Դատավորների խոցելիության ստուգման հանձնաժողովը՝ դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնելու նոր մարմին
Ազգային ժողովի պաշտոնական կայքում շրջանառության մեջ է դրվել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի՝ ՀՀ-ում դատական իշխանություն իրականացնող պաշտոնյաների խոցելիության ստուգման (վեթինգ) մասին նախագիծը:
Այս նախագծի նպատակն է՝ ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ ստուգելու ՀՀ-ում գործող բոլոր դատավորների, ԲԴԽ ոչ դատավոր անդամների խոցելիության աստիճանը «նրանց լիազորությունների կատարման վրա հնարավոր ոչ պատշաճ ազդեցության ռիսկերը վերհանելու, գնահատելու և դատավորների պաշտոնեական գործունեության մեջ այդ ռիսկերի նյութականացումը կանխելու միջոցով»:
Նախագծում հստակ նշված է, որ այս օրենքի կարգավորման առարկան չի հանդիսանում դատավորների մասնագիտական որակների, պիտանելիության ստուգումը, փորձելու են պարզել դատավորների մոտ նրանց «կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայությունը»:
Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ դատավորների մեծ մասը տիրապետում է նյութական և դատավարական օրենսդրությանը, ուստի դրա ուսումնասիրությունն «անհարկի երկարացնելու է գործընթացը»:
Չնայած նախագծում նշված է, թե Խոցելիության ստուգման հանձնաժողովի ուսումնասիրած և/կամ հաստատած փաստերն ու որոշումները չեն կարող հիմք դառնալ դատավորների մասնագիտական գործունեության գնահատման այլ ընթացակարգերի շրջանակներում կատարվող գործողությունների և կայացվող որոշումների, կայացված և օրինական ուժի մեջ մտած ակտերի վերանայման համար, այդուհանդերձ, ստուգման ընթացքում հաստատված փաստերը հանձնաժողովը կկարողանա ուղարկել ԲԴԽ՝ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:
Այս հանձնաժողովը դատավորների կայացրած ակտերն էլ ուսումնասիրելու է ոչ թե դրանց օրինականությունը, այլ դատավորի վարքագիծը գնահատելու համար:
ՀՀ Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ, Վերաքննիչ, Սնանկության, Վարչական, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորներն ու ԲԴԽ ոչ դատավոր անդամները պարտավոր են իրենց խոցելությունը ստուգելու համար դիմել տվյալ հանձնաժողովին:
Հանձնաժողովին դիմելու գործընթացը սկսվելու է այս օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 45 օր հետո: Իսկ եթե վերոհիշյալ շարքից որևէ մի դատավոր կամ ԲԴԽ ոչ դատավոր անդամ հանկարծ որոշի խոցելիության ստուգման խնդրանքով չդիմել հանձնաժողովին, ապա հանձնաժողովը կկայացնի «Դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայության մասին եզրակացություն»:
Նախագծի հեղինակները նախատեսել են նույն մոտեցումը ցուցաբերել դատավորին վեթինգի ենթարկելու մասին դիմում ներկայացնելիս և դիմումի ստուգման ընթացքում:
«Այստեղ՝ կիրառում ենք այն հանրահայտ սկզբունքը (waiver of a right through behaviour), որ եթե անձը, հստակ գիտակցելով իր վարքագծի, տվյալ դեպքում՝ դիմում չներկայացնելու հետևանքը, դրսևորում է այդ վարքագիծը, ապա նա համաձայն է դրա հետևանքների հետ, մասնավորապես, որ այդ վարքագիծը հանգեցնելու է Հանձնաժողովի բացասական եզրակացության»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Հանձնաժողովը, որի գործունեության ժամկետը սահմանված է երկու տարի, կայացնելու է դատավորի՝ իր կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայության կամ բացակայության մասին որոշում, ապա այն փոխանցելու է ԲԴԽ-ին՝ խոցելիության առկայության դեպքում այդ փաստը որպես դատավորի՝ լիազորությունները դադարեցնելու հիմք ներկայացնելու և դատավորի՝ լիազորությունների դադարեցման մասին որոշում կայացնելու համար:
«Հնարավոր է փաստարկ, որ, եթե հարցը լուծում է ԲԴԽ-ն, ապա նման անհամատեղելիության եզրակացություն կարող է տալ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Սակայն այստեղ կարևոր է այն գործիքակազմը և ընթացակարգը, որով անցկացվում է համատեղելիության ստուգումը Վեթինգի հանձնաժողովում, մասնավորապես՝ դատավորի համար արդար դատաքննության երաշխիքների ապահովումը, որի պարագայում Վեթինգի հանձնաժողովի որոշումները ձեռք են բերում հիմնավորվածության ավելի մեծ կանխավարկած: Փաստացի, ստեղծում ենք մի իրավիճակ, երբ Վեթինգի հանձնաժողովը դատարան չէ (քանի որ տալիս է եզրակացություն, այլ ոչ թե կայացնում է որոշում), իսկ ԲԴԽ-ն, որը դատավորի լիազորությունների դադարեցման հարցով, ըստ Սահմանադրության, դատարան է, ստիպված է լինելու իր իրավասության ներքո հարցը քննելիս գործ ունենալ շատ ավելի ծանրակշիռ եզրակացության հետ»,- նշված է հիմնավորման մեջ:
Նախագծի հեղինակներն առաջարկում են նաև փոփոխություններ կատարել մի քանի այլ օրենքներում, որպեսզի դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայությունը դիտարկվի՝ որպես դատավորի կամ ԲԴԽ ոչ դատավոր անդամի լիազորությունների դադարեցման հիմք:
Հանձնաժողովը բաղկացած է լինելու 6 անդամից, որոնցից 3-ը լինելու են առնվազն 10 տարվա փորձ ունեցող իրավաբաններ, 3-ը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքի առնվազն 10 տարվա փորձ ունեցող քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք ՀՀ քաղաքացի են և վերջին 5 տարվա ընթացքում մշտապես բնակվել են ՀՀ-ում: Նախատեսվում է, որ նրանց կառաջադրեն ու կընտրեն ԱԺ խմբակցությունները՝ ԲԴԽ-ի անդամների ընտրության համար սահմանված կարգով: Հանձնաժողովը կֆինանսավորվի ՀՀ պետական բյուջեից, անդամներն էլ կստանան ՍԴ նախագահի դրույքաչափին հավասար աշխատավարձ: