«Գյուղի 3 կողմում թշնամին է, թե կրակոցները ո՞ր սարում, ո՞ր պոստում են եղել, չենք լսել»․ Կութի գյուղապետ
Րոպեներ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ կրակոցներ են եղել, լուրը հաստատել են նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Պաշտոնական հայտարարությունը կտարածվի ավելի ուշ»,- ասել էին ՊՆ-ից:
168.am-ը Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանից հետաքրքրվեց, թե կրակոցները կոնկրետ ե՞րբ, ո՞ր ժամին են եղել․
«Այդ կրակոցները մենք չենք լսել, ես գրասենյակում նստած եմ եղել, ինձ արդեն զանգել հարցրել էին՝ ի՞նչ կրակոցներ են, դուրս եկա, մի մարդ կար կանգնած, հարցրի, ասաց՝ ոչ մի կրակոց չեմ լսել։ Հիմա, թե ո՞ր տարածքում է եղել, ո՞ր սարում է եղել, ո՞ր պոստում, մենք չենք լսել։ Մեր հատվածը երեք կողմով իրենք են, գյուղի երեք կողմից թշնամին է մեր դեմը՝ դեպի Քարվաճառ, իրենք են, ձախ կողմում իրենք են, աջ կողմում իրենք են, միգուցե մի պոստում մի բան եղել է, բայց մենք չենք լսել, այստեղ չի նկատվել ոչ մի շարժ․․․»։
Իսկ արդյոք մարզպետը, կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ կա՞ն գյուղում, հարցրեցինք Սիմա Չիտչյանից.
«Չէ, չէ, նաղդի երեկ, այսօր չեն եկել․․․»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե դրանք իր տարածքներն են, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։