, որ դժվարանում է ասել՝ իր դիրքերում գտնվելու և Քննչական կոմիտեից ծանուցում ստանալու միջև կապող օղակ չի կարողանում գտնել։
«Զանգահարել են, իջել եմ՝ ծանուցումը վերցրել եմ, չեմ էլ ուզում շատ դետալների մեջ մանրանալ»,- հավելեց նա։
Կկաշկանդի՞ այս ամենն իր ակտիվ գործունեությանը, կշարունակի՞ բարձրաձայնել իշխանությունների թերությունների ու անգործության մասին՝ հարցերին, Գորիսի համայնքապետը պատասխանեց.
«Այդ կաշկանդված բառն առհասարակ իմ տեսակից հեռու է։ Այս պոստերում հո միայն ես չեմ, այսօր հարյուրավոր մարդիկ են կանգնել իրենց հայրենիքը պաշտպանելու, թող ինձ տանեն, այստեղ շատ մարդիկ են կանգնած։ Այսինքն՝ այնպես չէ, որ ինձ տարան, ինչ-որ բան կարող է փոխվել։ Ես որպես ՀՀ քաղաքացի, այստեղ ծնված մարդ, իմ պոստերն եմ պահում, խնդիրը ո՞րն է»։
Ինչ վերաբերում է սահմանայաին ընդհանուր իրավիճակին ու բանակցությունները վերսկսելու ժամկետներին, Առուշ Առուշանյանն ասաց, որ ինքը բանակցային գործընթացներին մասնակցություն չունի, իսկ սահմանային վիճակում որևէ փոփոխություն չկա։
«Փաստն այն է, որ թշնամին 3-3,5 կիլոմետր առաջ է եկել, մենք էլ գնացել՝ իրենց դիմաց կանգնել ենք, մինչև այժմ նույն վիճակն է, թուրքերի հետ մի քանի մետրի վրա կանգնած ենք»,- եզրափակեց Առուշ Առուշանյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։